ՄՐՑԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ
Դեկտեմբերի 1-ին Տիգրան Մեծի, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանների եւ Փոքր Մհեր կրթահամալիրի սաները մասնակցեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության կազմակերպած Հայոց պատմության թեմայով մրցույթ-ստուգատեսին: Մասնակիցները հյուրընկալվել էին Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում, որտեղ նրանց դիմավորեցին «Հաղթանակը` արժանավորին» պաստառով: Ստուգատեսի հարցաշարը, որը կազմել էր ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Մարտիրոսյանը, վերաբերում էր հայոց պատմության ամենանշանավոր, արժանահիշատակ էջերին՝ Հայկ Նահապետից մինչեւ Արցախյան պատերազմ:
«Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի ուսմասվար գնդապետ Խաչատրյանը ողջունեց մասնակիցներին եւ նշեց, որ հայոց պատմությունը պարտավոր են իմանալ բոլորը, մանավանդ ռազմական վարժարանի սաները, քանի որ ընտրել են հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը եւ պետք է պաշտպանեն ու սերունդներին փոխանցեն հզոր Հայաստան: Նաեւ ավելացրեց, որ մրցույթ-ստուգատեսը ծանոթանալու եւ շփվելու լավ առիթ է:
Մասնակիցների գիտելիքները գնահատում էին ժյուրիի անդամները՝ ՀՀ ՊՆ Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը, ՀՀ ՊՆ Սարդարապատի հուշահամալիրի, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Մ.Հակոբյանը, հայոց պատմության ուսուցիչ, երիտասարդ պատմաբան Վարդան Քերոբյանը, իսկ ժյուրիի նախագահն էր ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը:
Մրցույթը սկսվեց տնային առաջադրանքից: Թիմերի ներկայացուցիչները ժյուրիի դատին հանձնեցին իրենց շարադրությունները՝ «Պետական, քաղաքական ո՟ր գործչին կուզեի նմանվել» թեմայով: Հետաքրքիր եւ ինքնատիպ էին բոլոր շարադրությունները, բայց ժյուրին նախապատվությունը տվեց «Մոնթե Մելքոնյանի» անվան վարժարանի թիմին: Ֆ.Պողոսյանը բացատրեց՝ իրենք ուշադրություն են դարձրել ոչ միայն բովանդակությանը, այլեւ խոսքին տիրապետելու ունակությանը. «Դուք ապագա զինվորականներ եք, ձեր խոսքը պետք է լինի խրոխտ եւ համոզիչ»:
Մրցույթի երկրորդ, երրորդ եւ չորրորդ փուլերում թիմերը պատասխանեցին հայոց պատմությանը վերաբերող երկուական հարցի: Ներկայացրին, թե ինչ գիտեն ՀՀ զինանշանի, ԶՈւ զինանշանի, պետական դրոշի եւ օրհներգի, Տիգրան Մեծի բանակի մասին: Հաջորդ փուլերում հարցերը բարդացան. ո՟ր ճակատամարտից հետո Պապ թագավորը հաստատվեց հայոց գահին, բացատրեք «Նիզակների լուծ» արտահայտությունը, ո՟ր ճակատամարտում է այն օգտագործվել, ինչպե՟ս հայերը կասեցրին Ստեփանակերտի շրջափակումը եւ այլն: 30 վայրկյան մտածելուց հետո թիմը ներկայացնում էր պատասխանը, որը հաճախ գերազանցում էր նախատեսված երկու րոպե տեւողությունը: Գերազանց պատրաստվածություն, հստակ պատասխաններ, առույգ տոնայնություն. այսպես վարժարանի սաները իրենց դրսեւորեցին հարց ու պատասխանի ժամանակ: Մրցույթ-ստուգատեսի եզրափակիչ՝ 5-րդ փուլում թիմի ավագները պատասխանեցին բլից հարցերի: Այս փուլում եւս իր գիտելիքներով եւ պատասխանների հստակությամբ ժյուրիին զարմացրեց «Մոնթե Մելքոնյանի» անվան վարժարանի թիմի ավագ Հակոբ Հակոբյանը:
Համառ ու լարված պայքարը ընդմիջվում էր մասնակից վարժարանների մրցույթից դուրս պատրաստած գեղարվեստական համարներով: Տղաները պարում էին, երգում, արտասանում, նվագում:
Ժյուրին ամփոփեց հինգ փուլերի արդյունքները. գրանցած ոչ դյուրին հաղթանակների շնորհիվ առաջին պատվավոր տեղին արժանացավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերում էին համապատասխանաբար «Տիգրան Մեծ» եւ «Փոքր Մհեր» ռազմակրթական հաստատությունների թիմերը:
Մրցույթ-ստուգատեսի արդյունքներից իր գոհունակությունը հայտնեց Ֆելիքս Պողոսյանը եւ նշեց, որ թիմային պայքարը բարդ է ու պատասխանատու, բայց բնորոշ է զինվորական գործին, եւ վարժարանների սաները կարողացան ցույց տալ իրենց համախմբվածությունը, նաեւ գոհացնող է այն, որ գիտելիքի արժեքն ու կշիռը գիտակցող երիտասարդներ են դաստիարակվում: Գնդապետ Մ.Հակոբյանն էլ մասնակիցներից շատերի մեջ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ապագա կուրսանտներին է տեսնում. «Հաղթող թիմը ավելի պատրաստված էր. նրանք թե պատասխանների խորությամբ, թե կեցվածքով տարբերվում էին, նրանց եւ խոսքի, եւ պահվածքի մեջ մարտական ոգի էր զգացվում»:
Հաղթող թիմի ավագ Հակոբ Հակոբյանը նշեց, որ հայոց պատմության իմացությունը մեծերի կյանքին եւ նրանց թողած ժառանգությանը հաղորդակցվելու հնարավորություն է. «Մեր պատմությունը հայրենասիրության, անձնուրաց պայքարի եւ ազգային արժանապատվության անսպառ աղբյուր է»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