Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՄՊԵՐԸ ՈՏՔԵՐԻՍ ՏԱԿ ԷԻՆ, ԻՍԿ ԻՄ ԴԻՄԱՑ… ԱՐԱՐԱՏՆ ԷՐ». ՔՐԻՍՏԻՆԱ ԻԼԻԿՉՅԱՆ



«ԱՄՊԵՐԸ ՈՏՔԵՐԻՍ ՏԱԿ ԷԻՆ, ԻՍԿ ԻՄ ԴԻՄԱՑ... ԱՐԱՐԱՏՆ ԷՐ». ՔՐԻՍՏԻՆԱ ԻԼԻԿՉՅԱՆԴեռևս Արցախյան ազատամարտի տարիներին աստիճանաբար ներդրվեց որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայությունը, որում ընդգրկված անձինք մարզում և պատրաստում էին զինվորականներին։ Բանակային կարևորագույն այդ ստորաբաժանումների մարզման գործում իր մեծագույն ավանդն ունի նաև մայոր Քրիստինա Իլիկչյանը, որի հաշվարկում կա 2191 թռիչք: Հիրավի ռեկորդային արդյունք կնոջ համար, որին անշուշտ կնախանձեին անգամ տղամարդ պարաշյուտիստները:

 

-Աշակերտներին օդային տարբեր մարզաձևերում ներգրավելու նպատակով դպրոց տեսուչներ էին եկել։ Դասարանի մեծ մասն ընտրեց պարաշյուտադեսանտային մարզումները։ Իհարկե, առաջին թռիչքը կատարելուց հետո շատերը հրաժարվեցին շարունակել։ Առաջին թռիչքից ես էլ առանձնապես տպավորված չէի։ Ինքս ինձ մտածում էի՝ արդյոք ուզո՞ւմ եմ շարունակել, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, ցանկությունս հաղթեց։

Ինձ հետագայում ներգրավեցին հավաքականում։ Թռիչքները գնալով բարդանում էին, իսկ հետաքրքրությունը՝ մեծանում։ Հետագայում սկսեցինք մրցել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։

1992 թ. ԽՍՀՄ բանակում էի։ Երբ արդեն Հայոց բանակը կազմավորվեց, ծառայությունս շարունակեցի այստեղ։ Սկզբնական շրջանում կատարում էինք տարբեր աշխատանքներ։ Մութ ու ցուրտ տարիներին ծառայությունը այնպես էր անցնում, որ, հնարավոր էր, երեկոյան զանգեին ու ասեին, թե պարաշյուտ է պետք պատրաստել։ Մենք փոքր լապտերիկներով սկսում էինք աշխատել։

-Ինչպե՞ս ընդունեցին հարազատները Ձեր որոշումը։

-Նրանք սկզբում չէին հավատում։ Երբ առաջին անգամ նրանց ասացի՝ ուզում եմ պարաշյուտով թռչել, մայրս ասաց՝ փորձի՛ր։ Հետագայում թռիչքները շատացան։ Մայրս ասաց, որ արդեն սովորություն եմ դարձրել, և սկսեցին արգելել։ Տանից փախչում էի (ծիծաղում է)։ Դասերից անմիջապես հետո գնում էինք Արզնիի օդանավակայան՝ մարզումների։ Երբ սկսեցի ավելի լրջորեն զբաղվել՝ կամաց-կամաց համակերպվեցին։

-Եթե ոչ պարաշյուտադեսանտի, ապա այլ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

«ԱՄՊԵՐԸ ՈՏՔԵՐԻՍ ՏԱԿ ԷԻՆ, ԻՍԿ ԻՄ ԴԻՄԱՑ... ԱՐԱՐԱՏՆ ԷՐ». ՔՐԻՍՏԻՆԱ ԻԼԻԿՉՅԱՆ-Միանշանակ կդառնայի ուղղաթիռի օդաչու։ Ցավոք սրտի, հիմա չեմ կարող զբաղվել, արդեն ուշ է։

