ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ
Արդեն մի քանի տարի է, ինչ մեր բանակում արտասահմանյան շատ պետությունների օրինակով ներդրվել է պայմանագրային հիմունքներով ծառայություն անցնող սերժանտների համակարգը: Վստահորեն կարելի է ասել, որ համակարգը կայացել է և այժմ զարգացման շրջան է թևակոխել: Պայմանագրային սերժանտների ծառայությունը կամավոր է, ցանկացողները համապատասխան պահանջները բավարարելու դեպքում լրացուցիչ նախապատրաստական շրջան են անցնում, թեև բոլորն էլ պարտադիր ժամկետային ծառայություն անցած, ֆիզիկական և մարտական պատրաստության բավարար մակարդակ ունեցող անձինք են, առավելապես երիտասարդներ: Ուսումնական փուլը հաջողությամբ ավարտելու դեպքում նրանք պայմանագիր են կնքում և ծառայության նշանակվում տարբեր զորամասերում:
Պայմանագրային սերժանտ դառնալու համար թեկնածուները նախնական ուսուցումը անցնում են ուսումնական զորամասերից մեկի բազայում, որտեղ էլ մասնագիտանում են որպես պայմանագրային սերժանտներ` ջոկի և դասակի հրամանատարներ` համալրելով առավելապես մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը:
Օրերս զորամասում ավարտվեց սերժանտների հերթական հոսքի ուսումնական ծրագիրը: ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության բաժնի պետ գնդապետ Գ.Հակոբյանը, ամփոփելով ծրագրի արդյունքները, նշեց, որ պայմանագրային սերժանտների համակարգը աստիճանաբար ավելի մեծ ճանաչում է ստանում, դիմողների թիվն էլ ավելանում է: Օրինակ` եթե անցած ուսումնական փուլի ընթացքում իրենք 40 հայտ են ստացել, ապա այս փուլում ծրագիրն ունեցել է ավելի քան 60 շրջանավարտ: Մի քանի ամսվա համար դա բավական լավ արդյունք է, իսկ նախնական ուսումնասիրությունները վկայում են, որ հետագայում այդ աճը ավելի մեծ է լինելու: Դրա համար առկա են մի շարք օբյեկտիվ պատճառներ: Նախևառաջ բավական բարձր աշխատավարձը` 150-170 հազար դրամ, ինչպես նաև զինծառայողների համար նախատեսված արտոնությունները:
Գնդապետը նշեց, որ, ինչպես միշտ, այս փուլում ևս ուսումնական ծրագրին մասնակցել են երեք խումբ դիմորդներ` պարտադիր ժամկետային ծառայություն անցած, արդեն պայմանագրային ծառայության մեջ գտնվող և առնվազն 1,5 տարի պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող մասնագետներ: Նախատեսված բոլոր պարապմունքներից հետո պաշտպանության նախարարության հանձնաժողովը թեկնածուներից քննություն է ընդունել կրակային, ֆիզիկական, շարային պատրաստություն, մարտավարություն, ՀՊՊ առարկաներից և կանոնադրությունների իմացությունից: Արդյունքները գոհացուցիչ են եղել, մասնակիցներից միայն մեկին չի հաջողվել հանձնել սահմանված նորմացույցները: Ընտրությունը խիստ է, մասնակիցների միջև լուրջ մրցակցություն է ծավալվում, և նրանք պայքարում են հնարավորինս բարձր արդյունքներ ցույց տալու համար:
Իհարկե, համակարգում դեռ կան որոշակի բացթողումներ, որոնք աստիճանաբար լրացվում են, ինչը բնական է ցանկացած նոր նախաձեռնության համար: Սակայն, ինչպես նշեց գնդապետ Հակոբյանը, պայմանագրային սերժանտների համակարգն այլևս այլընտրանք չունի, այն միայն պետք է զարգացնել ՀՀ զինված ուժերի զարգացման պլաններին համապատասխան: Ծրագրի առաջնահերթ նպատակը այնպիսի սերժանտներ պատրաստելն է, որոնք կօգնեն սպային, որի արդյունքում ստորաբաժանման կառավարումը, մարտական պատրաստությունը էականորեն ավելի բարձր մակարդակի կհասցվի: Օրվա հիմնական մասը անցկացնելով զինվորների հետ` պայմանագրային սերժանտը ավելի լավ է ճանաչում անձնակազմի անդամներից յուրաքանչյուրին եւ կարող է ճանաչողական խորհուրդներ տալ սպային այս կամ այն զինվորի հետ տարվող մասնագիտական և հոգեբանական աշխատանքի վերաբերյալ:
Գնդապետ Հակոբյանը նշեց, որ այժմ ծրագրեր են մշակվում նաև վաշտերի ու գումարտակների կազմում պայմանագրային սերժանտների ներդրման ուղղությամբ` զարգացնելով մինչ այժմ ունեցած ձեռքբերումները: Այսուհետ բացատրական լայն աշխատանք կկատարվի նաև բոլոր զորամասերում, քանի որ պայմանագրային սերժանտը ուսուցանվում, համապատասխան հրահանգներ է ստանում ուսումնական կենտրոնում, սակայն ամբողջությամբ կայանում է միայն զորամասում, և ոլորտի զարգացման համար կարևոր է ամբողջ սպայակազմի համատեղ նպատակային աշխատանքը:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Ազգային բանակ