Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՍԿՍՈՒՄ Է ԱՆՕԴԱՉՈՒ ԿՈՆՎԵՐՏՈՊԼԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



Ունիվերսալ անօդաչու թռչող սարքն իր պտուտակների շնորհիվ կարող է ուղղահայաց բարձրանալ ու վայրէջք կատարել ինչպես ուղղաթիռը և միաժամանակ զարգացնել ինքնաթիռին հատուկ բարձր` ժամում 400 կիլոմետր արագություն: Համեմատության համար հարկ է նշել, որ աշխարհում ամենահայտնի անօդաչու թռչող սարքի` ամերիկյան «Predator»-ի արագությունը 135, իսկ առավելագույն արագությունը 217 կիլոմետր/ժամ է:

Աերոտիեզերական հետազոտությունների կորեական ինստիտուտի կողմից 2002 թվականից մշակվող այս սարքը դեռ չունի պաշտոնական անվանում: Սակայն հայտնի է, որ հարավկորեացի ինժեներները փորձում են 5 մետր երկարություն, թևերի 7 մետր բացվածք ու շուրջ մեկ տոննա կշռող թռչող ապարատի ծավալն ու կշիռը նվազեցնել 60 տոկոսով:

Ավելի քան մեկ տասնամյակ առաջ տեխնիկամարտավարական նման բնութագրերով անօդաչու թռչող սարքի ստեղծման փորձ կատարել էր ամերիկյան «Bell Helicopter» ընկերությունը` ստեղծելով 800 կիլոգրամ կշռով սարք, որը կարողանում էր զարգացնել 400կմ/ժ առավելագույն արագություն, բայց հետո կառուցվածքի բարդության, ինչպես նաև շահագործման բարձր արժեքի պատճառով դադարեցրել էր ծրագիրը:

Հարավկորեացի մասնագետները, դժվարանալով նշել անգամ իրենց ստեղծած անօդաչու թռչող սարքի գինը, վստահեցնում են, որ, անկախ պատվերների քանակից, երեք տարի անց հնարավոր է սկսել վերջինիս սերիական արտադրությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


07/12/2011