ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՄՆԱՑ ԱՆՊԱՐՏ…
Ես տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վահե Ղահրամանյանին չեմ տեսել, ու բնականաբար, սա դիմանկար չէ: Սա հինգ առանձին պատմություն է հերոսի մասին, հինգ գույն՝ Վահե Ղահրամանյանի կերպարի խճանկարից վերցված: Բայց այդ հինգ գույնն էլ բավական է, որ հայ սպայի առինքնող նկարագիրն ամբողջանա, ձև տա մեր ձգտումներին, թև տա մեր երազանքներին ու հուշի մեր անցնելիք ճանապարհը:
Լեւոն Ղահրամանյան. Վահեի եղբայրը
Ես երեք տարով մեծ էի Վահեից, բայց նա հաղթում էր ինձ, երբ փոքր էինք ու մեր տարաձայնությունները լուծում էինք բռունցքներով: Երկուսս էլ անհանդուրժող էինք, ու կռիվ էր սկսվում անգամ ամենափոքր հակասությունից: Մինչ օրս դեմքիս վրա մանկության տարիներից մնացած սպիներ կան: Անսահման կարոտով եմ հիշում այդ օրերը: Դպրոցում Վահեն ավելի լավ էր սովորում, քան ես: Նա ավելի կազմակերպված էր, հասուն, ազդեցիկ: Միշտ էլ մեր հարաբերություններում ավագի իրավունքները վերապահվել են Վահեին՝ նաև իր խելքի, սկզբունքայնության, վճռականության, կամքի շնորհիվ: Մեր ծնողները առևտրով էին զբաղված և օրվա մեծ մասը դրսում էին լինում, հաճախ տուն էին վերադառնում ուշ երեկոյան, երբ ես ու Վահեն քնած էինք լինում: Մեզ մեր Հայաստան տատն է պահել Լոռվա Օձուն գյուղում, ու մեր ազատությունը պատճառ դարձավ, որ ավելի վաղ ու ցայտուն դրսևորենք մեր բնատուր հատկանիշները: Վահեն առաջնորդ էր, դա պարզ դարձավ դպրոցում, նա միշտ կենտրոնում էր, ինքն էր որոշումներ կայացնում, ինքն էր թելադրում: Շատ ընկերներ ուներ։ Ես միշտ զարմանում էի, թե ոնց է կարողանում լեզու գտնել այդքան տարբեր մարդկանց հետ: Ես Վահեի հակապատկերն եմ. քիչ ընկերներ ունեմ, չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում, պերճախոս չեմ: Աղջիկները պաշտում էին Վահեին, սիրահարվում էին: Ես հիացած էի իմ եղբորով…
13 տարեկանում ես եկա Երևան, որ սովորեմ Ճարտարապետական քոլեջում, Վահեն մնաց Օձունում: Հետո մեր ընտանիքը նույնպես տեղափոխվեց Երևան, ու Վահեն դարձավ «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի սան: Այդ տարիներին էր, որ ձևավորվեց Վահե, Արտյոմ, Սերգո եռյակը: Ես նման անշահախնդիր ու նվիրված ընկերություն չեմ տեսել: Ժամերով կարելի է պատմել նրանց մտերմության մասին: Իսկ Ռազմական համալսարանում Վահեն սկսեց ընկերություն անել նաև Հարութի ու Գարիկի հետ: Գարիկը նույնպես զոհվեց այս պատերազմում, Հարութը ծանր վիրավորվեց…
Զինվորական կրթություն ստանալու տարիները Վահեի կերպարը դարձրին ավելի ամբողջական ու ընդգծված: Եվ նրա ուժը, կամքը, խելքը, արժանապատվությունը, կազմակերպվածությունը, կարգապահությունը իմաստավորվեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Չեմ կարող բառերով ներկայացնել Վահեի նվիրվածությունը իր գործին: Նա տանկային դասակի հրամանատար էր, և դուք միայն պետք է լսեիք, թե ինչ խոսքերով էին բնութագրում զինվորները իրենց հրամանատարին: Վահեին այցելում էին իր բոլոր նախկին զինվորները: Երբ արձակուրդ էր գալիս, ավելի շատ ընկերների տանն էր լինում, քան մեր: Ես ինչքան էլ նկարագրեմ, դուք չեք պատկերացնի, թե ինչպես էր նա խոսում: Այնքան իմաստուն, այնքան գեղեցիկ, այնքան ճիշտ… Աղջիկները «հալվում էին», տղաները նայում էին ակնածանքով:
