Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՎՍԱԿԱՆՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ



ԿՈՎՍԱԿԱՆՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍԸՇատ ծնողներ, հարազատներ մինչև վերջ որևէ հրաշքի սպասելով, հավատում են՝ տուն կգա պատերազմում անհետ կորած իրենց զինվորը։ Այս հույսով էին սպասում նաև Կովսականի բնակիչ, ժամկետային զինծառայող Հովհաննես Մխիթարի Սողոմոնյանին… Սակայն հուլիսի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում կայացավ հերոսի հուղարկավորությունը. ամիսների սպասումից հետո ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվել էր. զոհվածը Հովհաննեսն է։

…Մխիթար Սողոմոնյանը 2000 թ. ընտանիքով՝ կնոջ և երկու զավակների հետ Զառիթափ գյուղից տեղափոխվել էր Արցախ և բնակություն հաստատել  Քաշաթաղի շրջանում՝ Կովսականում։ Ազատագրված հայրենիքը պետք է շենանար, և այդ առաքելությամբ էր այստեղ եկել նաև Մխիթարը։ Հետո Կովսականում ծնվեցին ընտանիքի 4 զավակները ևս, և Մխիթարն իր 3 որդիների ու 3 դուստրերի հետ դարձավ Կովսականի բազմազավակ ընտանիքներից մեկի հայրը։

Երրորդ որդին՝ Հովհաննեսը, ծնվել էր 2001 թվականին։ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում էր սովորում։ Ավարտեց այն 2019 թվականին և ամռանը մեկնեց Հայոց բանակ։ 6 ամիս անց արդեն սերժանտի կոչում ուներ, պատվոգրեր, կրծքանշաններ։ Քույրը՝ Հռիփսիմեն, պատմելով եղբոր մասին, ասում է. «Ուսման հետ զուգահեռ մասնակցել է ձյուդոյի պարապմունքների, մրցումներին ստացել բազում մեդալներ և պատվոգրեր։ Դպրոցում շատ ակտիվ երեխա էր, մասնակցում էր գրեթե բոլոր միջոցառումներին։ Ժպտերես, պայծառ տղա էր, աչքի էր ընկնում հումորով։ Նրան բոլորն էին սիրում։ Ուներ բազում երազանքներ, որոնք նպատակադրվել էր ի կատար ածել զորացրվելուց հետո։  Աշխատասեր էր. փորձում էր իր ծախսերը հոգալ ինքնուրույն և նեղություն չտալ ընտանիքին»։ Զինակից ընկերները նույնպես շատ էին սիրում Հովհաննեսին, վստահում։

…2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Հովհաննեսի ջոկն արդեն առաջնագծում էր ու Հայրենի սահմանն էր պահում։ Մոտ  մեկ ամիս մարտնչեց քաջորդին պատերազմի այն հատվածում, որտեղ հազարավոր տղաների կորուստ ունեցանք։ Հընթացս կատարած քաջագործությունների համար ստացել էր լեյտենանտի կոչում։ Հոկտեմբերի 28-ի գիշերը թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից է զոհվել հերոսը…

Տեղահանվելուց հետո ընտանիքը վերադարձել է հայրական գյուղ` Զառիթափ, որտեղ էլ վերջին հանգրվանն է գտել Արցախյան վերջին պատերազմի հերոսը՝ կովսականցի Հովհաննեսը…

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #29 (1400) 28.07.2021 - 3.08.2021, Ճակատագրեր


29/07/2021