Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ



… Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Երբ ազգը պետականություն ունի, ազգային հիմնական հարստությունը ազնվականների և իշխանավորների ձեռքում է: Եվ այն հիմնականում կենտրոնացած է լինում հայրենիքում, ուստի եւ աշխատում է հօգուտ հայրենիքի: Սակայն պետականության բացակայության պայմաններում այդպես չէ: Քաջ հայտնի է, որ հայկական գաղթօջախները դարեր շարունակ եղել են այս կամ այն երկրի ու անգամ աշխարհամասի տնտեսական լոկոմոտիվը: Հայերը հսկայական ներդրում են ունեցել Հնդկաստանի, Եգիպտոսի, Եթովպիայի, Լեհաստանի, անգամ Վենետիկի, Ռուսաստանի և այլ մեծ երկրների տնտեսական ու մշակութային զարգացման գործում: Իսկ Անդրկովկասի երկու մեծ ոչ հայկական քաղաքները` Թիֆլիսն ու Բաքուն, բառիս բուն իմաստով մենք ենք շենացրել: Այս քաղաքներում շատ բանկեր, դրամատներ, խանութներ ու անգամ գործարաններ պատկանում էին հայերին: Թուրքիայի ներմուծման 60%-ը, արտահանման 40%-ը և ներքին առևտրի 80%-ը կատարվում էր հայ առևտրականների միջոցով: Գերմանացի միսիոներներից մեկը, չորս տարի ապրելով Օսմանյան կայսրության մեջ, հանգել էր այն եզրակացության, որ առանց հայերի «պետության մեխանիզմները բացարձակապես կանգ կառնեն»:

Իսկ ի՞նչ է մեզ մնացել այդ ամենից: Ինչո՞վ է այդ ամենը, ի վերջո, նպաստել հայոց ազգի հիմնական ու միասնական երազանքի իրականացմանը` պետականության վերստեղծմանը: Որպես հարցի պատասխան` մեջբերում եմ.

ՌԱՓԱԵԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ

ՀԱՅԵՐՈԻՍ ԹՈԻՔԸ

Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. –
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

♦♦♦

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչի գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։

Իհարկե, եղել են հայ մեծահարուստներ, որոնք ոչինչ չեն խնայել ազգային նպատակների իրագործման, ազգի հզորացման համար, սակայն նրանք, որպես կանոն, առաջնորդվում էին ոչ թե պետական, այլ առևտրականի մտածողությամբ: Մեծ ոգևորությամբ ստեղծում էին ազգային դպրոցներ, վարժարաններ և այլ հաստատություններ: Սակայն (եթե չմեղանչենք արդարության առաջ) պիտի խոստովանենք, որ այդ ամենի տված օգուտը մեծ չի եղել, իսկ երբեմն նույնիսկ վնաս է տվել մեզ: Կանխելով առարկությունները` շտապեմ բացատրել:

ա) Հայ առևտրականն իր հսկայական հարստությունը հիմնականում դիզում էր արտերկրում և ինչքան էլ պարտավորված էր ազգային կառույցների առաջ, մեկ է` ժամանակի ընթացքում կորցնում էր հոգևոր կապը հայրենիքի հետ և, ի վերջո, դառնում այլազգի: Լավագույն դեպքում նրա երկրորդ- երրորդ սերունդն արդեն լիովին կորցնում էր ազգային արմատները:

բ) Անգամ խիստ նվիրված լինելով ազգային գաղափարներին և նպատակներին, առանց պետականության և դրա պահպանման հիմնական դերակատարների` զինվորականության, մեծահարուստներն օտար երկրներում ազգապահպանության հիմնական խնդիրները լուծելիս շեշտը դնում էին մշակութային արժեքների և օջախների ստեղծման վրա, որոնց զգալի մասն այսօր մերը չէ և պատկանում է տվյալ (օտար) պետությանը:

գ) Մեծահարուստները, ունենալով ազդեցիկ դիրք և փող, հայկական գաղթօջախներում ինքնաբերաբար ստանձնում էին ազգային կյանքի ղեկավարման լծակները, դառնում գաղթօջախի փաստացի առաջնորդ, սակայն չունենալով պետական կառավարման փորձ, ազգային-պետական շահի ճիշտ ըմբռնում, բնականաբար, հայկական համայնքի ուժերն ուղղում էին հիմնականում տնտեսական խնդիրների լուծմանը: Եւ դա զարմանալի չէ` նրանք կատարում էին այն գործը, որը սովորաբար կատարում են զինվորականները կամ պետական այլ մասնագիտացած պաշտոնյաները:

դ) Հարկադրված լինելով համայնքի խնդիրներն օտար պետության մեջ լուծել հիմնականում անազնիվ ճանապարհով` կաշառքով, ծանոթությամբ, տարբեր զեղծարարություններով, հայերն իրենք աստիճանաբար դառնում էին անազնիվ, նյութապաշտ և ոչ օրինահարգ, ինչը սաղմի մեջ խեղդում էր պետականաստեղծման նախադրյալները:

Միով բանիվ` հայկական ազգային կապիտալի կենտրոնացումը այլ երկրներում, ավելին` ներդրումը ո՛չ զինվորական ու ո՛չ պետականաստեղծ ոլորտներում, ինչպես նաև առևտրականի մշտական թափառական կյանքը մեծապես նպաստեցին հայ ազգային արժեքների և գաղափարախոսության քայքայմանը, հայի մեջ գաղթականի հոգեբանության և բոլոր հարցերը փողի միջոցով լուծելու բնավորության ձևավորմանը և այլ արատավոր երևույթների:

Եթե ունենայինք պետական կառույցներ կամ ազգի կենսագործունեությունը համակարգող գաղափար, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել. այդ նույն հզոր կապիտալը կարող էր «սարեր շուռ տալ», ինչպես հրեական կապիտալը, սակայն… «Մեր պատմութեան ընթացքում – գիտցէ՛ք եւ այդ – մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց: Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել: Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ – որը քեմալականները քամուն տուին – պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան: Բայց- անէծք մեկուսի երջանկութեան դաւանանքին – հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց անիծուած ակնաղբիւրի՛ն անէծք… Ոսկէքսակ հայը չկանգնեց ոսկէգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ» (Նժդեհ):

Թերևս այս ամենը որոշ չափով նպաստեց այն բանին, որ շատ հայեր սկսեցին չխորշել անազնիվ ապրելակերպից, դարձան անվստահ, հայրենիք ազատագրելու հարցում հիմնական հույսը դրեցին ոչ այնքան բազկի, որքան փողի, թղթի, խոսքի վրա, իսկ պատերազմից խուսափելը, պաշտպանական կեցվածք ընդունելը դարձրին առաջնային սկզբունք` ազգային հարցերում պատերազմը համարելով ծայրահեղ` միայն պաշտպանվելու միջոց: Հատկանիշներ, որոնք ինչ-որ չափով պայմանավորված են փախստականի հոգեբանությամբ, թշնամու ապտակին ի պատասխան մյուս երեսը դեմ անելու քրիստոնեական պատվիրանը սխալ մեկնաբանելով և էլի մի բանով, որի մասին քիչ է խոսվել կամ ընդհանրապես չի խոսվել` մեր ազգային բնավորության վրա ռուսական տիրապետության ազդեցությամբ: Նկատի ունեմ հետևյալը:

Ինչ-որ ժամանակից սկսած` Հայոց պետականության ստեղծման երազանքի իրականացման և ազգապահպանության խնդիրների լուծման գրավականը համարել ենք հյուսիսը` Ռուսաստանը, ինչը միանգամայն բնական էր. երկարատև բացակայությունից հետո մեր տարածաշրջան էր վերադառնում քրիստոնյա մի տերություն, որը նաև իր տնտեսությամբ, մշակույթով, օրենքներով բավականին զարգացած էր` Օսմանյան կայսրության և Պարսկաստանի համեմատ: Անշուշտ, Ռուսաստանը` որպես քաղաքակրթություն, մեզ համար շատ ավելի հոգեհարազատ էր, բայց ընկնելով ռուսական ազդեցության տակ` մենք ժամանակի ընթացքում ռուսներից յուրացրինք թերևս ոչ միայն դրական, այլ նաև որոշ բացասական հատկանիշներ, օրինակ` ծուլությունը, իներտությունը, որոնք հաճախ դրսևորվում են ոչ միայն կենցաղում, այլև ռազմական ոլորտում: Բերեմ այդպիսի հատկանիշի մի օրինակ, որի արտահայտությունն է ռուսներին բնորոշ «Пока гром не грянет, мужик не перекрестится» ասացվածքը: Վերջինը մեր` հայերիս մեջ ձեռք է բերել իր համարժեքը` «Դանակը մինչև ոսկորին չհասնի, տեղից չի շարժվի», ինչն էլ վկայում է, որ մեզ է անցել նաև այս ոչ այնքան դրական որակը:

Մյուս հատկանիշը պատերազմից խորշելն է, այն սոսկ չարիք համարելը, իսկ պատերազմելիս էլ միայն պաշտպանվելու մասին մտածելը, նախահարձակ ռազմավարությունից խուսափելը: Նույնիսկ այսօր, երբ մեզնից մեկ անգամ արդեն պարտված Ադրբեջանը հոխորտում է նոր ագրեսիայի սանձազերծմամբ և հայության դեմ պատերազմը տեղափոխում է այլ հարթություններ, մենք ընդամենը պաշտպանվում ենք, քանի որ մեր մտածողությանը խորթ են նախահարձակ լինելը և կանխարգելիչ (պրևենտիվ) հարված հասցնելը: Այն դեպքում, որ պասիվ մարտավարությունը մեզ նման սակավառեսուրս պետությանը պարզապես հակացուցված է. Ռուսաստանի նման անծայրածիր երկիրը միայն կարող է իրեն թույլ տալ թշնամուն հյուծելու և տոտալ պատերազմի մարտավարություն: Մինչդեռ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի կանխարգելիչ` կայծակնային և հուժկու հարվածով թշնամու սպառնալիքը չեզոքացնելու, օձին հենց բնում խեղդելու մարտավարություն կիրառել:

Ազգային կապիտալի թեմայից փոքր-ինչ շեղվելը, կարծում եմ, արդարացված էր այն եզրակացությամբ, որ պետական անվտանգության հիմնահարցերով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները` զինվորականները, պետական գործիչները, և ոչ թե հոգևորականները կամ առևտրականները, թեկուզև մեծահարուստ: Կարող է թվալ, թե ես հակադրություն եմ տեսնում նրանց միջև` առաջ քաշելով այն նամշած հարցը, թե` ո՞վ է ավելի կարևոր ազգի համար` ազգային արժեք ստեղծո՞ղը, թե՞ այդ արժեքը պահպանողը:

Այո, եթե չլինի ազգային արժեք ստեղծող, չի լինի նաև պահպանելու բան: Եւ եթե չպահպանվի ստեղծվածը, ապա կանհետանա նաև ստեղծողը: Եւ ուրեմն` երկուսն էլ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ կարևոր են ազգի լինելության համար, հակադրություն չկա և չի կարող լինել, թեպետ մեզանում դարեր շարունակ առաջնությունը տրվել է ազգային արժեքը ստեղծողին, ավելին` նա իր վրա է վերցրել նաև իրեն ոչ հատուկ գործառույթ` իր իսկ ստեղծածը պահպանելը, ինչը հաճախ հանգեցրել է ցավալի հետևանքների:

Բայց այսօր իրադրությունը փոխվել է: 2009-2010թթ. «Հայ TV» հեռուստաընկերության եթերում ցուցադրվեց «Մենք հայ ենք» հաղորդաշարը, որի արդյունքներն ուղղակի ցնցող էին հայի ավանդական պատկերացումների տեսանկյունից: Հեռուստադիտողների շրջանում հարցում էր անցկացվել, թե հայ ազգային գործիչներից ո՞ւմ են նախապատվություն տալիս: Առաջարկված տարբերակներն էին` Մեսրոպ Մաշտոցը և էլի մի քանի մեծանուն հայեր` գիտության և մշակույթի գործիչներ: Սակայն հիմնականում մեր երիտասարդությունը, կապի էլեկտրոնային միջոցներով մասնակցելով քվեարկությանը, ընտրել էր անուններ, որոնք կազմակերպիչների ներկայացրած ցուցակում նույնիսկ չկային: Եւ պատկերացրեք, որ առաջին տեղում էր… Գարեգին Նժդեհը, որին շատ շատերն էին ձայն տվել: Իսկ երկրորդ և երրորդ տեղում էին Վարդան Մամիկոնյանը ու Տիգրան Մեծը (!):

Ուրեմն` մեր նոր սերունդը առաջնությունը տալիս է ըմբոստ և ազատատենչ, պայքարող և ոչ թե գիտության ու մշակույթի հանդարտ, հայեցող կերպարներին: Միգուցե ոմանք սա համարեն բացասական երևույթ, սակայն նոր սերնդին ոչ մեկը մեղադրելու իրավունք չունի: Նոր սերունդը կարոտ է իր հերոսներին և ինքն էլ հերոսության է ձգտում: Եւ ուրեմն` նրան չի կարելի զրկել այդ հնարավորությունից:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խմբ.կողմից – Պատրաստ ենք տպագրել այլ տեսակետներ ևս:

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/12/2011