ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ…
Արցախյան վերջին պատերազմը ամբողջ ազգին ոտքի հանեց։ Մեծ նվիրումով էր գործում թիկունքը, հատկապես՝ բժիշկները։ Նրանց շարքերում էին նաև Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (տնօրեն՝ Տիգրան Վահրամյան) աշխատակիցները: Ինստիտուտում 2020 թ. նոյեմբերից վերականգնողական կուրսեր էին ընդունում պատերազմի ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինվորականները։
…Եվ որպես բժիշկների հանդեպ երախտագիտության դրսևորում՝ հունիսի 15-ին ինստիտուտի դահլիճում կայացավ ցերեկույթ-համերգ՝ Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի (տնօրեն՝ Ռուզան Տոնոյան) «Բալասան» խորագիրը կրող ծրագրով։
Մինչ այդ, զրուցեցի ինստիտուտի փոխտնօրեն Արմինե Հովակիմյանի և կազմակերպչական բաժնի վարիչ Սուրեն Չիչակյանի հետ։ Տեղեկացրին, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում 750-ից ավելի զինվորականներ են իրենց մոտ վերականգնողական կուրսեր անցել։ Հիմնական մասն ունեցել է բեկորային վիրավորում։ Ինստիտուտի մոտ 170 աշխատակիցները գիշեր-ցերեկ եղել են զինվորների կողքին։ Այդ օրերին նաև բազում բարերարներ են օժանդակել դեղորայքով և սարքավորումներով։ Բժիշկներ են եկել արտերկրից՝ Ամերիկայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Կանադայից։ Նրանց շարքերում եղել են նաև այլազգի բժիշկներ։ Ինստիտուտի անձնակազմը շնորհակալ է նաև կամավորականներին. տասնյակ կամավորներ օգնել են անձնակազմին՝ հատկապես սայլակներով վիրավորներ տեղափոխելիս։ Ս. Չիչակյանը նշեց, որ այդ օրերին բոլոր սենյակները լի էին։ Իրենց աշխատասենյակները տրամադրված էին դրսից եկած բժիշկներին, հոգեբաններին։ Գոհ են ու շնորհակալ, բոլորի անձնվիրության շնորհիվ այժմ ինստիտուտում վերականգնման կուրս են անցնում տասնյակից քիչ ավելի ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ։
… Համերգի ընթացքում ելույթ ունեցան ճանաչված երգիչներ Արամոն, Դավիթ Ամալյանը, Ալլա Լևոնյանը, օպերային երգչուհի Մերի Մարտիրոսյանը, ռազմահայրենասիրական երգերի անզուգական կատարող Արման Առաքելյանը։ Ցերեկույթը վարում էր ռեժիսոր Արսեն Ղազարյանը։ Խոսելով պատերազմի չարիքների մասին՝ Ա. Ղազարյանը կարևորեց մեր հոգևոր արժեքները, որ ծանր օրերին միշտ նեցուկ են եղել, նպաստել հոգեկան ամրությանն ու դժվարությունները հաղթահարելուն։ Հանդիպման խորհուրդը ներկայացրեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար Մադլեն Հովսեփյանը։ Նրա առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը։ Անդրադառնալով «Բալասան» ծրագրին՝ նա ասաց, որ դրա նպատակը վիրավոր զինվորականների բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը նպաստելն է, նրանց, ինչու չէ, նաև՝ բուժաշխատողների կողքին լինելը։
Այնուհետև, իրենց խոսքն ասացին մեր անվանի երգիչները։ Դավիթ Ամալյանը, որի արվեստագետ որդին՝ Վարդանը, զոհվել է վերջին պատերազմում, շնորհակալություն հայտնեց բժիշկներին, որ արել են ամեն ինչ՝ զինվորներին բուժելու համար։ Շնորհակալություն հայտնեց զինվոր տղաներին, որոնք իրենց կյանքի գնով էին երկիրը պաշտպանում… Երգչի կատարումները ոգևորող էին, զինվորի մասին էին։
Ալլա Լևոնյանի կատարմամբ «Հայաստան» երգը, որ գրվել է տարիներ առաջ, կարծես, այսօրվա մասին է. «Թող բացվի առավոտը թարմ քեզ համար, ու թող նա բերի իր հետ հույս ու սեր ու հավատ, Հայաստան…Հայաստա՜ն…»։ Արման Առաքելյանի կատարմամբ էլ հնչեցին ռազմահայրենասիրական մի շարք երգեր, սակայն Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր, հայրենի» երգը ոտքի հանեց ամբողջ դահլիճին, շատերի աչքերին արցունք կար. երազ երկիրն այսօր վտանգված է…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Բանակ և հասարակություն