«ՄԵՐ ՏԱԿՌՈՒՆ՝ ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՉԴԱՎԱՃԱՆԵՍ…»
Ես կանգնած եմ կարմիր դագաղի կողքին, դագաղի մեջ 94 տարեկան ակնոցավոր մի պառավ է պառկած, ում «տրիումֆն» ու հանճարը կայացել է, երբ նա Լենինի մասին չորս հաստափոր գիրք է գրել։ Ես ուսանող եմ, 1982 թիվն է…
Մոտավորապես 3 ժամ առաջ Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի 2-րդ կուրսի մեր լսարան մտավ ռեկտորը և հայտնեց, որ մահացել է Մարիետա Շահինյանը, հետո հայացքը հառելով ինձ, խնդրեց, որ 8 ուսանող կամավորական սկզբունքով հոգեհանգստի արարողությանը ապահովեն պատվո պահակ կանգնելու մեր ինստիտուտի ավանդական պարտականությունը։
Կամավորականների խումբը ձևավորվեց արագ, և մենք Տվերսկոյ բուլվարից, ոտքով, 20 րոպե անց ներկայացանք Գրողների կենտրոնական տուն (ЦДЛ) ու կարմիր թևկապներով ընդունեցինք պատվո պահակի հերթապահությունը…
Երեք ժամ արդեն կանգնել ենք, ոտքերս հոգնել են, ես միշտ զզվել եմ կոմունիստական սուտ ու փչովի իդեոլոգներից, առավել ևս՝ նրա վառ ներկայացուցիչներից…
Վստահ եմ՝ նույն կերպ են մտածում պատվո պահակի դերում հայտնված իմ 7 համակուրսեցիները…որովհետև մեր ինստիտուտը հեռու էր կոմունիստական «վեհ գաղափարների պաշտամունքից» շնորհիվ մեզ դասավանդող մի քանի պինդ ու լուսավոր, բայց նաև հալածված ու «այլախոհ» պիտակավորված դասախոսների… Բայց կա ևս մեկ բայց. ուսանողների մեջ միակ հայը ես եմ, և հանգուցյալի ազգանունն էլ մատնում է նրա՝ իմ տեսակին պատկանելը, ու ես պարտավոր եմ ինձ զուսպ պահել…
Կոկորդս չորացել է, հոգեհանգստի սրահում տոթ է, դիակն էլ 7 օր պահել են՝ փորձելով թաղումը հարմարեցնել Կրեմլյան կուսակցական բարձրագույն ղեկավարության «գերբեռնված» օրակարգին, որ իբր «վոժդերն» էլ կարողանան հրաժեշտ տալ… Չի ստացվել, էնպես են խրվել իրենց իսկ սարքած «ճահճի» մեջ, որ նրանց էնտեղից դուրս պրծնելը դժվար է։ Դիակը 7 օր սառնարանում պահել են, լավ չեն պահել, փոքր-ինչ նեխել է… Եվ գրական, կուսակցական կոլեկտիվները, որոնց Կրեմլի ցուցումով քշել են «հավատարիմ լենինյանին» ըստ պատշաճի ճամփու դնելու… դիակի հոտից խրտնած՝ դժգոհում են քթների տակ ու արագ հեռանում…
Ելույթ է ունենում հերթական կուսակցական ճառասացը, ընկերս՝ հաղթանդամ բանաստեղծ Վոլոդյա Կոժեմյակինը, որը դիակի ոտքերի մոտ է կանգնած, շուռ է գալիս դեպի ինձ և ցուցամատով կտտացնում բկին, հասկացնելով, որ իր կոկորդն էլ է չորացել։
Քիչ անց, երբ մեր կեսժամանոց հերթապահությունը մեր մյուս չորս ընկերներն են փոխում, մենք դուրս ենք գալիս սրահից, որտեղ արդեն իրար փոխել ենք մի երեք անգամ ու հոգեհանգստի հերթ կանգնած բազմության արանքը ճղելով՝ իջնում ենք գրողների տան նկուղի կաֆեն…
Չորս գավաթ սառը գարեջուրը մեզ ևս 1 ժամ դիմանալու հույս է տալիս ու, քանի որ անոթի ենք, տրամադրություններս մի քիչ լավանում է…
Երբ հետ վերադարձանք, սրահը զարմանալիորեն դատարկ գտանք, պառավի մոտ մնացել էր մի մարդ և մերոնցից 4-ը՝ կարմիր թևկապներով դագաղի չորս անկյուններին մոտիկ կանգնած։
Այդ մեկը համազգեստով, հարգանք ու պատկառանք ներշնչող զինվորական էր։ Նա իր մանրամասն սափրած գլուխը դագաղին հենած՝ անձայն սգում էր, իսկ քիչ անց, երբ գլուխը բարձրացրեց, իսկույն ճանաչեցի, նա էր՝ համայն հայության ամենասիրելի զավակը, Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ։
Ես միանգամից ձգվեցի, հուզվեցի ու զգաստացա։ Նա մտախոհ հայացքը պտտեց մեծ ու դատարկ սրահում, գլուխը դժգոհ օրորեց, հետո դանդաղ, հետաքրքրված հայացքով բոլորիս ոտքից գլուխ զննելով` մոտեցավ ինձ այնչափ, որ նրա ծանր շունչը լսելի էր. ուղիղ աչքերիս մեջ նայեց ու հարցրեց.
-Հայերեն խոսու՞մ ես։
-Ճիշտ այդպես, ընկե՛ր Մարշալ,- կրկնակի ձգվեցի ես։
Նա ծանր հոգոց հանեց, նայեց հանգուցյալի ոտքերի տակ կաս-կարմիր բարձիկների վրա շարած պսպղուն մեդալներին, որոնցից առաջինի վրա առանձնանում էր Սոցիալիստական աշխատանքի հերոսի ոսկե աստղը, մոտեցավ, բարձրացրեց այն, համեմատեց իր կրծքի շողացող փոքր-ինչ ավելի մեծ աստղերի հետ, հետո անսպասելի շուռ եկավ դեպի ինձ ու բարձր ասաց.
-Նա էլ էր հայ,- լռեց, կոկորդին դեմ եղածը դժվարությամբ կուլ տվեց ու շարունակեց.
-Մեր մեռելը մեզ թողեցին…Դրա համար էլ ես ու դու պիտի թաղենք նրան, տղա՛ս, փաստորեն, այս աստղը, հերոսի աստղը, տիրոջը մինչև մեռնելն է պետք, իսկ մեռնելուց հետո պետության համար այն դառնում է ընդամենը մետաղի ջարդոն:
Ես փշաքաղվեցի, զղջացի այդ կնոջ ու նրա գրական աշխատանքի հանդեպ ունեցած արհամարհանքիս համար…
Իսկ ուսանող ընկերներս անորոշ զարմանքի մեջ էին իմ ու Մարշալի միջև իրենց համար ջերմագին, բայց օտարալեզու շփումից…
Սրահի բարձր առաստաղը արձագանքում և ետ էր վերադարձնում զինվորականի բամբ ձայնը…
Մոսկվայի հին հայկական եկեղեցու Վագանկովյան կոչվող գերեզմանոցում ենք:
Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի ութ ուսանող ընկերներով մեր ուսերին տանում ենք լենինյան գաղափարների վերջին մոհիկանի կարմիր դագաղը։ Մեր առջևից Մարշալը իր վարորդի հետ տանում է կափարիչը։ Դագաղը վերցնելիս նա մեզ հորդորել է, որ եթե մեզնից որևէ մեկը շատ հոգնի, չամաչենք. ինքը դեռ առույգ է և կարող է ուսել կաղնե փայտից սարքած ծանր դագաղը (միակ և վերջին թանկ բանը, որ իշխանությունները չեն խնայել լենինյան գաղափարախոսության եզակի նվիրյալին)։ Ուղեկցողը եկեղեցու մոմավաճառն է՝ Նինան, փորված գերեզմանին հասնում ենք դժվար. նա չի կողմնորոշվում, շփոթված ու հուզված ինձ է հարցնում։ Լավ պրծանք, հայկական գերեզմանատան բոլոր հայ և օտարազգի հայտնիների տեղը անգիր գիտեմ ու փակ աչքերով կարող եմ գտնել։ Քարերի վրայով թռչկոտելով, շատ դեպքերում դրանք տրորելով, որովհետև դրանք շատ խիտ են ու անանցանելի, վերջապես նշմարում ենք նոր փորված գերեզմանատեղը և սարսափելի արագացված ռիթմով հողաթմբին ենք շրխկացնում խելակորույս հոգնության մեզ հասցրած կաղնե փայտից սարքած ծանր դագաղը։ Մարշալի դեմքից քրտինքի ու տեղացող ձյան հետ շաղախված խոշոր կաթիլներ են թափվում։
Փոսի կողքին բահեր են ու մի պարան։ Մարշալը մեզ ցուցումներ է տալիս։ Մենք կափարիչը ամրացնում ենք դագաղի վրա, պարանը երկկողմանի անցկացնում ենք տակով և ֆանտաստիկ արագությամբ իջեցնում փոսը, մենք չենք իջեցնում, մեր մեջ ուժ չի մնացել, դագաղն է ինքնուրույն մխրճվում փոսի մեջ, փառք Աստծո, առանց «վնասվելու»…
Մարշալից անհանգստության գոլորշի է բարձրանում. նա ամբողջությամբ քրտինքի մեջ է, մարշալական շինելի բոլոր կոճակները արձակված են, նա կարծես հերթական «մարտն» է հենց նոր ավարտել։ Նա շատ դանդաղ երեք բուռ հող է գցում դագաղի վրա, և մենք վերցնում ենք բահերն ու, իրար փոխելով, կարմիր դագաղը ծածկում ենք սև հողով, հետո բահերը հենում ենք կողքի գերեզմանի սև ներկից կիսով չափ զրկված ու ժանգոտած երկաթե ճաղերին։
Բաղրամյանը գլխարկը հանում է, մենք նույնպես …
Իսկական գերեզմանոցային լռություն է տիրում, 82 թվի մարտն է, արագ տեղացող մանր ձյունը հարազատ մոր հոգատարությամբ իր սպիտակ վերմակով դանդաղ ծածկում է գերեզմանաթումբը: Այդ ծանր լռության մեջ Վոլոդյան թեքվում է դեպի ինձ, աչքով է անում և նորից կտտացնում բկին, այս անգամ կոնծելու նշան տալով, մեր ընկերները բռնացնում են էդ կտտոցը, և բոլորը գլխով համաձայնության նշան են տալիս:
Կոլեկտիվի добро-ից ոգեւորված Վոլոդյան ձեռքը ուսիս դնելով, ծիծաղը հազիվ զսպելով, ականջիս փսփսում է.
-Ван, поминки за тобой, ведь она не моя бабушка… а христианская традиция требует…
Ես խոստանում եմ Գրողների տան ռեստորանում առաջիկա թոշակն ստանալուն պես սեղան գցել, չէ՞ որ նրանք իմ խաթեր ու իմ խնդրանքով են հայտնվել էստեղ, Վոլոդյան ասում է, որ էդ դեպքում միասին կկազմակերպենք՝ գերմանացիների պես…
Բաղրամյանը, որ հողաթմբի գլխին մոտ էր կանգնած, մեր ձայնի վրա շրջվում է…
-Անունդ չասեցիր:
-Վանուշ։
-Վանուշ, Հովհաննես, Վանյա, նույն Իվանն ա էլի։
Lռություն:
-Ուրեմն, լսի՛ր, ադաշ, դու ինձ էսօր օդ ու ջրի պես պետք ես, …էս կինը հերոս կին էր, իմ ընկերն էր, կարելի է ասել՝ ինձ համար մեծ քրոջ պես է եղել… Մարդավարի, հայավարի հոգեհաց պիտի տանք, ընկերներիդ էլ, անշուշտ, հրավիրում ենք, թող գան…
Ես ամոթից կարմրում եմ, արդյոք նա լսե՞լ է մեր խոսակցությունը, թե՞ մինչ այդ պահն էր պլանավորել։ Ընկերներս նորից անորոշության մեջ են ընկել իրենց համար անբացատրելի մեր վայրկենական մտերմությունից…
Խաչակնքվում ենք։ Մարշալն ու ես՝ ձախից աջ, մնացածը՝ աջից ձախ:
Մարշալը նորից դիմում է ինձ։
-Դու իրենց ասա՝ թող գնան եկեղեցու բակում սպասեն, իսկ ես ու դու էստեղ մի գործ էլ ունենք։
Վոլոդյային բացատրում եմ Մարշալի ծրագիրը, նա լայն ժպտում է. խմելը բանաստեղծություն գրելու չափ սիրում է։
Նրանք քայլում են դեպի եկեղեցի…
Մնում ենք Մարշալն ու ես. նա նայում է հողաթմբին, հետո խիտ, իրար կպած, ծուռումուռ գերեզմանաքարերին, որտեղ հայ համայնքի մեծանուն հայտնիներն են հանգչում. նրանցից շատերի գերեզմանները անխնամ են, մի քանիսը թեքված, տեղից ընկած, իսկ անուն-ազգանունները փորագրված են միայն ռուսերեն…
Գերեզմանոցային լռությունը ճնշող է:
Մարշալը շինելի գրպանից խունկ, ածուխ և լուցկի է հանում ու պարզում ինձ. ափաչափ ածուխը վառում եմ և քար կամ որևէ հարմար բան չգտնելով` արագ դնում եմ ձյունածածկ հողաթմբին, որպեսզի ձեռքս չայրեմ…
Մարշալից հետո ես էլ եմ խունկ գցում ու դիմում եմ նրան.
