ԱՅԴ ՕՐԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԷ…
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Օմարը պաշտպանած, Քարվաճառի մարտերը ղեկավարած հրամանատարներից մեկը՝ գնդապետ Արա Սարգսյանը, այսօր հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանության պատասխատուներից է, զորամիավորման հրամանատարի տեղակալը: Նրա խոսքն իր զինվորների մասին է՝ իր մարտական ընկերների.
-Միասին կռվել ենք, միմյանց պաշտպանել ու առաջադրված խնդիրները կատարել: Տղաները առանց վարանելու, առանց տրտնջալու սառնամանիքի դաժան պայմաններում անգամ խնդիրները կատարել են գերազանց:
Գնդապետը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին պահերից մարտի դաշտում էր:
-Կռվի առաջին օրը թշնամու դիվերսիոն-հետախուզական խումբ էր ներթափանցել պաշտպանական շրջան, բնագծի որոշ հատվածներում պաշտպանությունը թուլացել էր: Զինվորներին քաջալերելու և առաջնորդելու համար անմիջապես մեկնեցի առաջնագիծ: Կռահել էինք թշնամու գլխավոր հարվածի ուղղությունը … Գրագետ գործողությունների ու ճկուն մարտավարության արդյունքում զինվորները 2-3 օրում վերականգնեցին կորցրած բնագծերը,- պատմում է գնդապետը:
Առաջին հաջող մարտերից անմիջապես հետո Արա Սարգսյանը ստանձնում է Քարվաճառի զորամասի հրամանատարի պարտականությունները: Նրա խոսքով՝ զորամասը պաշտպանության է անցել ըստ նախապես մշակված ռազմավարության, ստորաբաժանումները գործել են ներդաշնակ ու փոխկապակցված, ինչի արդյունքում հաջողվել է հակառակորդին զգալի կորուստներ պատճառել:
-Հրետանին, մոտոհրաձիգները իրենց փայլուն են դրսևորել, ինչի շնորհիվ էլ կարողացել ենք մինչև վերջ կանգնել մեր դիրքերում,- նշում է Արա Սարգսյանն ու մտաբերում է ամենածանր մարտերից մեկը, որը մղել են ռազմավարական նշանակության մի բարձունքի համար, որին թշնամին փորձել է ամեն գնով տիրանալ։ Թշնամու մեծաթիվ ուժեր մխրճվել են մարտական երկու բնագծերի արանքը, իսկ մի քանի խմբեր էլ արդեն թափանցել են մեր զորքի թիկունք։ Հակառակորդը սկսել է ճնշել նաև հարվածային ու հետախուզական անօդաչուներով: Այդ պահին մարտի ելքի պատասխանատվությունն իր վրա է վերցրել գումարտակի հրամանատարը և նետվելով թշնամուն ընդառաջ, իր խիզախ ու համարձակ գործողություններով հօդս է ցնդեցրել գումարտակը շրջափակման մեջ վերցնելու նրա նենգ մտադրությունը:
-Կապը անջատել ու դուրս էր եկել նրանց ընդառաջ, ինքը գիտեր՝ եթե ես իմանայի, որ գնում է, չէի թույլ տա, որովհետև բնագիծը լքել չի կարելի: Զինվորներս նույնիսկ հրամանի չէին սպասում, յուրաքանչյուրն իր դիրքում կռվում էր որպես առաջնորդ, որպես իսկական հերոս, ինչի շնորհիվ էլ բառիս բուն իմաստով տապալեցին Քարվաճառի ուղղությամբ թշնամու ձեռնարկած բոլոր հարձակումները,- անթաքույց հպարտությամբ պատմում է գնդապետը:
-Թեև պատերազմն ավարտվեց ցավալի կորուստներով, բայց մեր պայքարը չի ավարտվել: Նման հարևանների կողքին մենք պետք է կարողանանք մեր բանակը առավել մարտունակ դարձնել: Իսկ դրա առաջին պայմանը ոգին է, իսկ հայի ոգին կոտրելը անհնար է,- բառերը հատ-հատ շեշտադրելով ասում է փորձառու հրամանատարը:
Արա Սարգսյանը 16 տարեկանից մասնակցել է Արցախյան ազատամարտին, կռվել հարավային ուղղությամբ ընթացող մարտերում: Ծառայել է Սյունիքում, Քարվաճառում ու Տավուշում: Հատկապես կարևորում է Մեհրաբի գնդում հրամանատարության ժամանակաշրջանը: Երբ Չինարին հակառակորդի ուղիղ նշանառության տակ էր, գյուղը պաշտպանելու միջոցներ ձեռնարկեցին, ինչի համար էլ արժանացավ պատվավոր չինարցու կոչմանը:
Ընտանիքն էլ գնդապետի հետ հավասար ծառայել է, տեղից տեղ տեղափոխվել, ընտելացել զինվորական առօրյային: Թեև ընտելացել էին ընտանիքի գլխավորի հաճախակի բացակայություններին, բայց երբեմն ընդմիջումները շա՜տ երկար էին տևում, եւ երեխաները հայրիկին շա՜տ էին կարոտում:
Կնոջ խոսքով՝ համատեղ կյանքի ընթացքում այս տարիներին ամենածանր փորձությունը պատերազմն էր, երբ օրեր շարունակ իրենք էլ իրենց զինվորից լուր չունեին:
-Հայրիկի բացակայությունն ամենաշատը մեր կրտսեր դուստրը՝ Մելանյան է զգում, բայց և ամենաշատն է հպարտանում նրանով,- ասում է գնդապետի կինը:
-Ծառայությանս ամենաթանկ հուշերը Քարվաճառից են: Հաճախ զինվորներիս հետ նայում ենք Օմարի ուղղությամբ, վերհիշում անցածը… Ամեն թփի, ծառի արանքում մի պատմություն կա, որ հիշում եմ, սիրտս ցավում է…,- ասում է գնդապետը:
«Մարտական խաչի» ասպետը՝ հայոց բանակի սպան ու նվիրյալը վստահեցնում է.
-Մեր զորքն ուժեղ է, ոգին անկոտրում, գործը դեռ կիսատ: Փորձությունները միշտ էլ մեր ժողովրդից անբաժան են եղել… Համոզված եմ՝ այս էլ ենք հաղթահարելու: Այդ օրը սարերի ետևում չէ: Կգա այդ օրը: Այս հզոր ու պայծառ սերունդը կմոտեցնի այդ բաղձալի օրը…
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Խորագիր՝ #19 (1390) 19.05.2021 - 25.05.2021, Ազգային բանակ