-Ձեր որդին շարունակո՞ւմ է արդյոք արդեն «ընտանեկան» դարձած Ձեր գործը։

-Տղաս ունի ավելի քան 160 թռիչք։ Շատ լավ էր ստացվում, բայց ընտրեց մեկ այլ մասնագիտություն։ Փոքր ժամանակ ուզեր-չուզեր՝ մեզ հետ էր՝ կա՛մ Արզնիի օդանավակայանում, կա՛մ զորամասում։

-Ի՞նչ հիշարժան դեպքեր կարող եք հիշել։

-Անշուշտ, առաջին թռիչքս երբեք չեմ մոռանում, բայց ամենատպավորիչը Սարդարապատի միջոցառումն էր։ Մենք պետք է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո հայկական դրոշը օդից իջեցնեինք և «փոխանցեինք» հաջորդ սերնդին։ Այդ ժամանակ ուժգին քամու պատճառով դժվար էր թռչելը։ Բացի այդ, տարածքը փոքր էր, իսկ մենք պետք է ճիշտ տեղում վայրէջք կատարեինք։ Հաջողեցինք։ Եվ շատ տպավորիչ էր վայրէջքը։

Հիշարժան էր նաև «Էրեբունի» օդանավակայանից կատարած իմ թռիչքը. երբ օդում էի, ամպերն անմիջապես ոտքերիս տակ էին. թվում էր, թե քայլում եմ դրանց վրայով: Իսկ իմ դիմաց …Արարատն էր։

…Իմ մարզիչը ամուսինս է եղել։ Բայց այն ժամանակ չգիտեի, որ ամուսինս է լինելու. ես 14 տարեկան էի (ժպտում է)։ Նա առաջինն էր, որը ստեղծեց բացառապես հայերից կազմված թիմ։ Հայաստանի հավաքականի առաջին մրցումները պետք է լինեին։ Իմ մասնակցությունը հավաքականի կազմում պատահական ստացվեց։ Քաշի պատճառով ինձ չէին ընդգրկել հիմնական կազմում։ Աղջիկներից մեկը նախապատրաստական պարապմունքների ժամանակ ոլորել էր ոտքը և չէր կարող մասնակցել մրցմանը։ Եվ որոշեցին, որ նրան ես պետք է փոխարինեմ։ Մենք շատ լավ մասնակցեցինք մրցումներին. հաղթեցինք վրացիներին, ադրբեջանցիներին, թուրքմեններին և առաջին մրցման համար բավականին լավ արդյունք գրանցեցինք։ Հետագայում միջազգային մրցումների ժամանակ աղջիկներով կարողացանք զբաղեցնել 3-րդ հորիզոնականը։

Ինչպես նշեցի, ամուսինս է իմ մարզիչը եղել։ Միշտ համբերատար սովորեցնում էր, հարկ եղած դեպքում՝ պատրաստակամորեն  նույն բանը կրկին բացատրում բոլորիս։ Հետո, երբ մասնագիտության բերումով սկսեցի ծառայել, նա ինձ էլի որոշ բաներ պետք է սովորեցներ։ Եվ այդ ընթացքում միմյանց նկատմամբ մեր համակրանքը վերածվեց ավելի մեծ զգացմունքի… Եվ մենք ընտանիք կազմեցինք: Եվ ահա 30 տարի ապրում ենք հաշտ ու համերաշխ…

-Տիկին Իլիկչյան, ես գիտեմ, որ Դուք երկար տարիներ զբաղվել եք նաև դասախոսական աշխատանքով:

-Մինչև վերջերս էլ դասավանդում էի մեր ռազմական՝ Վազգեն Սարգսյանի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան համալսարաններում: Միևնույն ժամանակ, պարաշյուտային թռիչքի դասընթացներ ու գործնական պարապմունքներ էի անցկացնում հատուկ նշանակության ստորաբաժանումներում, Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների հետ…

-Այժմ շարունակո՞ւմ եք ծառայությունը:

-Այո, այնտեղ, որտեղ որպես շարքային եմ սկսել՝ ավիացիոն զորամասերից մեկում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա պարաշյուտադեսանտայիններին։

-Նախանձախնդրորեն, անտրտունջ հասնել նպատակին։

ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի

Խորագիր՝ #18 (1389) 12.05.2021 - 18.05.2021, Ազգային բանակ


13/05/2021