Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱՏԱՔ ՇԱՊԻԿԸ



ԱՄԵՆԱՏԱՔ ՇԱՊԻԿԸՍահմանամերձ գյուղը ուտիճներից քայքայված բրդյա գործվածքի փերթի պես փռված էր լեռան լանջն ի վար։ Արեւը հետզհետե անցնում էր սարերի ետեւը եւ իր շողերով ոսկեզօծում էր ամպերը։ Երկնակամարը գունավորվում էր նարնջագույնի բոլոր երանգներով։

Գյուղի փողոցները դատարկ էին, չէին լսվում խաղացող տղաների ձայները, աղջիկների, կանանց զրնգուն ծիծաղը։ Գրեթե դատարկ էր գյուղը, չկային նրա տերերը։ Երբ լսել էին կրակոցների ձայները, պատրաստվել եւ լքել էին իրենց տները։ Չէին հեռացել միայն տատիկ-պապիկները։ Նրանք չէին կարող և չէին ուզում լքել իրենց հողը։ Նրանց հետ էին նաև Անահիտ տատիկն ու իր ամուսինը և նրանց թոռնիկը։

Գյուղի նեղ ու ծուռումուռ ճանապարհը վերջանում էր Անահիտ մամիկի տան դարպասի առջեւ։

Այս անշուք տան ներսում տիրում էր համերաշխություն, սեր ու հարգանք… Նրանք իրենց դրացիների հետ պահ էին մտել թաքստոցում, սպասում էին հաղթանակի լուրին, բայց լուրը, հակառակ ակնկալիքների, ուշանում էր։ Մի օր էլ, երբ մի պահ ձայները խաղաղվել էին, դրացիներից մեկը թաքստոցի դուռը բացեց եւ երբ գլուխը դուրս հանեց ու շուրջը նայեց, ափ ի բերան մնաց. ձյուն էր դրել, գյուղը մանուկի հոգու պես ճերմակ ու մաքուր էր…

Ձյան անտանելի սառնությունն զգալով՝ տատիկները մի պահ կորցրել էին խոսելու կարողությունը։ Մի քանի վայրկյան հետո մեկը մյուսին հերթ չտալով՝ վրա բերեցին.

-Մեր տղաները, մեր որդիքը…

-Էս ցրտին կռվում են մեզ համար…

-Ի՞նչ պիտի լինի սրա վերջը…

Քիչ ավելի ուշ Անահիտ մամիկը մտքով անցկացրեց բարի գործ անել, նստած տեղը օգնել զինվորներին։ Եվ միտքն ընկավ թոռնիկի հաստ վերնաշապիկը։ Շտապով դիմեց թոռանը.

– Զավա՜կս, սիրածդ շապիկը պահարանից բե՛ր։

Թոռը վեր ելավ տեղից եւ շտապեց կատարելու տատի խնդրանքը եւ երբ բերեց, անհամբեր սպասում էր, թե ինչ է լինելու իր շապիկը։ Երբ Անահիտ մամիկը բերեց մկրատը, տղայի աչքերի մեջ արցունքի կաթիլներ հայտնվեցին, իսկ երբ կտրեց շապիկի օձիքը, թոռը հանկարծ բացականչեց.

-Տատի՛կ, ի՞նչ ես անում, ինչի՞ ես կտրտում շապիկս…

-Որդի ջա՛ն, հանդարտվի՛ր: Սրանով պիտի օգնենք քո եղբայրներին։ Քո այս շապիկից մի քանի զույգ տաք գուլպա կարող ենք դուրս բերել, ու դրանք տաք պիտի պահեն իրենց կյանքով մեզ պաշտպանող գոնե մի քանի զինվորների ոտքեր։

Մեծ մոր խոսքերը հանդարտեցրին թոռանը։ Նա սկսեց մտածել, որ եթե զինվորները պատրաստ են իրենց կյանքը տալ, ինքն ինչո՞ւ է զլանում իր շապիկը զիջել…

Եվ տատիկը սկսեց գործել…

Գյուղի վրա իջավ խավար գիշեր։ Ցուրտ էր, բոլորը կուչ եկած փորձում էին ջերմացնել մեկը մյուսին, իսկ սենյակի մեջ պլպլում էր մոմի բոցե լեզվակը, ու հատակի վրա մարդու մի շողք էր դողում. Անահիտ մամիկն էր գուլպաներ գործում… Ամբողջ գիշեր չքնեց եւ իր գործն ավարտեց։ Յոթ զույգ գուլպա դուրս բերեց թոռան շապիկից։ Տղան գոհունակությամբ ժպտում էր, որ իր շապիկից գործած գուլպաները պիտի ջերմացնեն իր եղբայրներին։ Եվ երբ օգնություն էին բերել իրենց, Անահիտ տատը տվեց գուլպաները եւ խնդրեց, որ առաջնագիծ տանեն՝ զինվորներին։

Նեղլիկ ու ծուռումուռ ճամփով գնում էր մի ինքնաշարժ, իսկ նրա ետեւից նայում էին զույգ արցունքոտ աչքեր եւ հաղթական ժպիտով մի տղա՝ Անահիտ մամիկի թոռնիկը…

ԱՆԺԵԼԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Արմավիրի մարզ, գյուղ Մրգաստան, 9-րդ դասարան

Խորագիր՝ #21 (1392) 2.06.2021 - 8.06.2021, Հոգևոր-մշակութային


03/06/2021