ԼԱՅՆԱԾԱՎԱԼ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Գնդապետ Արմեն Կարապետյանի հրամանատարությամբ գործող զորամասը օրերս է վերադարձել ճամբարային հավաքներից, անձնակազմը հաջողությամբ է կատարել առաջադրված բոլոր խնդիրները։
– Ճամբարային հավաքների նպատակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների կատարելագործումն է, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումը: Հատկապես մեծ ուշադրություն էինք հատկացրել գիշերային պարապմունքներին, իրականացրինք մարտական հրաձգություն D-30, D-20 հրանոթներից, ականանետներից եւ ռեակտիվ հրետանային կայանքներից: Այս պահին էլ զորամասի մի մարտկոց խնդիր է կատարում սահմանային հատվածներից մեկում,- ասաց հրամանատարը:
2018 թ.-ից զորամասը ուսումնամարտական ուղղվածություն ունի. մարտական ստորաբաժանումները զբաղվում են մարտական պատրաստությամբ, ուսումնական ստորաբաժանումներում էլ իրականացվում է կուրսանտների ուսուցում հրետանավորի մասնագիտությամբ, ավարտելուց հետո նրանք՝ որպես կրտսեր հրամանատարներ, ծառայությունը կշարունակեն զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում: Զորամասի ուսումնական բազայի հնարավորությունները թույլ են տալիս ծրագիրը ամբողջությամբ կատարելու, պարապմունքներն անցկացվում են տարածքում, մարտական հրաձգությամբ պարապմունքները՝ դաշտային պայմաններում, ուսումնական փուլերի ընթացքում կազմակերպվող ճամբարային հավաքների ժամանակ: Յուրաքանչյուր ուսումնական փուլից առաջ վերանայվում, թարմացվում են ծրագրերը, կատարելագործվում է ուսումնանյութական բազան:
-Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ուսումնական գործընթացը որոշակիորեն շեղվեց իր բնականոն հունից. մեր սպաները, ըստ տեղաշարժի պլանի, տեղափոխվեցին մարտական ստորաբաժանումներ, բայց, ժամանակի ընթացքում, բաց թողնված դասաժամերը լրացվեցին, համապատասխանաբար համալրվեց նաեւ ուսումնական բազան հրետանային որոշ համակարգերով: Արվում է հնարավորը, որ կուրսանտները գերազանց տիրապետեն հրետանավորի մասնագիտական բոլոր նրբություններին, որպեսզի հետագայում, խնդիրը ստանալուն պես, կարողանան վստահ գործել, նաեւ ինքնուրույն մարտ վարել: Մենք մշտապես հետաքրքրվում ենք, թե մեր կուրսանտներն ինչպես են իրենց դրսեւորում մարտական զորամասերում, վերլուծում ենք ներկայացված տվյալները, համադրում, ուրախությամբ պետք է փաստեմ՝ արդյունքը գոհացուցիչ է:
44-օրյա պատերազմում մեր ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա կուրսանտները իրենց գերազանց դրսեւորեցին. թե՛ մարտական ոգին էր բարձր, թե՛ մասնագիտական պատրաստվածությունը,- հպարտությունը չի թաքցնում գնդապետ Արմեն Կարապետյանը:- Պատերազմում քաջարի զինվորի անկոտրում ոգու խորհրդանիշ Ալբերտ Հովհաննիսյանը հենց մեր զորամասում էր վեց ամիս ծառայել: Անկեղծորեն պետք է խոստովանեմ՝ ինձ հիացրեց, ապշեցրեց մեր զինվորների ոգեղենությունը, մարտունակությունը, ինքնամոռաց նվիրումը, նրանց անվախությունը սահմաներ չուներ: Ես կարող եմ բազմաթիվ քաջերի անուններ թվարկել. Իվանյանում ինքնագնաց հրետանային կայանքի հաշվարկի հրամանատար Վարդան Կլեկչյանի խիզախությունն աննկարագրելի էր, նշանառու Խաչիկ Գեւորգյանը վարպետորեն հաշվարկում էր կոորդինատներն ու դիպուկահարի ճշգրտությամբ խոցում հակառակորդի թիրախները, դեմքին վախի նշույլ անգամ չկար, վերջինիս անձամբ ներկայացրել եմ կառավարական մեդալի:
44-օրյա պատերազմին զորամասի ստորաբաժանումները ներգրավված էին ռազմական գործողություններում, անձնակազմն իրեն լավ դրսեւորեց: Ցավոք, նաեւ կորուստներ ունեցանք…
Հրամանատարը ամենաթեժ հատվածներից մեկում է կռվել՝ Ջրականում.
-Մարտերի ժամանակ պատիվ եմ ունեցել շփվելու ազգային հերոս, գնդապետ Գարեգին Պողոսյանի հետ, տեսել եմ նրա մեծածավալ աշխատանքը, նրա հմուտ ղեկավարման շնորհիվ ոչնչացվել է թշնամու մեծաքանակ զինտեխնիկա, հրետանային ստորաբաժանումներ:
Հրետանին պատերազմի դաշտում, համագործակցելով համազորային, հակաօդային պաշտպանության, ավիացիոն, ինժեներական մյուս ստորաբաժանումների հետ, մեծ կորուստներ է պատճառել թշնամու զինուժի բոլոր զորատեսակներին:
-Մեր զինատեսակն առավել արդյունավետ կգործեր, եթե հակառակորդի մեծաքանակ անօդաչու թռչող սարքերն այդչափ ինտենսիվորեն չճնշեին հրետանու աշխատանքը: Ուժերն անհամեմատելիորեն անհավասարաչափ էին…
-Յուրաքանչյուր պատերազմ, մարտական գործողություն զորատեսակի փորձաքար է, քննություն,- շարունակում է հրամանատարը,- հարկ է վերլուծել թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, անհրաժեշտ հետևություններ կատարել, նոր մեթոդներ, նոր մոտեցումներ մշակել, ամեն ժամն ու ամեն րոպեն միտված պետք է լինեն մեր մարտական կարողությունները կատարելագործելուն:
♦♦♦
Զրուցեցինք նաեւ հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ, փոխգնդապետ Արշակ Աթաբեկյանի հետ: Պատերազմների թոհուբոհն անցած զինվորական է փոխգնդապետը.
-Առաջնագծի տարբեր հատվածներում է կռվել մեր անձնակազմը, կորցրել զինընկերներ, հարազատ-բարեկամ: Ամեն պահ մահն աչքի առաջ, առանց երկնչելու, վիրավոր, զոհված ընկերներին են հանել կրակի տարափի տակից: Ահասարսուռ տեսարանները, հոգեցունց ապրումները, բնականաբար, չէին կարող իրենց անդրադարձը չունենալ նրանց ներաշխարհի վրա:
Փորձառու սպան նշում է, որ պատերազմից հետո ամբողջ անձնակազմի հետ լայնածավալ, հետեւողական աշխատանքներ են իրականացվել.
-Համատեղ՝ զորամասի հրամանատարական կազմի, սպաների, հոգեւոր սպասավորի, իրավաբանի, սպա-հոգեբանի եւ բժիշկների հետ միասին թիմային, փոխկապակցված աշխատանքի շնորհիվ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն այսօր կայուն է, մարտական ոգին՝ բարձր: Ի դեպ՝ զորամասն ունի նաեւ համապատասխանաբար կահավորված հոգեբանական կետ:
Զինվորների առօրյան պետք է հետաքրքիր ու բովանդակալից լինի, որ ծանրաբեռնված պարապմունքներից հետո նաեւ լիարժեք հանգստանան, լիցքաթափվեն,- շեշտում է փոխգնդապետը:- Համակարգված աշխատանք է տարվում գաղափարադաստիարակչական, հոգեւոր-մշակութային պահանջմունքները բավարարելու ուղղությամբ, առաջնային ուշադրության կենտրոնում է նաեւ կարգապահությունը:
♦♦♦
Ուսումնական կետերում պարապմունքներ են. առջեւում ամփոփիչ ավարտական քննություններն են…
Զինվորներից ոմանք արդեն հասցրել են մարտական մկրտություն ստանալ, թրծվել կռվի բովում: Կուրսանտ Արմեն Զաքարյանը հենց առաջին օրվանից կռիվների կիզակետում է եղել, «Գրադի» հաշվարկի համար էր:
Արմենի հայրը պահեստազորի սպա է, եղբայրը՝ զինվորական: Պատերազմի ժամանակ երեքն էլ մարտադաշտում էին:
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնի շրջանավարտ է երիտասարդը, ծառայությունից հետո շարունակելու է ուսումը մագիստրատուրայում.
-Հայրս մեզ դաստիարակելիս պատգամել է՝ անսահմանորեն սիրել Հայրենիքը ու հարկ եղած դեպքում՝ կյանքը չխնայել հայրենի եզերքի համար:
-Իսկ ես մինչ օրս էլ չեմ հավատում, որ ողջ եմ մնացել,- զրույցին միանում է Նարեկ Տեր-Պողոսյանը: Նարեկը եղբոր՝ Կարենի հետ է ծառայում, միասին պատրաստվում են առաջիկա քննություններին:- Պետք է հնարավորինս լավ տիրապետենք մեր մասնագիտությանը: Հրետանին մեր զորքի կրակային խոցման ամենագլխավոր միջոցն է:
-Եվ պատերազմի աստվածը,- ժպտալով լրացնում է կուրսանտ Գարիկ Սանամյանը:
Գարիկը Ռուսաստանից է եկել, մարզիկ է, տարբեր մարզաձեւերով է զբաղվել, ավարտել է նաեւ քոլեջը՝ վեբ-ծրագրավորում մասնագիտությամբ:
-Վերադարձել եմ, որ պարտքս տամ հայրենիքիս: Անձամբ պատերազմի դաշտում չեմ եղել, բայց օգնել եմ ուսուցանող սպաներին՝ մոբի տղաներին սովորեցնելու ականանետային նշանառություն: Ինքս 120մմ ականանետի հրամանատար եմ: Ռազմական գիտելիքների լավ իմացությունը վստահություն է հաղորդում, վճռականություն եւ հաստատակամություն:
♦♦♦
Քննությունները հանձնելուց հետո կուրսանտները կտեղափոխվեն ծառայության զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ եւ ուսումնական զորամասում ստացած լիարժեք գիտելիքներով եւ հմտություններով կնպաստեն մեր բանակի մարտունակության ամրապնդմանը:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #21 (1392) 2.06.2021 - 8.06.2021, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում