ՀՆԱԲՈՒՅՐ ՈՒ ՆՈՐ ՀԱՅՈՑ ՇԵՆԸ
Նախկինում ադրբեջանցիներով բնակեցված գյուղը գտել էր իր հնաբույր անունը՝ Արեւիս, եւ ձմռան ցրտին ու ամռան տապին բազմաթիվ խաչքար-մատուռներից տարածվում էր այդ բույրը։ Քիչ ներքեւում միջնադարյան նշանավոր Թանահատի վանքն է, որը ժամանակին ունեցել է վանքապատկան 7 գյուղ։ Յոթից մեկն էլ Արեւիսն է եղել։ Տարբեր կողմերից գյուղ է իջնում չորս գետ, գյուղի ոտքերի տակ միանում են իրար ու հոսում Տոլորսի ջրամբարը։
Գյուղում ապրում են ընտանիքներ, որոնց հիշողությունը հասնում է մինչեւ Պատմահայր Խորենացի, մինչեւ հեթանոսական դարաշրջան։
Գրետա մայրիկը 67 տարեկան է, սակայն ապրած կյանքն իր բազմաթիվ դժվարություններով, հոգս ու տառապանքով ավելի ընդգծուն, ավելի տեսանելի են դարձնում դեմքի ակոսները, ճերմակած մազերը։ Տարիներ առաջ կորցրել է ամուսնուն։Պահել-մեծացրել է չորս զավակի։ Տղաների՝ Վարդգեսի ու Վահագնի, աղջիկների՝ Քնարիկի ու Գայանեի օջախներում ծնված 11 թոռ նոր կյանք ու խինդով են լցնում մեծ մայրիկի հոգին։ Ազատագրական պայքարին Վարդգեսն էլ, Վահագն էլ իրենց մասնակցությունը բերեցին։ Մարտերից մեկի ժամանակ Վարդգեսը ծանր վիրավորվեց։ Ապաքինվելուց հետո շարունակեց ծառայությունը։ Իսկ Վահագնը, որը վիրավորվել, ցնցահարված էր տարել, զորացրվելուց հետո տեղափոխվեց Արեւիս եւ ստեղծեց իր տնտեսությունը։ Գրետա մայրիկը, աղջիկները՝ Քնարիկն ու Գայանեն, հարսները՝ Լիլիթն ու Վեներան, հաճախ են լինում գյուղում, փոխարինում մեկմեկու, օգնում տնտեսության հարցերում։ Գրետա մայրիկը երկար տարիներ հարսի՝ Վեներայի հետ աշխատել է հիվանդանոցում՝ որպես վիրաբուժական բաժանմունքի բուժքույր։ Երբ չէր գործում հոսպիտալը, նրանք իրենց ամենօրյա աշխատանքով քանի՜-քանի՜ վիրավոր ազատամարտիկի են առաջին բուժօգնություն ցույց տվել, փրկել նրանց կյանքը։
-Մեր զինվոր տղաներին, մեր բանակին ցանկանում եմ խաղաղ երկինք, ժպտերես մայրեր։ Թող ոչ մի մայր չարտասվի։ Հայացքս միշտ սահմանին է, Աղոթարանին, եւ ամեն առավոտ իմ աղոթքը, իմ մայրական օրհնանքը սահմանին կանգնած մեր տղաներին է ուղղված։ Թող անփորձանք լինեն, քաջ ու անվեհեր,- ասում է մայրը։
Ամեն անգամ, դիրքեր բարձրանալիս, փոխգնդապետ Վ. Մարգարյանն այցելում է Արեւիս, զրուցում եղբոր՝ Վահագնի հետ, ինչպես միշտ ստանում Գրետա մայրիկի օրհնանքն ու բարձրանում դիրքեր։ Իսկ վերադարձին արդեն որդին գիտի մոր հարցերը.
– Խաղա՞ղ էր դիրքերում, ինչպե՞ս անցավ հերթափոխը, սնունդով, ջրով, վառելիքով ապահովվա՞ծ են, կացարանները տա՞ք են…
Հարցեր, հարցեր, որոնց սիրով, անտրտունջ պատասխանում է որդին։
…Վերածնվում, շնչում է հնաբույր հայկական գյուղը, որի զարկերակը բաբախում է լեռներից իջնող գետակների քչքչոցով, դեպի վեր թռչող ձկների արծաթով։ Եվ այդ զարկերակը սնվում, ուժ է առնում հայոց սարերին կանգնած մեր բանակի, մեր զինվոր տղաների արթուն գիշերներից ու հանգստի խաղաղ երազներից…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր