Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՄԲԱՐՈՒՄ՝ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ



ՃԱՄԲԱՐՈՒՄ՝ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎՎերջերս Սարդարապատում մի խումբ նախկին ազատամարտիկների ջանքերով ստեղծվել է «ՀԱՅՔՅԱՆ» ռազմամարզական ասոցիացիա, որի նպատակը հանրապետության տարածքում գործող ռազմամարզական դպրոցների ու կազմակերպությունների աշխատանքները ի մի բերելն է։ Հուլիսի 10-ից «Հայքյան» ռազմամարզական ասոցիացիան և «Փոքր Մհեր» կրթահամալիրը Սևանա լճի ափին ձևավորել էին ռազմամարզական ճամբար-բանակում, որին մասնակից եղան մոտ 40 պատանիներ ՀՀ տարբեր մարզերից և Արցախից։

ՃԱՄԲԱՐՈՒՄ՝ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎՆրանց հետ աշխատում էին արհեստավարժ հրահանգիչներ, նախկին զինվորականներ, երիտասարդ մասնագետներ։ Ճամբարի փակման օրը ներկա եղա պատանիների մարզումներին։ Նրանք կատարում էին մարտավարական-ֆիզիկական վարժանքներ: Ընթացքում միմյանց փոխարինում էին մարտական խմբերը, և բոլորն էլ ցուցաբերում էին բավարար գիտելիքներ և կարողություններ։ Ճամբարի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ, Երևանի 50-րդ հիմնական դպրոցի զինղեկ Իվան Պողոսյանը տեղեկացրեց, որ մի խումբ զինղեկներ, ելնելով արցախյան վերջին պատերազմի դասերից, ՆԶՊ առարկայի համար նոր հայեցակարգ են մշակել և դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որ այն ընդունվի, և այս առարկայի համար ծրագրային փոփոխություններ կատարվեն։ Ըստ նրա՝ հենց դպրոցում պետք է կրթել հայ զինվորին։ Ճամբարի պետը շատ է կարևորում նաև նման բանակումների անցկացումը։ Այս օրերին պատանիները սովորել էին կառավարել հետախուզական դրոններ, կատարել հատուկ մարտավարական-ֆիզիկական վարժանքներ, սրընթաց մարտ վարել բաց տեղանքում:

ՃԱՄԲԱՐՈՒՄ՝ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ«Գիշերային դետք-ճամբարային պահակախմբի գործողություններ» վարժության ընթացքում նրանք հմուտ գործում էին մի քանի սխեմաներով՝ անշշուկ տեղաշարժվելով, գիշերային դարաններ կազմակերպելով, գիշերային դիտարկման սարքերը օգտագործելով։ «Այս մարզումը նաև  հոգեբանական պատրաստության հզոր գործոն է»,- ասաց ճամբարի պետը։

Ութօրյա ռազմամարզական ճամբարը Սևանա լճի ափին փակվեց… Աչքի ընկած տղաներն ու  աղջիկները պարգևատրվեցին ճամբարի ղեկավարության կողմից։ Այս ընթացքում միմյանց հետ մրցած և համատեղ մարզված պատանիները ողջագուրվելով հրաժեշտ էին տալիս միմյանց՝ հավատով, որ կրկին հանդիպելու են։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #28 (1399) 21.07.2021 - 27.07.2021, Բանակ և հասարակություն


22/07/2021