Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՆ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ



Դեկտեմբերի 2-ին, Լատինական Ամերիկայի պետությունների ղեկավարների՝ Վենեսուելայում գումարած գագաթաժողովում հայտարարվել է լատինաամերիկյան ու կարիբյան պետությունների համագործակցության` СЕЛАК-ի ստեղծման մասին: Կազմակերպությանն անդամակցելու է 33 պետություն, որոնց թվում և Կուբան, իսկ ԱՄՆ-ն ու Կանադան ընդհանրապես չեն հրավիրվել Համագործակցության հիմնադիր նիստին:

Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը, որ վիրահատություններից հետո առաջին անգամ էր մասնակցում միջազգային համաժողովի և բավական առողջ ու առույգ տեսք ուներ, հայտարարել է, որ Համագործակցությունը հակակշիռ կդառնա Վաշինգտոնին ու նրա կողմից ղեկավարվող Ամերիկյան պետությունների կազմակերպությանը, և որ սա լատինաամերիկյան բոլոր պետությունների միավորման մասին Սիմոն Բոլիվարի երազանքի իրականացումն է:

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան իր հերթին հայտարարել է, որ Համագործակցության հիմնադրմամբ վերջ տրվեց Մոնրոյի դոկտրինին, համաձայն որի Վաշինգտոնն իրավունք ուներ միջամտելու լատինաամերիկյան ցանկացած պետության ներքին գործերին:

ԱՄՆ-ն արտաքուստ հանգիստ է ընդունել СЕЛАК-ի հիմնադրման լուրը և միայն հայտարարել, որ «հակաամերիկյան դաշինքը կենսունակ չի լինի»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


05/12/2011