Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԳԻՏԵՄ՝ ՔՈՆՆ ԵՄ ԵՍ ԷՈՒԹՅԱՄԲ…»



«ԳԻՏԵՄ՝ ՔՈՆՆ ԵՄ ԵՍ ԷՈՒԹՅԱՄԲ...»Տրված էր հրաման՝ անցնել հարձակման: Բայց ինչպես առաջ շարժվել: Նրանք մեզ նկատել էին: Եվ մի փոքր շարժի դեպքում հազարավոր գնդակներ էին թափվում մեր գլխին: Խրամատի մեջ մտածում էինք գտնել հարձակման լավագույն ձևը: Մեկ էլ սկսեց անձրև տեղալ: Կես ժամ անց խրամատի կեսը ջուր էր, մենք էլ՝ մեջը: Բախտներս բերել էր, որ եղանակը տաք էր:

Մեկ էլ տղերքից մեկը, թե՝ «Հենց իմացեք, թե վայրի բադ եք»: Չծիծաղեցինք՝ սրտներս կրակվում էր: Անելանելի դրության մեջ էինք: Հրամանը պարտադիր պետք է կատարվեր: Բա մենք ինչ տղամարդ: Մեր մտածմունքը հարձակվելն էր, քիչ զոհերով թշնամու դիրքերը գրավելը: Մեկ էլ երկինքը ոռնաց, մթնեց ու սևացավ: Քամին սկզբում դանդաղ, ապա այնպիսի ուժ ստացավ, որ մարդուն թղթի նման կշպրտեր: Բնությունը գուցե փորձում էր մեզ օգնել: Աննկատ շարժվեցինք առաջ: Զգացինք, որ թշնամին չի նկատում: Արյունն աչքներս շարժվեցինք և թշնամուց մոտ 300 մետր հեռավորության վրա դիրքավորվեցինք: Անձրևը գալիս էր ու գալիս: Երբ դադարեց, քամին թուլացավ, թշնամու դիրքերում նկատվեց շարժ: Մեր մոտենալը, դիրքավորվելը նրանք չէին նկատել ու սկսեցին առաջ շարժվել: Տեսնելով, որ վտանգ չկա, կարծեցին, թե նահանջել ենք, ու ավելի վստահաբար առաջացան: Մեր ու նրանց միջև տարածությունը 50-80 մետր էր: Չեք պատկերացնի, թե ինչ տեղի ունեցավ: Հանկարծակի այնպիսի կրակ տեղաց, որ թշնամին խուճապահար միայն մտածում էր փախուստի մասին: Կրակե կարկուտը տևեց մոտ կես ժամ: Շատերը գտան իրենց արժանի վախճանը: Թշնամին փախչում էր, իսկ մենք, վրեժով լցված, հետապնդում էինք նրան: Ախր, քանի օր անզորությունից տղաները հերսոտել էին: Եվ հիմա եկել էր պահը: Անհայտ էր գերության մեջ գտնվող մեր ընկերների ճակատագիրը… Հասանք նրանց դիրքերին: Ոչ մի շունչ: Սկսեցինք զննել տեղանքը: Գտանք մեր տղաների գազանաբար խոշտանգված դիակները…

Երեկոյան կողմ հրամանատարը դադարի ազդանշան տվեց: Հետադարձ ճանապարհին ընկած էին թշնամու դիակները: Առանց ուշ դարձնելու շտապում էինք հասնել մեր զոհված ընկերներին: Պահն աննկարագրելի էր… Մարմինները մեկ առ մեկ փաթաթելով շորերի մեջ՝ սկսեցինք տեղափոխել: Զոհված տղաներից մեկի կողքին ցելոֆանով փաթաթված մի թուղթ գտա: Վերցրի: Զգուշորեն բացելով՝ կարդացի.

«Եթե զոհվեմ, դու չտխրես,

Ի՛մ սիրելի, սիրունի՛կ,

Գիտեմ՝ քոնն եմ ես էությամբ,

Սակայն կա և ՀԱՅՐԵՆԻՔ…

Ի՛մ սիրելի, ի՛մ սրբություն, ես քեզ հավատում եմ ու ողջ էությամբ սիրում: Դու ինձ համար մխիթարություն ես ու ջերմության աղբյուր: Ես անպայման կգամ: Մի քիչ էլ համբերի: Դու միայն քեզ լավ պահի: Քո կարոտը երբեմն ինձ նեղում է: Երբեմն քո…»:

Կարդալուց հետո մարմինս սարսռաց… Ձեռագիրը ծանոթ չէր,  և ոչ էլ հասցեատերն էր հայտնի, քանզի հասցեն գրված չէր:

Տեսնես ո՞վ էր գրել այդ նամակը, տեսնես ո՞ւմ էր հասցեագրված: Երբ հանդիպում եմ իմ զոհված ընկերների հարազատներին, նրանց մեջ փնտրում եմ հասցեատիրոջը, փնտրում եմ, փնտրում…

Եվ մտքումս նորից ու նորից հնչում են իմ զոհված, անհայտ ընկերոջ գրած տողերը.

Եթե զոհվեմ, դու չտխրես,

Ի՛մ սիրելի, սիրունի՛կ,

Գիտեմ՝ քոնն եմ ես էությամբ,

Սակայն կա և ՀԱՅՐԵՆԻՔ…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԱՆՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Ճակատագրեր


24/06/2021