ԱՐՄԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՈՐԴԻՆ ԾՆՎԵՑ…
Արցախի Հանրապետության նոր ձևավորված Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր, հետագայում Ղազարապատ գյուղում բնակություն հաստատեց Գեղամ և Զարդար Մեսրոպյանների Ժորժիկ և Արման որդիներով ընտանիքը՝ 1997 թ. թողնելով Արարատի մարզի Արևշատ գյուղը։ Գեղամը նոր բնակավայրում աշխատում էր որպես անասնաբույժ։ 1992 թ. փետրվարի 5-ին ծնված Արմանը հենց առաջին դասարանից ուսում ստացավ Ղազարապատի դպրոցում։ Այդ տարիներին հոսանք և այլ հարմարություններ չունեցող այդ շենքում աշխատում էին ամենանվիրյալ ուսուցիչները, որոնք ջերմեռանդորեն գիտելիքներին զուգահեռ երեխաների մեջ սերմանում էին վառ հայրենասիրություն։ Արմանը և իրենից մեկ տարով մեծ եղբայրը լավ էին սովորում… 2008 թվականին Արմանը գերազանցությամբ ավարտեց միջնակարգը։ Իսկ 2010-2012 թթ. նա արդեն Հայոց բանակի զինվոր էր՝ կարգապահ ու իր անելիքը գիտակցող։ Բարեխիղճ ծառայության համար արժանացել է զորամասի հրամանատարության պատվոգրին, ծնողներն էլ ստացել են շնորհակալագիր…
2012 թ. Արմանն ընդունվում է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության բաժին, սակայն ավտովթարից ստացած առողջական խնդիրների պատճառով ուսումը չի շարունակում։ 2013 թ. աշխատանքի է ընդունվում ԱՀ ԱԱԾ-ում։
2015 թ. սեպտեմբերին այցելում է Քաշաթաղի հարավային Մուշ գյուղ՝ ընկերոջ տուն, որտեղ էլ ծանոթանում է ապագա կնոջ՝ Տաթևի հետ… 2016 թ. ապրիլյան պատերազմն սկսվելուց 3 օր անց Արմանն արդեն առաջնագծում էր՝ Թալիշ-Մատաղիս հատվածում։ Այդ ընթացքում հանդիպել եմ քաշաթաղցի կամավորականներին, նաև՝ Արմանին։ Այդ օրերին 1200-ից ավելի քաշաթաղցի կամավորականներ մեկնեցին առաջնագիծ, և մեծ մասը տուն եկավ հունիսի կեսին։ Արմանը նույնպես մոտ 3 ամիս առաջնագծում էր…
2017 թ. կայացավ Արմանի ու արմատներով գյումրեցի Տաթև Կարապետյանի նշանդրեքը, իսկ 2018 թ. հոկտեմբերին՝ հարսանիքը… 2018 թ. Արմանը դարձյալ ծառայության անցավ Արցախի ԱԱԾ-ում և հետագայում լավ ծառայության համար արժանացավ «Գերազանցիկ» կրծքանշանի։ Ժամանակավորապես կնոջ հետ տեղափոխվել ու բնակվում էին Ստեփանակերտում։ 2019 թ. ծնվեց առաջնեկը՝ Գեղամը։ «Ամուսնացանք և տեղափոխվեցինք Ստեփանակերտ. ես ուսանում էի այնտեղ, պետք է ավարտեի, ու վերադառնայինք գյուղ՝ Ղազարապատ,- պատմում է կինը։- Արմանը շատ աշխատասեր ու ձգտող էր, ուզում էր տուն կառուցել Ստեփանակերտում՝ իր երազած տունը։ 15 օր ծառայության մեջ էր, մյուս 15 օրն էլ աշխատում էր շինարարությունում։ Ցանկանում էր ամեն ինչի հասնել իր աշխատանքով. հայրն էլ հիվանդ էր, պետք էր նաև նրան օգնել։ Ես էլ սովորելուն զուգահեռ աշխատում էի։ Երբ ծնվեց մեր որդին՝ Գեղամը, առժամանակ տեղափոխվեցինք գյուղ, որպեսզի այնտեղ մեծացնենք երեխային ու նորից վերադառնանք Ստեփանակերտ։ Արմանը միշտ ասում էր՝ ես լավ հայր եմ լինելու։ Շատ էր սիրում Գեղամին, ամեն ինչ անում էր իր Ցլոյի համար. այդպես էր անվանում որդուն։ Անհամբեր սպասում էր, որ նոյեմբերի 2-ին նշեինք տղայի 1-ամյակը։ Բայց… 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, և Արմանը, որ պայմանագրային զինծառայող էր արդեն, մեկնեց առաջնագիծ, հոկտեմբերի 15-ին Արաքսի ափին էր մարտնչում։ Այնտեղ էլ զոհվել է՝ փրկելով ընկերոջ կյանքը…»։
Արմանին հուղարկավորել են ծննդավայրում՝ Արևշատում։ Նախատեսված էր, որ նրան նվիրված հուշաքար պետք է տեղադրվեր գյուղում, սակայն որդու մահվան ցավին չդիմացավ նաև հայրը՝ Գեղամը, և վախճանվեց հիվանդանոցում՝ 2021 թ. ապրիլի 23-ին… Հունիսի 8-ին ծնվեց Արմանի երկրորդ որդին։ Կրտսեր որդուն կոչեցին հոր անունով՝ Արման, հավատով, որ շարունակելու է հերոս հոր կիսատ թողածը, հավատով, որ դառնալու է Հայոց երկրի լավագույն զավակ ու վառ է պահելու հոր հիշատակը…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #23 (1394) 16.06.2021 - 22.06.2021, Ճակատագրեր