Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ՛ ՇՆԱՑԻՐ



Տասը պատվիրաններ

Այս պատվիրանն ուսուցանում է մեզ սուրբ պահել մեր մարմինը պոռնկության ախտից եւ նրա բոլոր տարատեսակներից։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս շնություն է անվանում ոչ միայն այս ախտի մարմնավոր իրագործումը, այլեւ մտքով ցանկանալն իսկ։ Ուրեմն ոչ միայն մարմնապես, այլ նաեւ հոգեպես պետք է հեռու մնալ շնությունից։ Շատ հաճախ մարդիկ ընկնում են այս մեղքի մեջ, որովհետեւ նրանց միտքը, սիրտն ու ցանկությունները նախապես ապականված են եղել այս ախտով։

Շնություն են գործում նրանք, ովքեր պսակված լինելով ապականում են ամուսնական սուրբ անկողինը եւ մարմնական հարաբերությունների մեջ են մտնում ուրիշների հետ, ովքեր չեն հոգում իրենց զույգի՝ տղամարդը՝ կնոջ, եւ կինը՝ ամուսնու հոգեւոր, բարոյական եւ մարմնական վիճակի մասին կամ որեւէ այլ ձեւով խախտում են ամուսնական սերը, պարտականությունը, հավատարմությունն ու անարատությունը։ Զույգերը նաեւ պետք է զգույշ լինեն, որ չընկնեն ամուսնական մեկ այլ տեսակ անառակության եւ շնության մեջ. նրանք պետք է հեռու մնան չափազանց անհագ եւ վավաշոտ մարմնական ցանկասիրությունից ու կապվածությունից, այլ պետք է չափավորությամբ կատարեն իրենց ամուսնական պարտականությունը, որը սիրո դրսեւորում է, Աստծո համար որդեծնության եւ պոռնկությունից զերծ մնալու միջոց։ [Ա Կոր. Է 2-6]։ Շնություն եւ պոռնկություն են գործում նրանք, ովքեր առանց ամուսնության կուսական վիճակում սեռական հարաբերությունների մեջ են մտնում՝ ապականելով Աստծուց տրված իրենց կուսական անարատությունը։ Այս չար ախտով տառապում են նաեւ նրանք, ովքեր խոսքով, գործով, պահվածքով կամ ինչ-որ այլ ձեւերով մարդկանց մեջ կիրք են հարուցում եւ մարմնական ցանկություններ գրգռում։

Պոռնկության մեղքից հեռու մնալու համար պետք է զգուշանալ մարմնի ցանկասիրական ձգտումներից, որոնք անմիջական պատճառն են այս ախտի առաջացման, հատկապես արբեցությունից, որկրամոլությունից, ծուլությունից, աչքի եւ սրտի ցանկասիրությունից, շվայտությունից, անպարկեշտ պերճություններից, գայթակղեցնող գրականությունից, նկարներից, հանդեսներից, հավաքույթներից, ներկայացումներից, ֆիլմերից, անամոթ եւ գայթակղեցնող հանդիսախաղերից եւ խրախճանքներից։ Այս ախտավոր վիճակը տարբեր տեսակի վնասներ է հասցնում թե՛ հոգուն, թե՛ մտքին եւ թե՛ մարմնին. նախ թուլանում է հոգու ամրությունը, ապա մարդ կորցնում է զգաստ դատողությունն ու խիղճը, ինչպես Սիրաքն է ասում «գինին եւ կանայք այլասերում են ողջախոհ մարդկանց, իսկ անառակներին կապվողը դառնում է հանդուգն» [Սիր. ԺԹ 2]. այսպիսին արժանանում է Աստծո դատաստանին. «Մարմնի գործերը հայտնի են, այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, անառակություններ… Այժմ ասում եմ ձեզ, որ այդպիսի բաներ գործողները պիտի դատվեն Աստծուց [Եվր. ԺԳ 4], [եւ] նրանք Աստծո արքայությունը չեն ժառանգելու» [Գաղ. Ե 19, 21]։ Արդ, մենք միշտ պետք է հիշենք, որ մեր մարմինները տաճարներ են Սուրբ Հոգու, Որը բնակվում է մեր մեջ [Ա Կոր. Զ 19], եւ մենք կենդանի քարերը կամ անդամներն ենք Քրիստոսի եկեղեցու։ Եվ ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնկի՞ անդամներ դարձեք. քա՜վ լիցի» [Ա Կոր. Զ 15]։

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Հոգևոր-մշակութային


07/12/2011