Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒԹԱՆՀԱՄՈՆ ՓԱՐԱՎՈՆԸ ԶՈՀՎԵԼ Է… ԱՎԻԱՎԹԱՐԻ՞Ց



Թվում է, թե Եգիպտոսի բոլոր պատմական հուշարձաններն այնքան են հետազոտվել, որ հայտնաբերելու ոչինչ այլևս չկա: Մինչդեռ պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ…

Պատմաբան Վիլյամ Դեյչը մի ցնցող հայտարարություն է արել, համաձայն որի` Եգիպտոսի փարավոն Թութանհամոնը զոհվել է ավիավթարից: Նա ասել է նաև, որ հին եգիպտացիները երկինք էին բարձրանում տաք օդով լցված օդապարիկներով և պլաներներով: Քանի որ թռիչքները Եգիպտոսում աստվածային գործ էին համարվում, ուստի դրանցով զբաղվել թույլատրվում էր միայն թագավորական ընտանիքին և ազնվատոհմիկներին: «Հետաքրքիր է նկատել, որ Հին Եգիպտոսի թագավորական ընտանիքի շատ անդամներ, այդ թվում և Թութանհամոնը, մահացել են կոտրված ոտքերով և բազմաթիվ վերքերով, կարծես թե նրանց մահը տեղի է ունեցել թռչող սարքի ընկնելու հետևանքով», – ասում է Դեյչը:

Նա համոզված է, որ բազմաթիվ նկարներում ու որմնանկարներում պատկերված թևավոր տարօրինակ առարկաները ոչ այլ ինչ են, եթե ոչ առաջին թռչող մեքենաները: Հետազոտողն ինքն իր ձեռքով այդ նկարների հիման վրա մոդելներ է պատրաստել, որոնցից շատերը լավ թռչում են:

1848թ. Եգիպտոսում աշխատող հնագիտական արշավախմբերից մեկը կատարում է Աբիդոս քաղաքում գտնվող Սեթիի տաճարի մանրազնին ուսումնասիրություն և հայտնաբերում հանելուկային ու անհասկանալի հիերոգլիֆներ, որոնք քանդակված էին հենց տաճարի մուտքի վերևում` առաստաղի տակ, 10մ բարձրության վրա: Հայտնի հիերոգլիֆների կողքին երևում էին տարօրինակ առարկաների, հավանաբար անհայտ նշանակության մեխանիզմների պատկերներ: Ոչ ոք այդպես էլ չկարողացավ ասել, թե ինչ են նշանակում այդ հանելուկային հիերոգլիֆները: Միայն արձանագրեցին, որ դրանք չորսն են և կրկնվում են տարբեր տեղերում, և… այդ մասին բարեհաջող մոռացան:

Եվ հանկարծ 150 տարի անց մի նոր սենսացիա. արաբական «Աշ Շարկ ալ-Աուսաթ» թեթը մի շարք լուսանկարներ է տպագրում, որոնք արվել էին Կարնակում (այստեղ հոյակերտ հուշարձանների բավականին շատ ավերակներ են պահպանվել)` արևի աստված Ամոն-Ռայի տաճարում` լուսանկարների տակ զետեղելով հետևյալ հարցը. «Ի՞նչ եք կարծում. հին եգիպտացիները ծանո՞թ էին մարտական ավիացիային»:

Ամոն-Ռայի տաճարը կառուցվել է Սեթի 1-ին փարավոնի օրոք` շուրջ 3000 տարի առաջ, որի մինչ օրս պահպանված հարթաքանդակների վրա հստակորեն պատկերված է մարտական ուղղաթիռ, իսկ նրա կողքին` մի քանի այլ թռչող ապարատներ, որոնք զարմանալիորեն նման են ժամանակակից գերձայնային կործանիչներին և ծանր ռմբակոծիչներին: Դրանք շատ մանրամասն են պատկերված, ասես նկարիչը իր առջև ունեցել է վերջիններիս բնօրինակը:

Հետեւաբար պարզ է դառնում, որ 19-րդ դարի եգիպտագետները չէին կարող հասկանալ, թե ինչ է պատկերված Աբիդոսի հիերոգլիֆների կողքին, քանի որ այն ժամանակ դեռեւս ուղղաթիռներ ու ինքնաթիռներ չկային:

Հարկ է նշել, որ Սեթի 1-ին փարավոնը միշտ համարվել է Հին Եգիպտոսի ամենաանվանի ու հաջողակ ռազմիկներից մեկը, ով ամեն գնով ընդլայնում էր իր տիրույթները եւ երկիրը պաշտպանում բազմաթիվ արտաքին հարձակումներից: Ի՞նչ է ստացվում` նա մարտի ժամանակ ավիացիա՞ էր օգտագործում: Գուցե դա՞ է պատճառը, որ փարավոնի անուններից մեկը եղել է «մեղու»:

Թերթի հրապարակումից հետո Աբիդոսի հանելուկներն ուսումնասիրելու է ուղևորվում հայտնի եգիպտագետ Ալան էլֆորդը: Նա մանրազնին ուսումնասիրում է խորհրդավոր հիերոգլիֆները և լիովին համոզվում, որ իրոք էլ մարտական մեքենաներ են պատկերված:

Այս արտառոց փաստից ոգևորված` իսկույն քննարկումների մեջ է մտնում աշխարհահռչակ ուֆոլոգ Ռիչարդ Հոգլանդը, որը հին եգիպտական քաղաքակրթության ոչ երկրային ծագման կողմնակիցն է: Նրա կարծիքով, եգիպտացիներն առաջացել են մի ժամանակ Երկիր այցելած մարսեցիներից, խորհրդավոր հիերոգլիֆներն էլ դրա ապացույցն են: Նա իր դիտարկումը հիմնավորում է` ասելով, որ Հին Եգիպտոսը իր կլիմայով ու սարահարթերով զարմանալիորեն նման էր Մարսին, այդ պատճառով էլ, իբր, այլմոլորակայինները հենց այստեղ են իջել: Որպես ապացույց` Հոգլանդը ներկայացնում է դեպի Մարս ուղարկված ԱՄՆ ավտոմատ հետազոտական կայաններից արված «բուրգերի» և «սֆինքսի դեմքի» լուսանկարները: Ի դեպ, վերջին ժամանակները բոլորովին անսպասելի Հոգլանդի տեսության կողմ են արտահայտվել երկար տարիներ Կարմիր մոլորակի ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականները:

Վեճերն ու հիպոթեզները շատ-շատ են: Հետաքրքիր տեսակետ է արտահայտել անվանի եգիպտագետ Բրյուս Ռոուլզը` հերքելով այլմոլորակայինների մասին վերոնշյալ հիպոթեզը: Նրա կարծիքով, Հին Եգիպտոսի քրմական դասակարգի վերնախավը` մոտ 20 «նվիրյալ», շատ խորը գիտելիքներ է ունեցել: Ի դեպ, նշենք, որ այժմ արդեն լիովին ապացուցված է, որ նրանք կարողացել են էլեկտրական հոսանք ստանալ և այն իրենց նպատակների համար օգտագործել:

Եգիպտական առասպելաբանությունը շատ «փակ» է, և նրա գաղտնիքները շատ ավելի դժվար է բացահայտել, քան հին Հնդկաստանի, Ամերիկայի, Շումերի առասպելներինը: Պատճառն այն է, որ Հին Եգիպտոսի տիրակալները և քրմապետերը խստորեն պահպանում էին աստվածային գիտելիքները անպատրաստ մարդկանցից: Իսկ գաղտնիքը բացողին միայն մի պատիժ էր հասնում` մահ: Կողմնակի աչքից խնամքով թաքցվում էին մանավանդ թռչող սարքերի և աստվածների զենքերի մասին գիտելիքները: Առասպելների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ինչ-որ ավերիչ զենքով զինված թռչող սարքերը բնութագրված են Ռայի Աչք, Ուաջեթի Ակն անվանումներով: Այդ «աչքը» կամ «ակնը» ե՜ւ կրում էին աստվածներ Ատումը, Ռան, Գոռը իրենց ճակատին կոբրայի տեսքով, ե՜ւ համադրվում էր Ռայի դուստրերի հետ, որոնք երկնային մարտակառքերի հմուտ կառավարներ-ապսարներ էին, միաժամանակ այն երկնքով ճամփորդում էր ինքն իրեն:

Ռայի Աչքի մասին բազմաթիվ պատմություններ կան: Մեջբերենք դրանցից երեքը:

ԱՌԱՍՊԵԼ ԵՐԿՐԻ ԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սա տեղի է ունեցել միլիոնավոր տարիներ առաջ, երբ շուրջը միայն քաոս էր` անծայրածիր ու անհատակ Նուն օվկիանոսը: Մի անգամ նրա մակերևույթին հայտնվում է մեծն աստված Ատումը:

– Ես կարարեմ աշխարհը: Ես տիեզերքի առաջին աստվածն եմ և կստեղծեմ մյուս աստվածներին:

Սկզբում նա ստեղծում է քամու աստված Շուին, հետո` աստվածուհի Թեֆնուտին: Տիեզերքում դեռ անթափանց խավար էր տիրում, և Ատումը կորցնում է իր երեխաներին: Այդժամ նա հանում է իր աչքը և հրամայում նրան գնալ ու գտնել Շուին և Թեֆնուտին: Աչքը գնում է օվկիանոս, իսկ Ատումը սկսում է սպասել: Սակայն տեսնելով, որ սպասումը շատ է ձգձգվում, նա նոր աչք է ստեղծում և դնում դատարկ տեղում:

Երկարատև փնտրտուքից հետո առաջին աչքը վերջապես գտնում է երեխաներին և վերադառնում: Սակայն տեսնելով, որ իր տեղում նոր աչք է դրված, հին աչքը ցասումնալից գոչում է.

– Սա ի՞նչ է նշանակում: Չէ՞ որ ես քո հանձնարարությամբ եմ գնացել Նուն և գտել ու բերել քո կորած երեխաներին:

Ձգտելով ինչ գնով էլ լինի պատժել աստծուն դավաճանության համար, հին աչքը վերածվում է թունավոր կոբրա օձի: Սակայն աստված չի վախենում, վերցնում է օձին և դնում իր ճակատին: Այդ օրվանից աչք-օձը զարդարում է աստվածների և փարավոնների թագը: Դրանից հետո օվկիանոսի ջրերից սպիտակ լոտոս է դուրս գալիս: Կոկոնը բացվում է, և միջից դուրս է թռչում Արևի աստված Ռան, որն էլ աշխարհ է բերում երկար սպասված լույսը…

ԱՌԱՍՊԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Սկզբում Ռան ստեղծում է Առաջին աշխարհը և բնակեցնում իր ստեղծված մարդկանցով: Երբ նա ծերանում է, մարդիկ որոշում են դավադրություն կազմակերպել նրա դեմ: Նրանք մեծ զորք են հավաքում և շարժվում դեպի աստծո պալատը: Սակայն Ռան, ունենալով աստվածային տեսողություն, իմանում է դավի մասին և որոշում պատժել մարդկանց:

– Որդյակ իմ, Ռա՛, – ասում է իմաստուն ծերունի Նունը, – դու ավելի հզոր աստված ես, քան քեզ արարողները: Գահը քո ամուր է, և վախը քեզնից` մեծ: Թող քո Աչքն ուղղվի քեզ վիրավորողների դեմ:

Ռան նայում է մարդկանց իր Արև-Աչքով` դեպի նրանց ուղղելով մոխրացնող ճառագայթները: Սակայն մարդիկ պատրաստ էին դրան և հասցնում են թաքնվել մեծ սարի հետևում, անապատում, ուստի ճառագայթները չեն կարողանում վնասել նրանց: Այդժամ Արևի աստվածը հրամայում է Աչքին իր դստեր` Հատհորի կերպարանքով գնալ անապատ և դաժանորեն պատժել հանդուգն մարդկանց: Հատհոր-Աչքը էգ առյուծի կերպարանք է ընդունում և հարձակվում մարդկանց վրա` անողոքաբար ոչնչացնելով նրանց: Տեսնելով այդ արյունահեղությունը` Ռան սարսափում է, և նրա ցասումը վերջնականապես վերանում է:

ԳԵԲԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՁԵՌՔ ԳՑԵԼ ՌԱՅԻ ԱՉՔԸ

Թագադրումից 27 օր անց Գեբը որոշում է շրջել իր տիրույթներում: Նա գնում է դեպի արևելք և հանդիպում մարդկանց, որոնք էլ նրան պատմում են, թե ինչպես Շուն մարտնչում էր Ապոպի հետ, և ինչպես է նա իր ճակատին տեղադրում Ռայի Աչքը:

– Այդ Աչքը, – ասում են մարդիկ, – հզոր ուժ ունի: Եթե ճակատին դրվի, այն իր կուրացնող ճառագայթներով կսպանի թշնամիներին:

Լսելով դա, Գեբը ցանկանում է ամեն գնով տիրանալ Աչքին: Աստված գնում է այն փնտրելու և մի քանի օր անց գտնում է Աչքը սարի ստորոտին: Գեբը վրա է տալիս, որ բռնի, սակայն Աչքը հանկարծ վերածվում է օձի և թույն արձակում: Երկրի աստվածը բոցավառվում է…

Սրանցից և եգիպտական այլ առասպելներից կարելի է եզրակացնել, որ Ռայի Աչքը աստվածների մահաբեր զենքն էր, որը դրված էր ապսարա-աստվածուհիների ղեկավարած երկնային մարտակառքի վրա:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Պատմության էջերից


07/12/2011