«ԻՆՉՈ՞Ւ» ՉԿԱ՛, ԿԱ «ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ»…
Օգիտայի ձայնի մեջ այնքան հույս, կամք ու լավատեսություն կա: Շատ կուզենայի, որ լսեիք այդ ձայնը, որով նա մի ամբողջական ու ճշմարիտ կյանքի փիլիսոփայություն մեկնեց: Եթե չիմանայի, որ ընդամենը ամիսներ առաջ պատերազմում սիրելի ամուսնուն՝ իր երեք լույս-զավակների հորն է կորցրել, կմտածեի, որ որևէ խնդիր չունեցող մի մարդու հետ եմ զրուցում… Շուտով հասկանալու էի, որ երիտասարդ կինը, որին ծանր մի ճակատագիր է բաժին ընկել, շատ ավելի մեծ ու կարևոր բանի է տիրապետում, որը տրված չէ շատ ու շատ «բարեկեցիկ» կյանքով ապրող մարդկանց… Նրանն է իր կյանքի ուղու կատարյալ գիտակցումը ու այն՝ որպես Աստծո շնորհ գնահատելու կարողությունը: Նա ոչ միայն հերոսաբար հաղթահարում է ցավալի իրողությունը, այլև հաջողում է հույս ու հավատ սփռել շուրջբոլորը, օգնել ուրիշներին՝ հաղթահարելու անդառնալի կորստի ցավը: 44-օրյա պատերազմում անմահացած ամուսնու՝ Դավիթ Անանյանի հետ ապրած 18 երկրային տարիները նա չէր փոխի աշխարհային ցանկացած «բարիքի» հետ:
«Պատերազմն սկսվելուն պես Դավիթը ներկայացավ զինկոմիսարիատ, թեև, որպես պահեստազորի սպա, պետք է սպասեր, որ կանչեին,- պատմում է Օգիտան:- Սարսափելի էր սպասումը. նեղսրտում էր, փորձում էր տեղեկանալ, ո՞ր ջոկատն է պատրաստվում գնալ ճակատ, որ միանար: Աչքի եղջերաթաղանթի հիվանդության պատճառով տեսողությունը հետզհետե վատանում էր: Վերջերս էր վիրահատություն տարել: Վեց ամսից հետո միայն ակնոց պետք է նշանակեին: Երբ փորձում էի հանգստացնել, կամ համոզել, որ պատերազմը իր տեղը չէ, զայրանում էր. «Դու էսպես չէիր մտածում. ի՞նչ է եղել քեզ»: Ասում էի. «Դավի՛թ, ախր, ես գիտեմ, թե դու ինչի ես ընդունակ. չեմ ուզում, որ քեզ անլիարժեք զգաս մարտադաշտում»: «Թեկուզ կարտոֆիլ կմաքրեմ. մի բանով կօգնեմ»: Ի վերջո, միացավ առաջնագիծ մեկնող ջոկատներից մեկին: Սկզբում Քարվաճառում էին կռվում, վերջին օրերին՝ Կարմիր Շուկայի տարածքում:
… Հիմա նայում եմ նրա առաջնագծի լուսանկարները, տեսնում եմ նրա աչքերի զարմանալի երջանիկ փայլը… Հանդիպում եմ նրա ընկերներին, մարդկանց, որոնք շփվել են նրա հետ վերջին օրերին և իրադարձությունների «փազլն» եմ հավաքում: Երբ ինձ առաջարկեցին հետմահու պարգևատրման արարողության մասնակցելու համար մեկնել Արցախ, որտեղ նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնելու էր Դավիթի «Արիության» մեդալը, ծանր մտորումների մեջ ընկա, բայց… գնացի: Նույն օրը, նույն տեղում միասին զոհված ընկերների՝ Վաղարշակ Գրիգորյանի, Կարեն