-Բայց, ընկեր Մարշալ, հանգուցյալը կոմունիստ էր և աթեիստ…
Բաղրամյանը հոգոց է քաշում, նորից խունկ լցնում, ձեռքերը թափ է տալիս ու տխուր եզրահանգում.
-Է՜, հետո ինչ. նա հեղափոխությունից առաջ է ծնվել, հետևաբար, մկրտված է, հայ քրիստոնյա է, անկախ իր պաշտած ցնդաբանական գաղափարախոսությունից… իսկ որտեղ կնունք, այնտեղ էլ խունկ և օրհնություն…
Հոգեհացի սեղանին կարտոֆիլով խաշլամա է, քյուֆթա, Սևանի իշխան, ղավուրմա, սուջուխ, բաստուրմա, թթի օղի…
Իր ամենօրյա հաց ուտելու տեղն է, էս կիսանկուղային փոքրիկ ու հարմարավետ հացատունը, որ թաքնվել է խորհրդային բանակի անվան թատրոնի մեծ շենքի տակ։
Մարշալն ու ես հոգեհանգստի ենք, իսկ իմ ուսանող ընկերները էս սեղանի մասին խոստովանեցին Էռնեստ Հեմինգուեյի գրքերից մեկի վերնագիրը խմբագրելով.
-Это праздник, который всегда будет с нами…
Նրանք բոլորն էլ ուրախ են Մարշալի հետ ծանոթանալու համար, բայց առանձնահատուկ ուրախ են հայկական խոհանոցի ճաշատեսակների համար…
Ավելի ուշ, երբ նրանց քեֆը տնգոզանում էր թթի օղու թնդությունից, ես Մարշալի ցուցումով ու նրա իսկ վարորդի հետ մարշալական մեքենայով ընկերներիս ճանապարհեցի հանրակացարան… Վերադարձա հացատուն. մի թաս էլ ենք հիշում…
Հետո արդեն ավելի ուշ փորձում էի հրաժեշտ տալ Մարշալին, բայց նա ինձ բաց չէր թողնում, ու մենք թթի օղին խմեցինք կում-կում և մինչև լույս…
Կյանքում չեմ մոռանա այդ գիշերը և լեգենդար հայ հերոսին։
Մարշալը անմիջական էր, չափազանց… Ես նրան էդքան մարդկային, էդքան հասարակ չէի կարող պատկերացնել, երբեք։ Նա մինչ այդ պահը իմ մտքում լոզունգային, մոնումենտալ, Կարմիր բանակի սառը ու դաժան մի զինվորական էր, բայց այդ ամենը մի գիշերվա մեջ հալվեց, հալվեց մեր չՐՈվպվօռ բաժակների մեջ, կարծես մեր Լոռվա սարերի աղբյուրներից մեկում հորս հետ էի աղ ու հաց անում, հնձից հետո…
Լուսաբացին, երբ արդեն բաժանվում էինք իրարից Դոբրոլյուբովի փողոցի վրա գտնվող իմ հանրակացարանի մուտքի դիմաց, ուր նա ուղեկցեց ինձ ստիպողաբար, եւ ես իմ գոհունակությունն էի հայտնում Մարշալին ու տղամարդավարի, ձեռք ձեռքի տալով բաժանվում էինք, նա նորից վերադառնում էր իմ պատկերացրած դասական՝ սառը զինվորականի կերպարին…
Երբ գիշերային հերթապահը բացեց հանրակացարանի ծանր դուռը, և ես ներս պետք է մտնեի ու նաև գրավոր բացատրություն տայի ուշացմանս համար, մեջքիս հնչեց Մարշալի բամբ հրամանը.
-Վանո՛ւշ, կրակ տուր ինձ…
-Չեմ ծխում, ընկե՛ր Մարշալ, իսկ ձեր տված լուցկին հողաթմբին թողեցի, ադաթն ա տենց,- արդարացա ես…
Քար լռություն:
Այդ պահը միակն է եղել իմ կյանքում, երբ զղջացել եմ, որ չեմ ծխում…
Մարշալը նորից ծանր է շնչում, նա հենվում է մեքենային. այն ճոճվում է ու փոքր-ինչ ճկվում, և ես այդ պահին մտածում եմ, որ մեքենան ոչ թե նրա ֆիզիկական, այլ նրա մտքերի ծանրությունից է ճկվում, ու նրա փորացավը ծխելը չէ. մտքերն ու հուշերն են…
Արագ կողմնորոշվեցի՝ մտա հանրակացարան, հերթապահ ծերուկ Ֆյոդորից թռցրի նրա լուցկին ու մեքենայի մոտ վերադառնալով, վառեցի Մարշալի ծխախոտը… Նա ժպտաց ու խորը ղուլափ տալով ասաց.
-Դու գրող ես, Վա՛ն, դու 27 ես, ես՝ 85, վասյաթ ունեմ անելու, чёрт чем ни шутит… Վասյաթը գիտե՞ս՝ ի՞նչ է:
-Այո՛, ճիշտ այդպես:
-Դե, ուրեմն, կգրես էսօրվա մասին… Մարոն… Մարոն լավ կին էր, հերոս կին էր, լուրջ գիտնական էր, բայց առաջին հերթին լավ մարդ էր… Կարմիր կայսրության թիվ մեկ իդեոլոգն էր (Մարիետա Շահինյանի մասին է խոսքը), նրա գրքերը, որ քեզ պես ես էլ չեմ կարդացել, էս երկրի ֆունդամենտն են եղել։ Լենինի 124 հատոր էնցիկլոպեդիան ինքն ա խմբագրել, շատ մասն էլ ինքն ա գրել, հորինել … էդ մի բուռ հայ կնիկը … որ քրոջ պես ա եղել ինձ համար, բառիս բուն իմաստով աչքերը քոռացրել ա, 124 հատոր, դու, ապագա գրողդ, պատկերացնո՞ւմ ես, թե էդ ինչ տառապանք ա, с ума сойти… իսկ Կրեմլից… ноль внимание… Ես ուղն ու ծուծով զինվորական եմ, ինձ, ոնց բացատրեմ. за державу обыдно… Չգնահատեցին։ Ավելին, արհամարհեցին։ Իսկ ինչ տվեց Մարոն Հայաստանին, դու հարցրու, ես կպատասխանեմ.
-ՂՌչ,- Մարշալը աջ ձեռքի վրա երեք մատի օպերացիա ցույց տվեց,- մեր մեջ ասած՝ նա վաղուց մոռացել էր, որ ինքը հայ է, նա իրեն պատկերացնում էր որպես սովետական հզոր ու անպարտելի քաղաքացի:
-Երախտամոռությունը վատ բան ա, երկկողմանի վատ բան, Վա՛ն, պարտադիր рикошет ա տալի…
Նենց որ, հիշի՛, ինչ էլ անես, ինչի էլ հասնես, էս կայսրության որ անկյունում էլ լինես, ականջիդ օղ արա, ՄԵՐ ՏԱԿՌՈՒՆ՝ ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՉԴԱՎԱՃԱՆԵՍ… Մենք էնտեղ մեր տանն ենք ու տեր ենք… Իսկ էստեղ ղոնախ եղել ենք, ղոնախ էլ գնալու ենք, ուզում ա ազգանունդ ов-ով վերջանա, ուզում ա ян-ով…
Մարշալը շինելի գրպանից հանեց գերմանական «zippo» ֆիրմայի մի կրակայրիչ, նորից ծխախոտ վառեց, ժպտաց ու «zippo»-ն պարզեց ինձ…
-Էս վերցրու, մոռացել էի, որ վերցրել եմ, էս քեզ հիշատակ էսօրվա մասին, չմերժես, բայց համ էլ խոստացի, որ չես ծխի…
Ես վերցրի հուշանվերը և ուր որ էր՝ հարազատի պես պիտի գրկեի նրան, բայց զսպեցի ինձ… Չէ որ նա նախևառաջ Սարդարապատի օրհասական ազատամարտի հերոս և Հայրենական պատերազմի կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանն էր։
Նա էլ մի պահ կարծես ուզում էր լայն թևերը բացել դեպի ինձ, կես քայլ առաջ եկավ, բայց նույնպես զսպեց իրեն. նա էլ գիտեր, որ ինքը Մարշալ Բաղրամյանն է…
ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ
Երևան, 22. 08. 2020 թ.
Խորագիր՝ #20 (1391) 26.05.2021 - 1.06.2021, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից