Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ



ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ19-ամյա Գագիկ Աբրահամյանը հազար երազանք ուներԱպագա ռեժիսոր էր, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր: Հայրենիքի դարպասներն էլ պահեցկյանքի գնով

 

-Գագիկս մեր առաջնեկն էր, նրա ծնունդով տունը խինդով, երջանկությունով լցվեց,- լուսաթախիծ ժպիտով պատմում է մայրը՝ Ռիտան,- ծննդատանը սեւ աչուկներն անընդհատ բաց էին, բուժքույրերը ծիծաղելով ասում էին՝ մեր «Արթունիկն» է, ինքը բոլոր երեխաներին հսկում է:

Աշխույժ ու ժիր էր փոքրիկ Գագիկը, եռանդն անսպառ, իսկական կրակի կտոր: Կարդալ շատ էր սիրում. վեց տարեկան էր, հունիսի 1-ին մայրը որդուն Փարսադանյանի «Գիտելիքների շտեմարանը» նվիրեց: Այնքան անհագորեն էր կարդում, այնքան կլանված, որ երբ այս կամ այն թեմայից հարց էին տալիս, բացում էր կոնկրետ էջով ցույց տալիս:

-Երկու որդիներիս էլ մեծացրել եմ հայրենասիրական գրքերով, տանը մշտապես ազգային երգ-երաժշտությունն է հնչել: Ամեն տարի ապրիլի 24-ին որդիներիս հետ պարտադիր նախ այցելում էինք «Եռաբլուր», ապա Ծիծեռնակաբերդ, ճանապարհին պատմում էի հերոսներից, ուզում էի զավակներս հայրենասեր եւ հայրենատեր ոգով մեծանան:

ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼԳագիկը դպրոցում աչքի էր ընկնում բարձր առաջադիմությամբ, ուսուցչուհիներից մեկը վերհիշում է՝ երրորդ դասարանում, գալակտիկայի մասին բաց դասի ժամանակ, Գագիկին հարցրել է՝ եթե տեղափոխվես ուրիշ գալակտիկա, ի՞նչ կվերցնես քեզ հետ, պատասխանը բավականին տպավորիչ է եղել՝ մի սրվակ հող, վրան կգրեմ «Երկիր»…

♦♦♦

12-13 տարեկանում Գագիկն ընդգրկվեց «Փյունիկի» կազմում՝ որպես դարպասապահ: Եղբոր հետ տունը հաճախ էին ֆուտբոլի դաշտի վերածում, հարեւաններն արդեն գիտեին՝ մեծերը տանը չեն:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երեւանի թիվ 1 պետական քոլեջի ռեժիսուրայի բաժին: Սիրում էր մասնագիտությունը, ֆիլմեր նկարելիս էլ գերիշխող թեման պատերազմն էր: Դասախոսը մի անգամ հետաքրքրվել էր, թե ինչու հատկապես հենց այդ թեման է ֆիլմերի առանցքում, ասել էր՝ ազատամարտիկ-զինվորական պապս Արցախյան ազատամարտի մասնակից է, շատ դեպքեր ու դրվագներ է պատմել այդ ժամանակահատվածից, ուզում եմ խորքային շերտերով լավ ֆիլմեր նկարել. «Այնպիսի ֆիլմեր եմ ներկայացնելու, ինչպիսիք դեռ չեն եղել հայկական ֆիլմաշարերում»:

ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼՏաղանդաշատ երիտասարդը մտադրվել էր բանակից հետո ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, ռեժիսուրայի բաժին, որ մասնագիտական բոլոր նրբություններին առավել կատարելապես տիրապետի. ամեն ասպարեզում կատարելության էր ձգտում: Սպորտն էլ էր շարունակելու, երազում էր սեփական ֆուտբոլային ակումբն ունենալ:

Ռեժիսոր, ֆուտբոլիստ… Երկու մասնագիտությունն էլ իր համար առաջին տեղում էին:

Մարզվելուն, սովորելուն զուգահեռ, նաեւ որպես խոհարար աշխատում էր երեւանյան ռեստորաններից մեկում, սուշի էր պատրաստում:

Էներգիայով լի, լուսավոր ժպիտը դեմքից անպակաս, հումորն անսպառ, քայլող ուրախություն էր Գագիկը, նրան բոլորն էին սիրում:

♦♦♦

Եկավ ծառայության ժամանակը: Տարածքային զինկոմիսարիատում նորակոչիկների տվյալները լրացնող զինվորականը հիացած էր. «Էս ինչ բարձրահասակ, թիկնեղ, մեկը մեկից կիրթ, մեկը մեկից զարգացած տղաներ են, էս հոսքը ոնց որ ընտրովի լինի»:

Գագիկն էլ ի պատասխան ասաց՝ էս տղերքն էն տղերքն են, որ պիտի ապրեն, ուզում են ապրել…

Վեց ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո վիճակահանությամբ ընկավ Իջեւանի այն նույն զորամասը, որտեղ տարիներ առաջ իր պապը վաշտի հրամանատար էր եղել:

ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ-Մի օր հարցրի՝ տղա՛ս, շա՞տ խիստ են այդտեղ, ծիծաղեց՝ մա՛մ ջան, ես ծառայությունս նախ քո մոտ եմ անցկացրել, էլ ինչ խստության մասին է խոսքը…Հուլիսին տեղի ունեցած տավուշյան դեպքերի ժամանակ էլ դիրքերում էր: Լավ էր ծառայում, լավագույն սերժանտ էր ճանաչվել,- հպարտությունը չի թաքցնում մայրը:- Հրետանավոր էր, Դ-30 հրանոթի հրամանատար: Պապից ներկ էր ուզել, որ հրանոթի անիվները ներկի: Ասում էի՝ դու քո հրանոթն ինձնից շատ ես սիրում: Մի օր էլ անընդհատ զանգում եմ, չի վերցնում, անհանգստությունից տեղս չեմ գտնում, պարզվեց՝ Իջեւանի զորամասում ծառատունկ էր կազմակերպել ու ժամանակ չէր ունեցել զանգելու: Իջեւանն իմ ծննդավայրն է, ու խոսքեր չկան նկարագրելու, թե ոնց էինք ուրախացել, որ հենց այդտեղ է ծառայում, բայց ինքը ձգտում էր Արցախում ծառայել:

-Քո հայրենիքը նաեւ Իջեւանից է սկսվում, սահմանամերձ տարածք է,- հազար ու մի փաստարկներով փորձում էի համոզել, բայց ինքն իր ասածն արեց՝ դիմում էր գրել, որ տեղափոխվի Արցախ: Անկեղծ ասած՝ սիրտս զգում էր, որ ինքը կգնա՝ իր բնույթը, իր խառնվածքը ճանաչելով: Երբ արդեն Արցախից զանգեց, նեղսրտած-նեղացած ասացի՝ վերջը ասածդ արեցիր, որ գաս, մի լավ ծեծելու եմ:

Զրնգուն ծիծաղեց՝ եղավ, մա՛մ ջան, կգամ, ջարդս կտաս…

Մայր ու որդի երբեմն-երբեմն զրուցում էին հեռախոսով, բայց այնքան կարճ էին զրույցները, որդին մոր սիրտը խաղաղեցնելու համար ասում էր, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, ոչ մի կրակոց չկա, որ, իբր, ամբողջ օրը պարապ-սարապ նստած են: Մայրն էլ հուզմունքը, սիրտ մաշող տագնապներն ու անհանգստությունը թաքցնելով, հավաքում էր իրեն ու որդու նման ուրախ տոնով խոսում, կատակում.

-Լոլո՛զ ջան, գլուխդ ցածր կպահես…

-Հա՛, մա՛մ ջան..

-Գագիկս սովորականից բարձր ձայնով էր խոսում, բարձր ծիծաղում, ասում էր՝ տղերք, մորս հետ եմ խոսում: Երեւի իր ծիծաղով ընկերներին էր ուզում ոգեւորել, հուսադրել…Չգիտե՛մ…Սպաներից մեկն ասում է, որ Գագիկս տղերքի դուխն էր, բոլորին քաջալերում էր, ոգեշնչում…Շատերը Արցախից տարբեր տեսանյութեր, լուսանկարներ էին գցում ինտերնետ, զարմանում էի, որ տղաս ոչինչ չի նկարել, մինչ պատերազմը ուր գնում էր, ամեն պահը նկարում էր: Մի նկար ուղարկեց միայն՝ ամեն ձեռքին մի զենք, ասես մարտաֆիլմի հերոս լիներ, Ռեմբոյին նմանեցրի ու ասացի այդ մասին: Պարզվեց՝ ընկերներն էլ են իրեն այդպես կոչում:

ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ-Կռվի ժամանակ մեր Հենրին Գագիկի կասկայի վրա «Ռեմբո» էր շտրիխով գրել, ու երբ այդպես էինք դիմում Գագիկին, անուշ ժպտում էր,- պատմում է զինակից ընկերը՝ Կարեն Սանթոյանը:- Ես Գագիկի հետ ամիսներ եմ ընդամենը շփվել, բայց ասես հազար տարվա հարազատս լիներ, էնքան նվիրված էր, սրտացավ, հասնող, բարի: Ու ո՜նց էր կռվում…Մեր հրանոթից խոցում էինք, ինքը վազում, կողքի հրանոթի տղերքին էր օգնում՝ նշանակետ էր տալիս: Թշնամու մի քանի գրադ շարքից հանեցինք, չէինք էլ հասցնում մի կարգին, տեղը տեղին ուրախանալ… Վերջին պահին ես իր կողքին չեմ եղել, հոկտեմբերի 16-ին վիրավորվել եմ, ինձ տեղափոխեցին հոսպիտալ: Երբ Գագիկն իմացավ՝ վիրավոր եմ, բարկացավ, որ խրամափոսից դուրս էի եկել…Մեկ-մեկ զանգում էր՝ շուտ լավացիր, արի, մեզ նշանառու է պետք: Հոսպիտալում էի, երբ իմացա… Միակ մխիթարությունն այն է, որ այն հատվածը, որ տղերքը կյանքի գնով պահեցին, անառիկ մնաց…

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի ԱԹՍ-ն հարվածում է հրամկազմի խրամատին: Գագիկն ընկերների հետ շտապում է օգնության, վիրավոր հրամանատարին հասցնում են խրամատ, սակայն թշնամին շարժ նկատելով, երկրորդ անգամ էլ է թիրախավորում այդ հատվածը:

Խրամատում գտնվող վեց զինվորները՝ Գագիկ Աբրահամյանը, Արեն Մեհրաբյանը, Հենրի Արուտյունովը, Արամ Սիմոնյանը, Կարեն Պետիկյանը, Էդվարդ Դովլաթբեկյանը և վիրավոր հրամանատարը զոհվում են:

Մինչ այդ, Գագիկն իր հետ օգնության շտապած տղաներից մի քանիսին ասել էր՝ շատ ենք այստեղ, գնացեք կողքի խրամատ մտեք, ու այդ չորս տղաները, Գագիկի շնորհիվ, ողջ մնացին: Չորս օջախում լույսը չմարեց…

♦♦♦

Գագիկենց օջախում ամեն ինչ նրան է հիշեցնում՝ զինվորական համազգեստը, մեդալները, լուսանկարները, պատվոգրերը, ինքնաշեն խաչը… Իր առաջին աշխատավարձով «Գանձասար» վանական համալիրի տուֆե մանրակերտն էր գնել: Բանակ գնալուց առաջ ավոկադոյի կորիզ էր բերել, խնամքով ցանեց, աճեցրեց, գնալուց առաջ էլ պատվիրեց՝ մա՛մ ջան, լավ կնայես, մեկ էլ տեսար…

Մեկիկ-մեկիկ թերթում ենք Գագիկի լուսանկարների ալբոմը, որ մայրն այնքան խնամքով, այնքան գորովագութ ջերմությամբ կազմել է: 19 տարեկան լուսե այս տղան ի՜նչ հագեցած, ի՜նչ լեցուն կյանքով է ապրել: Ալբոմի առաջին էջին մայրիկի՝ Ռիտայի մակագրությունն է. «Գիտելիքը մարդուն տալիս է կշիռ, իսկ արարքները՝ փայլ: Աշխատիր պահել այդ փայլը, բալե՛ս: Թող Աստված լուսավորի քո ճանապարհը, որպեսզի կարողանաս ճիշտ կերտել քո կյանքի ուղին»:

Մեր հերոս տղերքը փայլեցին իրենց արարքներով. նրանք հայրենիքը սիրում էին կյանքի չափ ու կյանքից առավել..

Նրանց չապրած գարունները մեզ՝ ապրողներիս՝ ամենասովորական շինականից մինչև երկրի բարձրագույն ղեկավար, պարտադրում ու հրամայում են՝ հայրենատեր լինել մի սրտաչափ մնացած հողակտորին… ու սիրել հայրենիքը տղերքի անկեղծ նվիրումով…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ և ընտանեկան արխիվից

Խորագիր՝ #22 (1393) 9.06.2021 - 15.06.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


10/06/2021