ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Մայիսի 14-ին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ոչ բարեկամական երկրների ցանկը, որում ընդգրկված են երկու երկիր՝ ԱՄՆ-ը և Չեխիան
Հաստատված փաստաթղթի համաձայն՝ Չեխիային թույլատրվում է ՌԴ-ում ունենալ 19-ից ոչ ավելի դիվանագիտական աշխատող, իսկ ԱՄՆ-ին՝ ոչ մի։
Վերջին տարիներին ԱՄՆ-ը բազմիցս պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ և արտաքսել ռուս դիվանագետներին, վերջին անգամ՝ ապրիլի կեսին։ Իր հերթին, Չեխիան ապրիլի 17-ին Մոսկվային մեղադրել է 2014 թ. Վրբետիցե գյուղում զինամթերքի պահեստների պայթյունը կազմակերպելու համար և արտաքսել 18 ռուս դիվանագետների։
Վերջին 4 տարիներին ՆԱՏՕ-ն Բելառուսի սահմանների մոտ՝ Լեհաստանի և Մերձբալթյան երկրների տարածքներում, կառուցել է 5 և կառուցում է 6 օդանավակայան, որոնք կարող են ընդունել ցանկացած տեսակի 200 ինքնաթիռ
Մայիսի 16-ին տեղեկացրել է Բելառուսի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Իգոր Կորոլը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն նաև կատարելագործում է նավահանգիստներն ու ռազմածովային բազաները Մերձբալթիկայում և Լեհաստանում։
Մայիսի 15-ին Նորվեգիայի ափի մոտ տեղակայված Անդոյա զինափորձադաշտում ՆԱՏՕ-ն սկսել է իր պատմության մեջ ամենալայնածավալ «At-Sea-Demo/Formidable Shield» զորավարժությունը հակահրթիռային պաշտպանության ոլորտում
Զորավարժությանը մասնակցում է մոտ 3300 զինծառայող։ ՆԱՏՕ-ի ՌԾՈՒ-ին առաջադրված խնդիրներից են հիպերձայնային հրթիռների հայտնաբերումը և ուղեկցումը, ստորջրյա հրթիռներից պաշտպանվելը։
Եվրամիությունը մշակել է հակաքայլեր, որոնք թույլ չեն տա, որ Ռուսաստանը «կլանի» Ուկրաինան
Մայիսի 12-ին հաղորդել է ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը՝ հղում անելով ԵՄ կազմի մեջ մտնող երկրներին ներկայացված փաստաթղթին։
Հակաքայլերն են՝ Ուկրաինայի դեմ ուղղված «կիբեռսպառնալիքներին ու ապատեղեկատվությանը» հակազդելը, Ուկրաինայի բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելը, Ռուսաստանից այդ երկրի «էներգետիկ կախվածությունը» նվազեցնելը, անվտանգության ոլորտում ԵՄ-ի որոշ նախագծերում Ուկրաինային ընդգրկելը, Ղրիմի և Դոնբասի բնակիչներին տրված ռուսական անձնագրերի օրինականությունը չճանաչելը։
Ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկությունը կսկսի արտադրել «Գոռլիցա-2» օպերատիվ-մարտավարական հետախուզահարվածային ԱԹՍ, որը թուրքական «Բայրաքթար-ՏԲ2» ԱԹՍ-ի նմանակն է
Ուկրաինական անօդաչուն թուրքականին կզիջի միայն օդը արգելափակելու ժամանակով՝ ոչ թե 24, այլ՝ 8 ժամ։
Իր հերթին, Ուկրաինայի ՌԾՈՒ-ի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապան մայիսի 12-ին հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերն այս տարի կստանան թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը, որոնք կիրառվելու են Սև և Ազովի ծովերում։
Ղրիմի թերակղզում տեղակայվել են ռուսական միջին հեռահարության նորագույն «Ս-350» «Վիտյազ» զենիթահրթիռային համալիրներ, որոնց նկատմամբ հետաքրքրությունը, մի շարք ռազմական փորձագետների կարծիքով, Ղրիմի ափերի մոտ ՆԱՏՕ-ի ավիացիայի ակտիվության մեծացման պատճառն է
ԶՀՀ-ների տեղակայման մասին տեղեկությունը մայիսի 12-ին հաստատել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը։
ՌԴ ՊՆ հատուկ նախանշանակման ուժերը 2022 թ. արշավախմբեր կուղարկեն Կեմերովոյի մարզ և Ալթայի հանրապետություն՝ բարդ կլիմայական պայմաններում ապրող տեղի բնակիչներից սովորելու գոյատևման հմտություններ
Մայիսի 16-ին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ մեծ արշավախումբ կուղարկվի նաև Ռուսաստանի հյուսիս և արևելք՝ Կամչատկա, որոնելու հիդրոօդանավակայանների ստեղծման համար նպաստավոր վայրեր, որտեղ կարող են վայրէջք կատարել «Բե-200» երկկենցաղ ինքնաթիռները, որոնք նախատեսված են հրդեհների մարման, որոնողափրկարարական ու բնապահպանական աշխատանքների, ուղևորների և բեռների փոխադրման համար։
Ամերիկյան հեղինակավոր «The National Interest» պարբերականում մայիսի 12-ին լույս տեսած հոդվածի հեղինակի կարծիքով՝ Հաղթանակի օրվա առթիվ Մոսկվայում անցկացված շքերթում ցուցադրված «Արմատա» տանկը և «Սու-57» կործանիչը Պենտագոնի ղեկավարության համար առեղծված են
Ըստ պարբերականի՝ ամերիկացի զինվորականներին անհանգստացնում են հետևյալ հարցերը. ինչքանո՞վ է վտանգավոր «Արմատան», ինչո՞ւ են այդ տանկերը քիչ, արդյո՞ք «Սու-57»-ը մրցակից է 5-րդ սերնդի ամերիկյան ինքնաթիռների համար, և ինչո՞ւ շքերթում չցուցադրվեց ռուսական հիպերձայնային զենքը։
Ամերիկյան «Wall Street Journal» օրաթերթը մայիսի 11-ին գրել է, որ ԱՄՆ-ը կուզենար Աֆղանստանից դուրս բերվող զորքի մի մասը տեղակայել Տաջիկստանում և Ուզբեկստանում, սակայն դրան խանգարում են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում եղած հակասությունները
Որպես պահեստային տարբերակ ԱՄՆ-ը դիտարկում է այդ զորքերի՝ Մերձավոր Արևելք տեղափոխման հնարավորությունը։
Մայիսի 13-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրապարակել է հետախուզությունից ստացած տեղեկույթ, ըստ որի՝ գերտերություններից մեկը, որի անունը նա չի ցանկացել նշել, պահանջում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը (KFOR) հանել Կոսովոյից
Վուչիչն ասել է, որ եթե այդ պահանջը բավարարվի, ապա Սերբիայի համար դա կլինի «բացարձակ աղետ»։ Նա խնդրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին փորձել կանխել զորքերի դուրսբերումը։
Վուչիչը նշել է, որ Կոսովոն իր ռազմական բյուջեն հասցրել է տարեկան 100 մլն եվրոյի։ «Դա չպետք է մեզ վախեցնի։ Մենք պետք է պահպանենք խաղաղությունը և ունենանք ուժեղ բանակ»,- ասել է Սերբիայի նախագահը։
ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիան ծրագրում է տարածաշրջանի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող նոր ռազմակայան ստեղծել Իրաքի հյուսիսում՝ Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի սահմանից ոչ հեռու գտնվող Մետինա լեռնային շրջանում, սակայն առայժմ պատրաստ չէ Մերձավոր Արևելքում քրդերի դեմ լայնածավալ պատերազմի
Մայիսի 13-ին այս տեսակետն է արտահայտել ռուսաստանցի ռազմական փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» պաղեստինյան մահմեդական շարժումն ակտիվ է Թուրքիայի տարածքում, որի շնորհիվ նա ֆինանսավորվում է, իսկ Իրանը այդ շարժմանը մատակարարում է սպառազինություն և դրամական միջոցներ
Մայիսի 15-ին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը՝ ներկայացնելով Թուրքիայի և Իրանի դերը մայիսի 10-ին բռնկված արաբա-իսրայելական հակամարտության մեջ։
ԱԴՐԲԵՋԱՆ
Հայկական վերահսկողությունից ազատված տարածքներում Ադրբեջանը շահագործման է հանձնել 20 զորամաս
Դրանցից 9-ը՝ մոդուլային, 11-ը՝ կոնտեյներային տեսակի. մայիսի 14-ին հաղորդել է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։
ԻՐԱՆ
Հունիսի 18-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ
Երկրի Սահմանադրական խորհրդի հաստատած նոր չափանիշների համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են լինել 40-75 տարեկան այն անձինք, որոնք առնվազն 4 տարի զբաղեցրել են քաղաքական, վարչական, ռազմական կամ ակադեմիական պաշտոններ, մասնավորապես՝ ԶՈՒ գեներալ-մայորի և ավելի բարձր զինվորական կոչում ունեցող բարձրագույն հրամանատարները։
Իրանի ՀՕՊ-ը ռադիոտեղորոշիչ, հրթիռային և տեղեկատվական ոլորտներում հասել է ինքնապահովման
Մայիսի 12-ին հայտարարել է իրանական բանակի ՀՕՊ հրամանատար, բրիգադի գեներալ Ալիրեզ Սաբահիֆարդը։
ՎՐԱՍՏԱՆ
Վրաստանի պաշտպանության նախարար Ջումբեր Բուրչուլաձեն մայիսի 13-ին խորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանի պաշտպանական քաղաքականությունը հիմնվում է ամբողջական (տոտալ) պաշտպանության սկզբունքի վրա
Դա ենթադրում է ռազմական և քաղաքացիական պաշտպանությունների ու միջազգային համագործակցության ուժեղացում և համախմբում։
Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ մինչև այս տարվա վերջ Վրաստանի ՊՆ «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնի տարածքում շահագործման կհանձնվի նոր վրաց-իսրայելական ձեռնարկություն, որը կարտադրի «M4» ինքնաձիգներ
Բացի այդ, նույն ժամկետում Վրաստանն Իսրայելից կգնի «Rafael» ընկերության արտադրած արդիականացված ՀՕՊ համակարգ, ինչպես նաև կրովի ԶՀՀ-ներ։
Այս տարի ծրագրվում է պայմանագիր կնքել հարավաֆրիկյան և լեհական ընկերությունների հետ և նույն կենտրոնի բազայի հիման վրա 2022 թ. սկսել փոքր և մեծ ԱԹՍ-ների արտադրություն։ Ծրագրվում է նաև ԱԹՍ-ների գնում։
Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #19 (1390) 19.05.2021 - 25.05.2021, Ռազմաքաղաքական