Հավանաբար, Վահեի անթերի կերպարն էր պատճառը, որ ես զինվորական դարձա: Մի օր էլ որոշեցի ու ծառայության անցա զինված ուժերում: Երբ պատերազմն սկսվեց, երկուսս էլ Արցախում էինք: Հեռախոսով Վահեի ձայնն այնքան հանգիստ էր, ամուր, որ մտքովս չէր անցնում, թե ինչ դժոխքի մեջ է հայտնվել եղբայրս: Իսկ թե նա ինչպես է կռվել, թող պատմեն ականատեսները: Հիմա ես մտածում եմ, որ ամեն ինչ կանխորոշված էր, և ուրիշ ելք պարզապես անհնար էր երևակայել. Վահեն պիտի հերոսանար… Անսահման հպարտ եմ, որ Վահեի եղբայրն եմ ու պիտի հավաքեմ ամբողջ ուժերս, որովհետև պատիվ ու հպարտություն է Վահեի եղբայրը լինելը, բայց և՝ ահռելի պարտք: Պիտի կարողանամ ամբողջ կյանքում մարել այդ պարտքը:
Հարություն Սիրունյան. մոտոհրաձգային դասակի հրամանատար
Ես ու Վահեն համակուրսեցիներ էինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Մենք մտերմացանք, երբ սկսեցինք ավելի լավ ճանաչել իրար: Վահեն ազնիվ էր, սկզբունքային, արդարասեր: Ճշմարտությունը նրա համար ամեն ինչից վեր էր: Վահեն երբեք չէր գնում հոսանքի ուղղությամբ, որքան էլ դժվար լիներ, պաշտպանում էր իր կարծիքը ու կարողանում էր մարդկանց տանել իր հետևից: Վահեն բարձր ինտելեկտ ուներ, որ դրսևորվում էր անգամ մանրուքներում: Նա սիրուն էր ապրում…
Մենք պաշտում էինք մեր աշխատանքը, հպարտ էինք մեր մասնագիտությամբ: Մենք երազում էինք միասին ու չէինք վախենում ամենահամարձակ նպատակներից: Վահեն ուզում էր տուն կառուցել իր ընտանիքի համար: Իր մտապատկերում այդ տունը կար՝ որպես սիրո, երջանկության, խաղաղության բույն…
Երկուսս էլ Արցախում էինք ծառայում, երբ սկսվեց պատերազմը: Մենք իրար տեսնելու առիթը բաց չէինք թողնում ու այդ օրն էլ միասին էինք: Վահեն սիրած աղջիկ ուներ, գնացել էինք Ստեփանակերտ, որ այցելի ընկերուհուն: Գիշերը ուշ քնեցինք: Զարթուցիչը դրել էի 7:30-ի վրա, բայց արթնացանք արկի պայթյունից: Արագ հագնվեցինք ու դուրս եկանք: Արկերը մեկը մյուսի հետևից պայթում էին մոտակայքում:Դրսում մարդիկ տագնապած վազվզում էին, մի փոքրիկ երեխա՝ մոտ երեք տարեկան, փողոցում մենակ կանգնած լալիս էր: Իմ ուղեղը լի է բազմաթիվ սարսափելի տեսարաններով, որոնք պատերազմից հիշատակ մնացին, բայց փողոցում միայնակ լացող երեխայի պատկերն առանձնանում է… Մենք նրան հանձնեցինք ապաստարան վազողներից մեկին: Հուսամ՝ փոքրիկը փրկվել է:
Ես ու Վահեն անընդհատ զանգում էինք իրար պատերազմի օրերին: Ես մոտոհրաձգային դասակի հրամանատար եմ, բայց ռազմական գործողությունների ժամանակ վաշտ եմ ղեկավարել: Մենք կռվում էինք Լելե Թեփեի ուղղությամբ, սարսափելի մարտեր էին: Երեք անգամ ազատագրեցինք ու կորցրինք գումարտակի հրամանատարի դիտակետը:
…Սկզբում Վահեի համար հանգիստ էի, նրա հանգստությունն էր փոխանցվել ինձ, բայց հետո հասկացա, որ թաքցնում է ճշմարտությունը: Հետո իմացա՝ այնքան անվախ ու ինքնազոհաբար է գրոհել թշնամու վրա, որ կարծել են, թե կորցրել է բանականությունը, ասել են՝ էս խոխեն խարաբ ա էլել:
Գումարտակի հրամանատարի դիտակետը ազատագրելիս թշնամուն ստիպեցինք թողնել տանկերը, նահանջել ու թաքնվել: Մոտ երկու հարյուր հոգի էին: Հարկավոր էր ոչնչացնել նրանց, բայց ես չգիտեի, թե ինչպես են տանկից կրակում: Զանգեցի Վահեին, որ բացատրի, թե ինչպես աշխատեցնեմ տանկը: Չասաց: Իրոք, վտանգավոր գործողություն էր, պատասխան հարված կլիներ անպայման, որովհետև թշնամին արագ համալրում էր ստանում ու անցնում էր գրոհի: Վահեն թերևս առաջին անգամ մերժեց ինձ…
Ես վիրավորվեցի մարտի ժամանակ: Արկն ընկավ կողքիս պառկած զինվորի վրա: Ես ուղղակի հարված զգացի, հետո տաքություն՝ մարմնովս մեկ: Արյուն էր: Մի աչքս բոլորովին չէր տեսնում, մյուսը կիսախավար էր, դեմքս ջախջախվել էր, ոտքիս ջիլն էր կտրվել: Տարբեր հոսպիտալներում վիրահատելով՝ ինձ հասցրին Երևան: Ես վերջինն եմ խոսել Վահեի հետ զոհվելուց առաջ: Մի-երկու բառ փոխանակեցինք, ասաց՝ չեմ կարող խոսել, հարմար չէ: Պայթյունների ձայնը լսվում էր հեռախոսով:
…Ես շատ ընկերներ կորցրի այս պատերազմում, բայց Վահեի բացակայությամբ անչափելի անդունդ բացվեց, որի դատարկությունը երբեք չի լցվի: Վահեն հերոսաբար ընկավ: Նա գիտակցաբար իրենից հետո թողեց անօրինակ սխրանքի պատմություն: Նա այնքան գեղեցիկ էր ապրում, առավել գեղեցիկ հեռացավ…
Էդգար Ավալյան. տանկային բրիգադի հրամանատարի տեղակալ
Վահե Ղահրամանյանի հայրենասիրությունն ու քաջությունը մարտադաշտում ինձ համար անսպասելի չէին: Նա այն հրամանատարներից էր, որոնց համար ծառայությունը աշխատանք չէ, այլ կյանքի ամենակարևոր գործը, և որին նվիրվում են անմնացորդ: Նա որքան սիրում էր իր հայրենիքը, նույնքան ատում էր բոլոր նրանց, ովքեր սպառնում էին հայրենիքի ազատությանը, պատվին ու ինքնիշխանությանը: Որքան սիրով ու հոգատար էր յուրայինների, նույնքան անզիջում ու վճռական էր թշնամու հանդեպ: Տոնաշենի ծանր մարտերից հետո Վահեին մի քանի օրով հանեցինք կրակի գծից, որ հանգստանա, բայց անընդհատ ուզում էր վերադառնալ մարտադաշտ: Եթե ասեմ, որ նա չէր վախենում մահից, ճիշտ չի լինի, պարզապես հայրենիքի ազատությունը նրա համար կյանքից թանկ էր: Ընկերների կյանքը ամեն գնով պաշտպանելը նրա սխրանքի անբաժան մասն էր:
Վահե Ղահրամանյանը իր գործի նվիրյալն էր ու ամեն ինչ անում էր, որ անթերի լինի՝ որպես սպա ու որպես հրամանատար: Նա ոչ մի վրիպում չէր հանդուրժում, մատների արանքով չէր նայում անգամ ամենափոքր մանրուքներին: Նման սպաները բանակի ողնաշարն են, բանակի ուժը, բանակի պատիվը: Նրանք Հայաստանի զավակներն են՝ պատրաստ ամենաթանկը տալու հայրենիքի համար: Նրանց թափած արյունը ավելի ու ավելի սրբացրեց հարազատ հողը ու այն անառիկ պահելու բոլորիս պարտքը բազմապատկեց: Նրանք ապրելու վարքականոն ու ճանապարհ գծեցին յուրաքանչյուր հայի համար, որից շեղվել չենք կարող:
Աշոտ Մալխասյան. գումարտակի հրամանատար
Ավագ լեյտենանտ Վահե Ղահրամանյանը Արցախյան վերջին պատերազմում խիզախորեն ու ինքնազոհաբար կռվեց թշնամու դեմ։ Նա Հայրենիքի ազատության նժարին դրեց ամեն ինչ՝ ինչպես վայել է հայ սպայի բարձր պատվին ու արժանապատվությանը: Տանկային դասակի հերոս հրամանատարը Տոնաշենում մասնակցեց բարձունքը ազատագրելու հարձակողական գործողությանը ու անվարան գրոհով շարքից հանեց թշնամու տանկերն ու զրահափոխադրիչները: Երբ մարտի ընթացքում Վահե Ղահրամանյանի տանկի հրանոթը խափանվեց, նա չնահանջեց, այլ շարունակեց մարտը. տանկը վարեց թշնամու զրահատեխնիկայի վրա, հարվածեց ու ձորը գլորեց այն:
Վահե Ղահրամանյանը չէր սպասում առաջադրանքի, այլ ինքն էր առաջակում իրեն ընդգրկել տարբեր վտանգավոր գործողությունների մեջ ուրիշների փոխարեն: Նա միշտ պատրաստ էր ամենածանր հարվածը վերցնել իր վրա՝ փրկելով ենթակա անձնակազմի ու զինակից ընկերների կյանքը:
Հորադիզում պետք է կանգնեցնեինք թշնամու ռեզերվի շարժը: Վահե Ղահրամանյանը այդ հարձակողական գործողության ընթացքում թշնամու մեծ կենդանի ուժ ու զրահատեխնիկա ոչնչացրեց: Երբ զինամթերքը վերջացավ, նա դուրս եկավ ճակատամարտի տարածքից, համալրվեց զինամթերքով, կրկին մտավ մարտի մեջ ու դարձյալ թշնամու տանկ խոցեց: Վահե Ղահրամանյանը զոհվեց թշնամու անօդաչուի հարվածից…
Տանկային դասակի հրամանատարը և՛ խաղաղ ծառայության մեջ, և՛ մարտադաշտում նույնն էր՝ հավասարակշռված, անմնացորդ նվիրումով, քաջ, միշտ լավագույնների շարքում: Նա մինչև վերջ մնաց անպարտ:
Գոռ Ղարիբյան. զինվոր
Տանկային դասակի հրամանատար Վահե Ղահրամանյանը իր զինվորների ընկերն էր, նրան կարող էիր պատմել ամեն ինչ, վստահել յուրաքանչյուր գաղտնիք, խորհուրդ հարցնել, ու նա ամեն ինչ թողած՝ կապրեր քո հոգսերով, քո խնդիրներով, քեզ հետ կլիներ, մինչև ամեն ինչ հաղթահարեիր: Վահեն մեր ընկերն էր, բարեկամն ու օգնականը: Այդպիսի մարդիկ եզակի են:
Եթե ծառայությունից դուրս կողքից նայեիր Վահեին ու իր զինվորներին, չէիր հասկանա, թե ով է զինվոր, ով՝ հրամանատար, բայց ծառայության մեջ Վահեի խոսքը օրենք էր: Նրանից չէին վախենում, նրան հարգում ու ենթարկվում էին անվերապահորեն: Վահեն պահանջկոտ հրամանատար էր, նա ուզում էր, որ ծառայությանը վերաբերող ամեն ինչ կատարյալ լինի: Նրա զինվորները այնպիսի կյանքի դասեր են ստացել Վահե Ղահրամանյանից, որ երբեք չեն մոռանա ու դրանով կառաջնորդվեն միշտ: Այդ թվում՝ և ես: Վահե Ղահրամանյանը ինձ միշտ օգնել է իր խորհուրդներով, ու հիմա, երբ նա այլևս ինձ հետ չէ, ես դժվարության հանդիպելիս փորձում եմ պատկերացնել, թե ինչ կասեր Վահեն, ինչ ելք կհուշեր, ինչ խորհուրդ կտար: 50 օրից կզորացրվեմ, և Վահեի խորհուրդները ինձ պետք են գալու նաև քաղաքացիական կյանքում, նա ինձ այնքան բան է սովորեցրել, ու այնքան բարձր, այնքան մարդկային էին առաքինության նրա չափանիշները, նրա պատկերացումները…
Հպարտ եմ, որ ես ու Վահեն նույն բանակի զինվորական համազգեստն ենք կրել: Հպարտ եմ ու պարտավորված:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #20 (1391) 26.05.2021 - 1.06.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում