«ՄԵՐ ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՆՔՆ ՈՒ ԱՂԲՅՈՒՐԸ…»
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցեց «Ну ка, все вместе» վերտառությամբ մրցույթին ու հաղթելով բոլոր մրցակիցներին՝ արժանացավ առաջին մրցանակին: Սյուզաննա Մելքոնյանը իր հաղթանակը նվիրել է Արցախյան վերջին պատերազմի հերոսներին:
-Մեր պարտությունն ու կորուստները վերջին պատերազմում բոլորովին չեն նսեմացնում հերոսների սխրանքը: Աշխարհում չկա մի ազգ, որն իր դարավոր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ պարտված չլինի: Ես խաղաղ ու անխուճապ եմ նայում այս պարտությանը, վստահ, որ միշտ թունելի ծայրում լույս է վառվում, որքան էլ թունելը երկար լինի, միշտ խավարին հաջորդում է լույսը: Կարևորն այն է, որ մենք չենք կորցրել հայրենիքի ազատության, մեր ազգային արժանապատվության, մեր ինքնիշխան կեցության համար կռվելու ու զոհաբերվելու պատրաստակամությունը: Սա մեր գալիք հաղթանակների հենքն է ու աղբյուրը: Ուստի, մենք պարտավոր ենք ազգովի դառնալ մեր եղբայրների, որդիների, հայրերի հերոսության բաժնեկիցն ու բարձր պահել մեր ազգային ոգին:
-Այսքան կորուստներից հետո կարելի՞ է բարձր պահել ազգային ոգին:
-Իհարկե, քանի որ դրանք անփառունակ կորուստներ չեն եղել, մեր տղաները զոհվել են՝ փառքի ու հերոսության էջեր նվիրելով մեր պատմությանը: Ես իմ փոքրիկ մշակութային հաղթանակը դնում եմ նրանց մեծ հաղթանակի նժարին:
Մենք ունենք կորցրածը մի բան էլ ավելի հետ բերելու բոլոր հնարավորությունները, եթե այսուհետև ապրենք մեր հայրենիքը զորացնելու պարտավորվածությամբ, երբ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, Հայաստանը համարի իր տունը ու միանա այդ տունը անառիկ, հզոր ու անկորուստ պահելու համազգային ջանքին:
-Սյուզաննա ջան, նախքան մրցույթին անդրադառնալը, մի փոքր պատմեք Ձեր մասին, ումի՞ց եք ժառանգել երգելու ձիրքը, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել:
-Ես արմատներով Գեղարքունիքի մարզից եմ, բայց ապրել ու ապրում եմ Երևանում: Ծնողներս արվեստագետներ չեն, բայց շատ մերձ են մշակույթին: Մեր ընտանիքում ընդունված է եղել համերգ, թատրոն գնալը: Երգելու ձիրքը ժառանգել եմ տատիցս: Նա գեղեցիկ ձայն ուներ ու երգում էր հայկական ժողովրդական երգեր: Ես մեծացել եմ՝ այդ երգերը ականջներիս մեջ: Տատս ցանկացել է մեծ երգչուհի դառնալ, երազել է մեծ բեմերում երգել, բայց ամուսնությունից հետո հանգամանքները ստիպել են հրաժարվել այդ երազանքից, եւ նա ուզում էր իր երազանքը իրականացած տեսնել թոռնուհու, այսինքն՝ իմ միջոցով: Ես բնատուր արտիստիկ խառնվածք ունեի, երգում էի, պարում, արտասանում, ներկայացումներ բեմադրում: Ուզում էի երգող դերասանուհի դառնալ և ընդունվեցի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սովորեցի Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում: Բախտավոր եմ, որ անցել եմ Երվանդ Ղազանչյանի դասական թատերական դպրոցը ու ահռելի գիտելիք, հույզեր, վարպետության դասեր ու բարոյահոգեբանական ուղղորդումներ ստացել նրանից: Հետո, երբ ես որոշեցի ոչ թե դերասան, այլ երգչուհի դառնալ, հասկացա, թե Երվանդ Ղազանչյանի դպրոցը որքան շատ բան է տվել ինձ:
-Դուք մոտավորապես տասներեք տարի երգարվեստում եք, ինչո՞վ եք զբաղվել այդ ընթացքում և ի՞նչ հաջողություններ եք արձանագրել:
-Ես շատ եմ աշխատել ու շատ եմ աշխատում: Ինձ համար աշխատելը բնական վիճակ է, իմ օրը գերհագեցած է եղել միշտ: Աշխատել ասելով՝ միայն երգելը նկատի չունեմ, ես ինքնակրթվում եմ ամեն օր, որովհետև լավ ձայն ունենալը դեռ քիչ է բեմ բարձրանալու ու մարդկանց հետ խոսելու համար. պիտի ասելիք ունենաս:
-Ի՞նչ եք հասկանում՝ ինքնակրթվել ասելով:
-Ես միշտ կարդում եմ, ես հետևում եմ համաշխարհային գրականության նորություններին, սիրում եմ կարդալ հոգեբանական գրքեր, ի դեպ, ոչ թե սենսացիաների ու զվարճանքի դաշտից, այլ լուրջ, գիտական աշխատություններ: Ես հետաքրքրվում եմ բացառապես մեր իրականության բոլոր ոլորտներով:
Ինչ վերաբերում է մասնագիտական ձեռքբերումներին, ես բազմաթիվ հեղինակավոր մրցույթների եմ մասնակցել, գրավել եմ մրցանակային տեղեր, հաղթել եմ: «Ну ка, все вместе» մրցույթին պատրաստվել եմ մեկ տարի:
Ես երրորդ եթերաշրջանի հաղթողն եմ: Ի դեպ, այս եթերաշրջանը նախորդներից տարբերվում էր նրանով, որ շատ էին արտասահմանցի երգիչները, ու մասնակցում էին նաև նրանք, ովքեր հաղթել են իրենց երկրներում կազմակերպված նույնանուն մրցույթներում: Մանավանդ եզրափակիչ անցածները շատ ուժեղ էին:
-Դուք շատ հուզված էիք, եզրափակիչ ելույթից առաջ նույնիսկ լացակումեցիք, երբ ասում էիք՝ ձեզ համար կերգի իմ հոգին:
-Ես միշտ հիշում եմ, որ իմ կյանքի, իմ ապրած յուրաքանչյուր րոպեի, իմ հաղթանակների ու ձեռքբերումների համար պարտական եմ այն տղաներին, որոնք մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում զոհվել են, որ աշխարհի քարտեզի վրա լինի Հայաստան պետություն ու ինքնիշխան հայ ազգ: Ես նախապես էի որոշել, որ եթե հաղթեմ, այդ հաղթանակը նվիրելու եմ մեր այն հազարավոր տղաներին, որոնք տակավին պատանի՝ զրկվեցին կյանքից՝ հանուն սեփական երկրի ու ժողովրդի ազատության: Ես շատ էի ուզում հաղթել: Ես ուզում էի, որ Հայաստան անվան կողքին հնչի Հաղթանակ բառը…
-Սյուզաննա ջան, Ձեզ նոր հաղթանակներ ու անվերջ վերելք եմ մաղթում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #18 (1389) 12.05.2021 - 18.05.2021, Հոգևոր-մշակութային