Կարապետյանի այրիների հետ գնացի: Ի դեպ, հիմա երեք կանանցով շատ մտերիմ ենք: Իրար թև ու թիկունք ենք լինում, նեղության մեջ օգնում: Երեխաներն էլ են ընկերացել… Մեզ հետ էին հրամանատարը և նրանց հետ կռված տղաները: Ամբողջ ճանապարհին խոսում էինք: Ծանր էր, բայց շատ նոր բաներ իմացանք միմյանցից: Իմացանք երեք ընկերների հայտնի՝ գերանով լուսանկարի պատմությունը, որ «Հայ զինվորում» մի անգամ հրապարակվել էր: Գերանն ուսած՝ ուրախ ժպտում են նկարում… Մարտական ընկերներից մեկը՝ «Դուք Դավիթի կի՞նն եք… Ես նրանց չորրորդ ընկերն եմ»,- ասաց հուզված: Եղո է նրա անունը: Հարցրի. «Բոլոր նկարներում այնքան ուրախ են: Ի՞նչ կար ուրախ լինելու»: Գերանով նկարի մասին հարցրի: Եղոն պատմեց, թե ինչպես է արվել լուսանկարը. «Իմ զենքը, որով կռվում էի, իրենցինից ավելի հզոր էր: Մի քիչ խեթ էին նայում ինձ այս երեքը: Անընդհատ կատակով ուզում էին ձեռքիցս վերցնել: Մի անգամ էլ Դավիթն ու Վաղոն վերցրին այդ քոթուկը, դրին ուսներին ու ասացին. «Պա՛հ, զարմացրիր քո զենքով: Տե՛ս, մերը պակա՞սն է»: Ու ծիծաղում էին: Մեր տղաներից Արտակն էլ ասաց. «Կանգնե՛ք, նկարեմ. շատ սիրուն կադր կլինի՝ անմահացնեմ ձեզ…»:
Մարտական ընկերներից վերցրի բոլոր լուսանկարներն ու տեսագրությունները, որ արել էին այդ օրերին: Բերեցի, երեխաներին ցույց տվեցի, տեսան, թե այդ նեղ դրության մեջ ի՜նչ պայմաններ էին ստեղծել իրենց դիրքերում:
…Հրադադարի գիշերը, մինչև լուսադեմ, կռիվը շարունակվել է: Հրադադարի հայտարարումից անմիջապես հետո հարձակում է եղել մեր դիրքերի ուղղությամբ: Ծանր մարտեր են եղել մինչև լուսաբաց… Վաղարշակը, Դավիթն ու Կարենը խրամատում են եղել, երբ ինքնաթիռը թռել է իրենց ուղղությամբ: Նրանց են բաժին հասել ռմբահարումները»:
Դավիթի մասին մարտական ընկերները Օգիտային ասել են, թե՝ աներևակայելի, իրենց խոսքով՝ «աննորմալ» ոգու տեր էր: «Ասում էին. բոլորս էլ ինչ-որ պահերի ընկճվում էինք, տրամադրություններս կարող էր ընկնել, բայց նրա մեջ անսովոր մի հանդարտություն կար: Մեր ամենաընկճված պահին մեկ էլ ասում էր. «Եկեք՝ տեսնեմ՝ ո՞վ է թեյ խմում: Ձեզ որ նայես՝ առանց թեյի կմնաք»: Կամ՝ փոխհրաձգության ընթացքում սկսում էր անեկդոտ պատմել: «Դավի՛թ, դրա ժամանակը չի»: Բայց իր պետքը չէր. մի կողմից կրակում էր, մի կողմից անեկդոտ պատմում»: Տղաները միաբերան ասում էին, որ Դավիթի շնորհիվ շատ դժվար պահեր են հաղթահարել: Շուրջբոլորը կրակում էին, երկնքից ռումբեր էին թափվում, չգիտեին՝ հաջորդ պահին ողջ կլինեն, թե՞ ոչ, իսկ ինքն, ասես, ուրիշ իրականության մեջ լիներ. «Տղե՛րք, թե՜յ եմ դնում»: Ու անմիջապես թեթևություն էր զգացվում մթնոլորտում:
Երբ ասացի, որ Դավիթը տեսողության խնդիր ուներ, բոլորը տարօրինակ ինձ նայեցին: «Հնարավոր չի. շատ դիպուկ էր կրակում»: Ասացի. «Ախր, մի քանի մետրի վրա անգամ աղոտ էր տեսնում»: «Ի՞նչ տեսողության խնդիր. դիտակետից հաճախ էր ճշգրիտ դիտարկում»: Այս խոսքի վրա ծիծաղս եկավ. «Այդ աչքերով ի՞նչն էր դիտարկում»: Մարտընկերներից մեկն ասաց. «Ա՛յ Օգիտա ջան, դու էլ ամուսնուդ պես ամեն իրավիճակում հումորի ես տալիս»: «Ախր, հումորի չեմ տալիս, իսկապես շոկի մեջ եմ…»:
Մեկն էլ հիշեց, որ ինչ պայմաններում էլ լինեին, ամենացուրտ օրն անգամ միշտ սառը ջրով լողանում էր: Նրա կենցաղում ոչինչ չէր փոխվել, ուրեմն: Հենց հանդարտ մի պահ լիներ, իր թեյը պիտի խմեր ու սառը ջրով լողանար: Տղաները հիշեցին նաև, թե մի անգամ ինչպես էր Դավիթը կարոտալից ձայնով ասել. «Տղե՛րք, գիտեք, չէ՞, հենց տուն հասնեմ, մի մեծ տաշտ տաք, շատ տաք ջուր եմ լցնելու, մտնեմ մեջը ու մի դույլ թեյ էլ կողքիս դնեմ ու… խմե՜մ, խմե՜մ, կշտանամ»:
…Դավիթի հայրը ծնունդով Մարտակերտից է՝ Հարությունագոմերից: Իմ մայրն էլ է Մարտակերտից: Ամառներն այնտեղ էինք անցկացնում: Պաշտում էր Արցախի բնությունը: Ավարտեց ոստիկանության ակադեմիան: Բոլորը ձգտում էին Երևանում ծառայության անցնել, իսկ իր ուշքն ու միտքը Արցախն էր: Նույն շենքում ենք ապրել, նույն դպրոցի զուգահեռ դասարաններից էինք: Նա շատ բարեկիրթ, զուսպ տղա էր, ես՝ չարաճճի:
…Երբ ես ու Դավիթը պատրաստվում էինք ամուսնանալ, հորս հայտնեց, որ ուզում է Արցախում ծառայել ու մեր համատեղ կյանքն այնտեղ սկսել: Քունգ ֆուի մարզիչ էր, մտադիր էր այնտեղ ծառայությանը զուգահեռ մարզել Արցախի երեխաներին: Երկուսիս էլ Կարո Քեբաբջյանն էր մարզել. իր անսովոր հայրենասիրությունը փոխանցել մեզ՝ սաներիս: Հիմա, երբ նայում եմ Դավիթի մարզիչ ընկերներին, այնքան նման են իրար, ասես՝ մի սանրի կտավ լինեն: Այս ամենը Վարպետից էր գալիս: Երբ Վարպետը Դավիթի հուղարկավորությանը ինձ մոտեցավ, շատ տխուր ասաց. «Ես այս օրվա համար չէի պատրաստեր անոր»: Իսկ ես պատասխանեցի. «Շնորհակալ եմ Ձեզ»: Ընկերուհիներս, որ կողքիս էին, տարակուսեցին՝ ի՞նչ եմ ասում: Իսկապես, շնորհակալ էի Կարո Քեբաբջյանին իր տեսակի համար, ու որ Դավիթը նրանից ստացել էր այդ մեծ պարգևը՝ հայրենասիրությունը… Երբ Կարո Քեբաբջյանի մահվանից հետո հանդիպեցի նրա կնոջը, հուզվեց ինձ տեսնելով, պատմեց, որ Վարպետը իր տեղը չէր գտնում, անընդհատ ասում էր. «Դավի՜թս, Դավի՜թս…»:
