Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՈՒՆՔ



-Գաղթի օրերին տատս մի կերպ հասնում է Գյումրի,- պատմում է փոխգնդապետ Գեւորգ Գրիգորյանը,- մինչեւ մահ որդիներին, թոռներին, ծոռներին պատմում էր իր ծննդավայրից՝ Սուլուխից։ Պատմում էր Անդրանիկից, Գեւորգ Չաուշից, նրանց հերոսական կռիվներից։ Այնպես էր նկարագրում հայրական տունը, որ փակ աչքերով էլ կարելի էր այն գտնել։ «Տան կողքին՝ ծառերի շվաքի տակ, աղբյուրն է, որից ջուրը լցվում էր գռների մեջ։ Մեր մարագի ծածկից մի հաստ գերան մի քանի մետր մնացել էր դրսում, ու հայրս մորթ անելիս՝ անասունը կախում էր այդ գերանից ու մաշկում»,- վերհիշում էր տատս։ Տատս մահացավ ծննդավայրի կարոտը սրտում։ Այնպես եղավ, որ մի քանի տարի առաջ որպես զբոսաշրջիկ այցելեցի Արեւմտյան Հայաստան։ Գտա տատիս ծննդավայրը, տատիս պատմածով գտա աղբյուրը, մեր տունը, եւ ո՜վ զարմանք՝ կար մարագի ծածկից դուրս եկած գերանը։ Գյուղում բնակչություն չկար. ծաղիկ-ծաղկունքի մեջ էր։ Քանդվել էր Սուլուխի նշանավոր կամուրջը։ Որքան հասկացա մեզ ուղեկցողների հետ զրույցից՝ գյուղի ժամանակի հերոսամարտերն ու կապվածությունը մեծ ֆիդայապետների հետ անցել են սերնդեսերունդ եւ վախ ներշնչել այնտեղ հետագայում բնակություն հաստատել ցանկացողներին։ «Անիծված գյուղ է, անիծված հող»՝ այսպես էին բնութագրում Սուլուխը կողքի բնակիչները։
Վերադարձին մեր մեծ տան մարագից դուրս եկած գերանից մի կտոր կտրեցի, վերցրի հետս։ Նաեւ մեր տան շեմից հող բերեցի ու խառնեցի տատիս գերեզմանի հողին։ Գերանի կտորը մեր օջախի ամենաթանկ ու սուրբ մասունքն է, որը դրված է տան վերնամասում, ու մի տեսակ դարձել է տան պահապանը, շանթարգելը։ Առաջինը տուն ոտք դրած այցելուները, երբ տեսնում են գերանի կտորը, զարմացած դիմում են ինձ, հարցնում։ Հետո, երբ լսում են տատիս պատմությունը, կարոտ ու թախիծ եմ կարդում նրանց աչքերում…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #46 (861) 24.11.2010 - 1.12.2010, Հոգևոր-մշակութային


24/12/2010