Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի՞ՆՉ ԿԱՐԳՈՎ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Վ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ



Հարց. Ես ապրում եմ Մեղրի քաղաքում, գարնանն ավարտելու եմ դպրոցը, ցանկանում եմ դառնալ զինվորական եւ սովորել ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անունը կրող ռազմական ինստիտուտում: Ի՞նչ չափանիշներով են ընտրվում այդ բուհի կուրսանտները, եւ ինչպիսի՞ն է ընդունելության կարգը:

ԱՐՏԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ

Պատասխան. Սիրելի Արտակ, ողջունելի է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ընտրելու քո ցանկությունը:

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը պատրաստում է հրետանավորներ եւ մոտոհրաձիգներ, որի համար յուրաքանչյուր տարի հայտարարվում է ընդունելություն:

Ռազմական ինստիտուտ կարող են դիմել դպրոցների արական սեռի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտները, ովքեր տարածքային, մարզային զորակոչային հանձնաժողովների կողմից զինվորական ծառայության համար ճանաչվել են պիտանի, ինչպես նաեւ մինչեւ 23 տարեկան պահեստազորում գտնվող զինապարտները:

Ռազմական ինստիտուտ կարող են ընդունվել նաեւ մինչեւ 23 տարեկան պայմանագրային կամ պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինծառայողները, որոնց վերադաս հրամանատարությունը կերաշխավորի սովորելու համար:

Քաղաքացիների դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում, իսկ զինծառայողներինը` զորամասերում, որտեղ կազմվում է անձնական գործ, որի համար Դուք պետք է ներկայացնեք հետեւյալ փաստաթղթերը.

-դիմում (զեկուցագիր) տարածքային զինվորական կոմիսարի (զինծառայողները` զորամասի հրամանատարի) անունով, որում պետք է նշված լինի Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, կրթության աստիճանը (զինվորականները պետք է նշեն նաեւ իրենց կոչումն ու պաշտոնը), եւ ինչ մասնագիտացում եք ուզում ստանալ,

-բժշկական հետազոտման քարտ,

-ինքնակենսագրություն,

-բնութագիր` ուսման, աշխատանքի վայրից, իսկ զինծառայողները` զորամասի հրամանատարի կողմից,

-3×4 չափի 4 լուսանկար,

-տեղեկանքներ բնակավայրից (ընտանեկան կազմի վերաբերյալ), նարկոլոգիական, հոգեբուժական դիսպանսերներից, տարածքային ոստիկանության բաժնում հաշվառման մեջ չլինելու վերաբերյալ, ծննդյան վկայականի պատճենը` 2 օրինակ, միջնակարգ կրթության վկայականը եւ, առկայության դեպքում` երաժշտական կրթության կամ մարզական կարգերի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաեւ Ձեր ծնողների համաձայնագիրը Ձեզ ուսման ուղարկելու վերաբերյալ եւ Ձեր սոցիալական քարտը:

Ձեր անձնագիրը, կցագրման վկայականը կամ զինվորական գրքույկը եւ ատեստատը` միասնական կարգով հանձնած քննությունների վկայագրերի հետ միասին, Դուք պետք է անձամբ ներկայացնեք կենտրոնական ընդունող հանձնաժողովին:

Ռազմական ինստիտուտում ընդունելության քննություններն անցկացվում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սահմանած` բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության «Միասնական քննակարգով»` «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաներից:

Դուք պետք է հանձնեք նաեւ քննություն «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից, որը կկազմակերպվի ռազմական ինստիտուտում:

Ֆիզիկական պատրաստության քննության ժամանակ ստուգվում է հետեւյալ նորմատիվների կատարումը`

-100 մ վազք,

-1000 մ վազք,

-ձգումներ պտտաձողի վրա:

Ընդունելության քննությունների արդյունքների ամփոփումն իրականացվելու է ՀՀ ՊՆ մանդատային հանձնաժողովի նիստում, որտեղ յուրաքանչյուր դիմորդի հետ կանցկացվի հարցազրույց` նրա գործնական հատկանիշները, կազմակերպչական ունակությունները, հաստատակամությունը, կատարողական կարգապահությունը, պահանջկոտությունը, բարոյական հատկանիշները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքը եւ այլ հատկանիշներ կամ ունակություններ հայտնաբերելու, պարզորոշելու նպատակով:

Անհրաժեշտ է ընդգծել, որ արտամրցութային կարգով ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած, մասնագիտական ընտրության բոլոր պահանջները բավարարող հետեւյալ դիմորդները.

1.Մարտական գործողություններում զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների եւ ազատամարտիկների երեխաները,

2. Երկկողմանի ծնողազուրկ պատանիները:

Իսկ հավասար միավորներ հավաքելու դեպքում արտոնություն կտրվի քննություններից դրական թվանշաններ ստացած, մասնագիտական ընտրության բոլոր պահանջները բավարարող.

1. Պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողներին,

2.Մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների եւ ազատամարտիկների երեխաներին,

3. Սպորտի վարպետներին ու վարպետության թեկնածուներին:

Քննությունները բարեհաջող հանձնելուց հետո Ձեր ընդունելության վերաբերյալ կարձակվի ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանը: Դուք կհամարվեք կուրսանտ եւ Ձեզ հետ, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, կկնքվի հետագա ծառայությունը շարունակելու վերաբերյալ պայմանագիր:

Հարգելի Արտակ, հուսով ենք, որ հանձին Ձեզ, մեր զինված ուժերը կհամալրվեն խելացի, գիտակից, արժանապատիվ եւ հայրենասեր հայորդով, որը ապագայում կդառնա հմուտ, կարգապահ, անբասիր եւ օրինակելի զինվորական:

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Սոցիալ-իրավական


07/12/2011