Ես այս ամենի հոգևոր մեկնաբանությունն ունեմ: Նույն օրը մահացած Արկադի Տեր-Թադևոսյանը, Կարո Քեբաբջյանը, Հայրենիքի համար զոհված մեր բոլոր հերոս տղաները երկնքում երկնային հզոր մի զորք ենք կազմում: Ուրիշ տարբերակ չկա: Նրանց կարիքը վերևում, կարծում եմ, որպես բարեխոսներ, զգացվել էր…
…Դավիթը ինձ այնքան սիրուն պատմեց Արցախում մեր ապագա կյանքի մասին, որ, չնայած մայրը խնդրել էր, որ ետ պահեմ նրան Արցախում տուն դնելու մտքից, ես շատ արագ համաձայնեցի: Ասացի՝ «Ես էլ որպես կենսաբանության ուսուցչուհի կաշխատեմ»:
23 տարեկան էր, երբ դարձավ քրեական հետախուզության ամենաերիտասարդ պետը, զուգահեռաբար ոտքով շրջում էր Շուշիի մերձակա գյուղերով ու մարզում երեխաներին: Շուշիում կայացած «Հայ սև գոտիների միության» 40-ամյակին նվիրված հանդիսությանը մեդալ ստացավ Կարո Քեբաբջյանից: Շատ ուրախ օր էր: Շուշին նրա համար առանձնահատուկ մի վայր էր: Հիմա մտածում եմ, որ եթե անգամ ողջ մնար, չէր դիմանա Շուշիի ներկա կարգավիճակին…»:
Օգիտան հաճախել է Ջրվեժի եկեղեցու երիտասարդաց միությունը, մեծացել, ինչպես ինքն է ասում, եկեղեցու Տեր հոր՝ Տեր Կյուրեղի ձեռքի տակ: 12 տարեկանից երգել է Ջրվեժի եկեղեցում: «Մեր մտերմությունը հոր ու աղջկա մտերմություն էր: Նա է ինձ ամուսնացրել, կնքել է երեխաներիս: …Դավիթից հետո կառչել էի Տեր Կյուրեղից. նա էր ինձ համար այն հենարանը, որ ինձ ամուր էր պահում այս աշխարհում: Հետո եղավ այդ չարաբաստիկ ավտովթարը… Մտածում էի՝ «Ինչպե՞ս, Տեր Աստված, այս ի՞նչ ես անում: Ներսումս պայքար էր. «Չէ՞ որ Տեր Կյուրեղն էր ինձ օգնելու, որ հաղթահարեմ ցավը»: Եվ, պատկերացրեք, նա մինչև այս աշխարհից հեռանալը՝ Դավիթից ընդամենը օրեր անց, հասցրեց ինձ մխիթարել: Դավիթի թաղման օրը Տեր հայրը եկավ, ինձ գրկեց, ասաց. «Օ՛գ ջան, Աստված մարդուն տանում է իր հոգու լավագույն, բարձրակետային պահին: Նա գուցե քեզ հետ ապրել, բացվել է, բայց որպես մարդ՝ նրա հոգին չէր բացվել մինչև պատերազմը…»: Եթե դա նրա հոգու գագաթնակետն է եղել, ուրեմն, հազա՜ր փառք իրեն, ուրեմն՝ այդպես էր պետք, դա իր ընտրությունն էր: Մարդկային վիշտը միշտ էլ կա, դրա դեմ ոչինչ անել չես կարող: Հուսալքության շատ պահեր եմ ունեցել: Բայց դա նորմալ է, մարդկային է: Տեր հոր միջոցով ընկալեցի այդ պարզ ճշմարտությունը. «Դու պատկերացնում ե՞ս՝ մենք ինչե՜ր պետք է անենք այս կյանքում, որ հասնենք նրան, ինչին մեր տղաները հասան այդ կարճ ժամանակում»,- ասաց… Տեր Կյուրեղը այդ օրերին անընդհատ ինձ հետ էր: Հուղարկավորության օրը, երբ դուրս եկավ տնից, ասաց. «Ես գիտեի, որ դու մեր ընկերն ես, բայց որ այս աստիճանի, չէի պատկերացնի»: Նրան կորցնելը իմ երկրորդ շատ մեծ սթրեսն էր: Բայց հետո սկսեցի հանդիպել մարդկանց, որոնք, ասես, ինձ ինչ-որ ուղերձներ էին փոխանցում, պատասխանում էին ինձ տանջող հարցերին: Վիշտս շատ մեծ է, քանի որ շատ սիրով զույգ ենք եղել: Փորձում եմ հումորով վերաբերվել. ինքս ինձ ասում եմ՝ ափսոս չէ՞ր այդ սերը… 18 տարի ենք միասին ապրել ու շատ սիրով, ուրեմն, դա էր մեզ տրված, փա՜ռք Աստծո: Ուրախ եմ, որ երբևէ նրան չեմ նեղացրել: Եթե անգամ նեղսրտել եմ մի բանից, չեմ կշտամբել: Աստված ինձ այդ իմաստնությունը տվել էր, ինչի համար շատ շնորհակալ եմ:
… Երբ եկեղեցուց տուն էի գալիս, Դավիթն ասում էր. «Աստված քեզ սիրում է: Ոնց էլ չլինի՝ մի քիչ էլ ինձ կսիրի»: Ինքը միշտ մտածում էր, թե իր հետ ամուսնանալով, ես եմ իրեն փրկել: Հիմա եմ հասկանում, որ հակառակն էր: Անչափ մաքուր հոգի էր: Երբ տեսնում էի՝ ընտանիքներով կիրակի օրը Պատարագի են գալիս, ինքը՝ բասկետբոլի, նեղսրտում էի: Ասում էի՝ «Ինձ մենակ ես թողնում»: Պատասխանում էր. «Ես արժանի չեմ եկեղեցի գալու»: «Քեզ թվում է՝ բոլոր եկեղեցի եկողները հրեշտակի թևերո՞վ են»,- ծիծաղում էի: «Ես սիրում եմ, ուրախ եմ, որ գնում ես, մի՛ նեղանա»: Իմ կարճ խելքով կարծում էի, թե ես ավելի մոտ եմ Աստծուն, քան ինքը: Բայց հիմա այնքան բան եմ հասկացել… Մի օր ասաց. «Օ՛գ, այնքան չէի ուզի, որ ինձ առաջարկեին քավոր լինել, ու ես հրաժարվեի: Միշտ վախենում եմ այդ օրվանից»: Ես ուրիշ այդպիսի մեկին չեմ ճանաչում, որ նման ծայրահեղ պատասխանատվությամբ մոտենար քավորի առաքելությանը: Վերջերս դիտում էի մեր սանիկների կնունքի տեսագրությունը, մեր վերջին ամենաուրախ օրը, որ անցկացրել ենք միասին: Թե ի՜նչ հայացքով էր նայում այդ երեխաներին, աննկարագրելի է. ես այդպիսի բան չեմ տեսել երբևէ: Ու նոր միայն հասկացա, թե ինչ մեծ երկյուղ ու վախ է ունեցել իր մեջ, ինչ մեծ հավատ…
Ես իր գնալուց հետո ապշում եմ, որ կարողանում եմ մտածել, ապրել: Վստահ եմ, որ դա նաև իր օգնության շնորհիվ է: Ինձ հետ անընդհատ հետաքրքիր դեպքեր են պատահում: Երբ ինչ-որ հարց է ինձ տանջում, հանդիպում եմ մարդկանց, որ իրենցից անկախ տալիս են հենց այդ հարցի պատասխանը: Կորստի ցավը ապրած այն մարդկանց, որ շարունակ կրկնում են. «Ինչո՞ւ մեզ հետ պիտի սա պատահեր», ասում եմ. «Ինչո՞ւ» չկա, կա «Ինչի՞ համար»»:
Ես հույս ունեմ, որ իմ այս հոգեպահվածքը կօգնի երեխաներիս հաջողություն ունենալու կյանքում: Ավագս՝ Նարեն, 18 տարեկան կլինի շուտով: Միջնեկս՝ Մոնթեն, 13 տարեկան է: Փոքրս՝ Գոռիկս՝ 5: Նրանց միշտ ասում եմ. «Էրեխե՛ք, սա այն մահը չի, սա այն պահը չի, որ դուք գլուխներդ իջեցնեք, ասեք՝ պապա չունենք…Ձեր հայրը իր մահով հոգևոր շատ երախտիքներ է փոխանցել ձեզ և ձեր սերնդակիցներին»: Ես նրանց անընդհատ ասում եմ, որ ճիշտ դրսևորեն իրենց, որ պապան վերից նայելով՝ չնեղսրտի, իր զավակներով կարողանա հպարտանալ։
Ապրիլյան պատերազմի ժամանակ Դավիթը շատ վատ էր զգում, որ հասել էր դիրքեր ու չէր հասցրել կռվել: Հետո աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Բերձոր: Իր անկեղծությունը, մաքրությունը մի օր նրան հիասթափության բերեցին, ու նա կտրուկ որոշեց թողնել պաշտոնը, վերադառնալ Երևան: Զարմացա, բայց մի քիչ էլ ուրախացա. նա իդեալական ոստիկան կլիներ, բայց իդեալական մի համակարգում: Կարծում էր, որ Երևան գալով կվերականգնվի, բայց չստացվեց, և մենք սկսեցինք ապրել մեր կյանքի ամենադժվար երկու տարիները: Ընտանիքը պահելու համար ոչ մի աշխատանքից չէր հրաժարվում: Սկսեց բեռնակրի աշխատանքից, հետո ինչ մասնագիտության մեջ իրեն փորձում էր, զրոյից հասնում էր կատարելության: Սկսեց ապահովագրության գործակալից, դարձավ «Ռոսգոսստրախի» Աբովյանի մասնաճյուղի ղեկավարը: Քայքայված վիճակում եղող մասնաճյուղը վստահեցին նրան: Երկու տարում վերականգնեց. նրա շնորհիվ մասնաճյուղը 2018 թ. լավագույնն է ճանաչվել: Ապրում էր այդ աշխատանքով: Գալիս պատմում էր աշխատակիցներից, հպարտանում նրանցով: Նրան շատ էին սիրում: Այժմ՝ Դավիթից հետո, «Ռոսգոսստրախն» էլ է կանգնած իմ թիկունքին: Չեք պատկերացնի, թե որքան են ինձ ուժ տալիս այդ մարդիկ: Մոնթեիս ծննդյան օրը դուռը բացեցի, տեսնեմ՝ արշավական տարբեր պարագաներ, քնապարկեր, վրան էին նվեր բերել: Գոռիկի ծննդյան օրը դուռը բացեցինք, տեսանք փուչիկներով զարդարած մի գեղեցիկ հեծանիվ: Ինձ միշտ լավ մարդիկ են հանդիպում:
Դավիթի կամավորական ջոկատի անդամները սկսեցին հաճախակի այցելել մեզ: Մշտապես մեր կողքին են, ամեն հարցով օգնում են, նեցուկ լինում: Նրանց մոտ պատերազմից հետո էլ միշտ հավաքներ են կազմակերպվում: Ու երբ Նարեն ասաց. «Մա՛մ, ես էլ եմ ուզում անդամագրվել», նեղսրտեցի, ընդդիմացա: Ասաց, որ այնտեղ իրեն ավելի լավ է զգում, ավելի հանգիստ: Համոզեց. «Մենք բոլորս էլ պետք է սովորենք զինվորական գործը: Քեզ էլ չի խանգարի»: Վերջերս տասնօրյա մրցումներ էին իրենց մոտ, մասնակցեց ու առաջին տեղը գրավեց: Մրցանակը դաշույն էր. բերեց, հպարտությամբ ցույց տվեց: Սկզբում բարկացա, թե՝ այդ դանակն ինչո՞ւ ես բերել, բայց նրա ոգևորությունն այնքան մեծ էր, որ ինձ էլ վարակեց: Հերթով զանգում էին ընկերները. «Գիտե՞ք, Նարեն ամենադիպուկն էր»:
