Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՍԱՀՄԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ. ԾԱԾԱՆՎԵՑ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ, ԵՎ ՀՆՉԵՑ ԻՄ ԵՐԿՐԻ ԱՆՈՒՆԸ



ԱՆՍԱՀՄԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ. ԾԱԾԱՆՎԵՑ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ, և ՀՆՉԵՑ ԻՄ ԵՐԿՐԻ ԱՆՈՒՆԸՕրերս ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ MMA վարկածով կարատեի Աշխարհի գոտու մենամարտը, և Աշխարհի գոտին նվաճեց Հայաստանը ներկայացնող մարզիկը՝ Էդգար Սողոմոնյանը։ Նա իր հաղթանակը նվիրեց 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների հիշատակին և հայկական բանակի  բոլոր զինվորներին, այդ թվում՝ իր երկու որդիներին՝  Նարեկ և Հովհաննես Սողոմոնյաններին, որոնք ապագայում են զինվորանալու։

 

-Էդգա՛ր, ի՞նչ ուղերձ, ի՞նչ խորհուրդ ունի փառահեղ հաղթանակը 44-օրյա պատերազմում զոհված հայորդիներին նվիրելու իրողությունը:

-Ես հաղթանակ եմ նվիրել մեր Հայրենական պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Ամենաթանկը հայրենիքի ազատության ու հայ ժողովրդի ազգային արժանապատվության նժարին դրած քաջերը մեզ հրամայում են հաղթել: Այսօր ամեն հայի առաջնային ու կարևորագույն խնդիրը հաղթելն է, ամեն մեկը՝ իր բնագավառում, ամեն մեկը՝ ուժերի գերլարումով: Սա այն ճանապարհն է, որը մեզ պիտի տանի մեծ հաղթանակ, որը մեզ պիտի հասցնի մեր համազգային նպատակների իրականացմանը: Այսօր մենք պիտի ավելի շատ արտաբերենք հաղթանակ բառը: Իմ ուղերձը այն է, որ 44-օրյա պատերազմը բզկտեց մեր սիրտը, բայց չկոտրեց մեր ողնաշարը: Մենք ձիգ ու ամուր կանգնած ենք մեր հողին, մենք չենք հրաժարվել մեր ազգային նպատակներից, մենք ոչինչ չենք մոռացել ու չենք մոռանալու:

-Ըստ լրատվամիջոցների՝ Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ օգնել եք ճակատին, պատերազմի գոտում բնակվող երեխաներին…

-Այդ մասին կարելի է չխոսել, թերևս միակ ասելիքն այն է, որ Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է՝ աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի, հայրենիքը կառուցելու պարտքը խաղաղության ժամանակ յուրաքանչյուր հայինն է, հայրենիքի սահմանները պաշտպանելու պարտքը պատերազմի ժամանակ դարձյալ յուրաքանչյուր հայինն է: Ու եթե ինչ-որ մեկը չի կարողանում զենքով թշնամուց պաշտպանել հայրենիքը, պիտի խոնարհվի զենք վերցրած զինվորի առաջ, կյանքը հայրենիքին նվիրաբերելու նրա պատրաստակամության առաջ ու ռազմաճակատին օգնի ինչով կարող է: Դա ամենաչնչին բանն է, որ կարող էին անել պատերազմին ֆիզիկապես չմասնակցած հայերը:

-Դուք ձեր հաղթանակը նաև զինվորներին եք նվիրել, նաև ձեր որդիներին, որոնք ապագայում են զինվորանալու:

-Իմ հայրենիքի սահմանին կանգնած ամեն զինվոր հերոս է: Սահմանին մեր ժողովրդի ուժն է. պատիվը, արժանապատվությունը, իրավունքը: Մեզ ուժեղ բանակ է պետք, ու ես հպարտ եմ, որ իմ երկու որդիները այդ ուժի մասնիկն են դառնալու:

-Դուք բնակվում եմ Միացյալ Նահանգներում, Ձեր երկու որդիները Հայաստանո՞ւմ են ծառայելու:

-Ես հինգ տարի որդիներիս չեմ տեսել, որովհետև ընտանիքս Հայաստանում է, իսկ ես Ամերիկայում եմ աշխատում, և պայմանագրի պայմանները թույլ չէին տալիս ինձ Հայաստան գալ: Բացի այդ, որդիներս աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինեին, Հայաստանում պիտի ծառայեին, որովհետև հայը մեկ հայրենիք ունի, ու այդ հայրենիքը պաշտպանելու պարտքը սուրբ է: Հինգ տարվա ընդմիջումից հետո հուլիսի 23-ին ես կվերադառնամ հայրենիք, կգամ հաղթած, գլուխս՝ բարձր, ոգիս՝ պինդ…

-MMA վարկածով աշխարհի գոտին նվաճելու  համար հայտ էին  ներկայացրել մոտ 200 պետության մարզիկներ, որոնցից ընտրվել էիք դուք և ԱՄՆ-ի ներկայացուցիչը։ Դուք ի՞նչ ճանապարհ եք անցել այս հաջողությանը հասնելու համար:

-Ես սպորտով զբաղվել եմ 7 տարեկանից, սկզբում բռնցքամարտ եմ պարապել, հետո՝ ըմբշամարտ: Docando Full Contact Karate-ով զբաղվել եմ 17 տարեկանից: Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, Եվրոպայի չեմպիոն, 2016-ին հաղթել եմ Արևելյան մարզաձևերի աշխարհի առաջնությունում:

-Ճի՞շտ է, որ ադրբեջանցի մարզիկը հրաժարվել է ռինգ դուրս գալ Ձեզ հետ:

-Այո՛, նա հրաժարվեց մենամարտից: Այս դրվագը ինձ համար մեծ խորհուրդ ունի. մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն թշնամուն հաղթենք մարտում, այլեւ զրկենք նրան մեզ հետ չափվելու հնարավորությունից ու քաջությունից:

-Ինչպիսի՞ մրցակից էր տեխասցի Գոուդի Քինգը:

-Գոուդի Քինգը ուժեղ մրցակից էր: Կարելի ասել, որ նրա հետ մարտը ամենածանրն էր իմ կյանքում, բայց ես նրան տեխնիկական նոկաուտի ենթարկեցի ու ծածանեցի մեր Եռագույնը:

-Դուք կարող էիք ամերիկյան դրոշի տակ մտնել ռինգ, ու բոլորիս է հայտնի, թե ինչ առավելություններ կունենայիք այդ դեպքում:

-Բայց չէի ունենա այն անսահման բերկրանքը, որը ապրեցի, երբ իբրև հաղթության նշան ծածանվեց Եռագույնը, երբ հաղթանակ բառի կողքին հնչեց իմ հայրենիքի անունը:

-Էդգար ջան, բարով գաք հայրենիք, Ձեզ նոր հաղթանակներ եմ մաղթում՝ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1398) 14.07.2021 - 20.07.2021, Մարզաշխարհ


15/07/2021