Միջնեկը՝ Մոնթես լուռ է, քչախոս, խոհուն… Մեր փոքրը՝ Գոռը, երրորդ երեխան է՝ երկարատև դադարից հետո… Շատ հետաքրքիր երեխա է, հետաքրքիր «վերլուծություններ» է անում: Սկզբում ասաց. «Պապան ինձ թողել, գնացել է»: Բացատրեցի, որ մեզ համար է գնացել, մեզ պաշտպանելու: Որ հրեշտակ է դարձել, որովհետև հրեշտակ են դառնում ամենից ուժեղները: «Իսկ ինչո՞ւ չսպասեց, որ ես էլ մեծանամ, իրար հետ գնանք»: Ասացի. «Հենց դրա համար գնաց, որ դու բանակում խաղաղ ծառայես: «Իսկ դա ո՞րն է»: Աշխատեցի բացատրել՝ ըմբռնեց: Իսկ բառացիորեն օրերս սկսվեց «մերժման փուլը». եկավ մոտս զայրացած. «Էլ ինձ չասե՛ս, որ պապան երկնքում է, լսո՞ւմ ես»: Հարցրի. «Բա ո՞նց ասեմ, ի՞նչ ես ուզում, որ ասեմ»: «Ասա՛, որ պապան բանակում է: Դու չգիտե՞ս, էնտեղ թուրքերն այնքան շատ են, բոլորին վերացնելու համար երկար ժամանակ է պետք: Դրա համար էլ դեռ չի գալիս: Գալու է, կտեսնե՛ս»: Խորհրդակցեցի հոգեբանի հետ. նա ասաց, որ տղայիս մոտ «մերժման փուլն» է, կանցնի. «Լավ է, որ արտահայտվում է. երեխաներ կան, որ ինքնամփոփ են դառնում: Կարևորը նրա հետ անկեղծ լինելն է»:
Տղաս երգում է «Տղերքը գնացին, էլ հետ չեն գալու» երգը՝ փոխելով բառերը. «Գնացին, բայց հետ են գալու…»: Երգելիս նայում է ինձ. «Լսու՞մ ես, իրենք գալո՛ւ են»: Մի օր փողոցում զբոսնում էինք:«Մամա՛, արի երգեմ քեզ համար»: «Ի՞նչ երգ է, երգի՛ր»: «Ես ու մամաս շատ ուժեղ ենք, որովհետև առանց պապայի կարողանում ենք ապրել: Երբ մեր տանը լամպը փչանում է, պապաս վերևից մամայիս օգնում է…» ու այսպես երկար մի էքսպրոմտ, որ ծնվել էր իր մտորումներից: «Շատ լավ ամեն ինչ մեկնաբանել ես, ապրե՛ս, Գոռս, շատ լավ երգ էր»,- ասացի՝ արցունքներս թաքուն մաքրելով»:
Օգիտա Ղուկասյանը սոցաշխատող է Ջրվեժի համայնքապետարանում: 17 զոհ է տվել միայն Ջրվեժի համայնքը: Այս ամբողջ ընթացքում շփվում է զոհվածների, վիրավորների հարազատների հետ, նրանց խնդիրները փորձում լուծել, և… այսպես մոռանում իրենը: «Հաճախ ինքս ինձ զարմանում եմ. այս ի՞նչ տեսակ է մարդ արարածը: Ո՞նց է տնօրինում Աստված, որ վշտիս մեջ դեռ կարողանամ ուրիշներին էլ օգնել: Կային վիրավորների ծնողներ, որ նեղսրտում, դժգոհություն էին արտահայտում: Մի օր այցելեցի նրանց, ասացի՝ «Գիտե՞ք, իմ ամուսինն էլ զոհվել է. ես ումի՞ց դժգոհեմ… Փառք Աստծո, ձեր երեխաները վերադարձել են… Կբուժվեն, կվիրահատվեն, ոտքի կկանգնեն: Մենք ձեզ կօգնենք: Մենք ձեր կողքին ենք…»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ Օգիտա Ղուկասյանի
ընտանեկան ալբոմից
Խորագիր՝ #27 (1398) 14.07.2021 - 20.07.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում