Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ«Արծիվ-30 Արարատ մահապարտներ» կազմակերպության ջոկատից Արցախյան վերջին պատերազմում զոհվել են ազատամարտիկներ Շավարշ Մուրադյանը, Մինաս Հովհաննիսյանը, Էդգար Մաթևոսյանը, Նվեր Մանուկյանը, Վահան Օհանյանը, Ստեփան Համբարձումյանը, Գառնիկ Զաքարյանը և Հայկ Մկրտչյանը։ Տղաները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Օրերս Երևանում կայացավ նրանց հիշատակի ոգեկոչման արարողությունը։

«Արծիվ-30» մահապարտների գունդը կազմավորվել է 1993 թ. ապրիլի 16-ին Գագիկ Մարգարյանի հրամանատարությամբ։

Գագիկ Մարգարյանը ծնվել է 1953 թ. Վեդիում։ Մասնակցել է Երասխի, ԼՂՀ Մարտակերտի, Հադրութի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է 1994 թ. Հակոբ Կամարի գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հետագա տարիներին ջոկատը շարունակել է իր գործունեությունը, և արդեն երեք տարի է, ինչ Վարազդատ Մկրտչյանի ղեկավարությամբ գործում է որպես հասարակական կազմակերպություն՝ «Արծիվ-30 Արարատ մահապարտներ» անվամբ։ Կազմակերպությունը մասնաճյուղեր ունի Երևանում, ՀՀ բոլոր մարզերում ու Արցախում։ Եվ հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև մասնաճյուղերի ներկայացուցիչները։ Բեմում զոհված քաջերի լուսանկարներն էին։ Այստեղ էին նրանց մայրերն ու այրիները, հարազատները, բարեկամները, մարտական ընկերները։

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ«Արծիվ-30»-ի թիկունքի պետ Սամսոն Գրիգորյանը, խոսելով կառույցի մասին, նշեց, որ այն միշտ եղել է Հայոց պետականության և ժողովրդի պաշտպան-երաշխավոր բանակի կողքին։ «Եվ այսօր մենք այստեղ ենք, որ ևս մեկ անգամ մեծարենք ու հարգանքի տուրք մատուցենք Հայրենիքի համար կյանքը մատաղ արած մեր անմահ հերոսներին, որոնց համար Հայրենիքը կյանքից թանկ էր»,- ասաց Ս. Գրիգորյանը։ Նա  տեղեկացրեց, որ  2020 թ. սեպտեմբերի 27-ից իրենց կառույցի տղաները կենաց ու մահու կռիվ են մղել Մարտակերտի տարածքում. նրանք ընկան, Մարտակերտը մնաց կանգուն։

Հերթով բեմ էին բարձրանում զոհվածների մարտական ընկերները և ներկայացնում նրանց հերոսական և մարդկային կերպարը։  Գնդապետի ուսադիրներով ու ձեռնափայտով բեմ բարձրացավ նաև Եփրեմ Մարգարյանը և պատմեց զինակից ընկերոջ՝ Նվեր Մանուկյանի մասին. «Շատ կարելի է խոսել ընկերոջս մասին, բայց ամփոփեմ խոսքս՝ ասելով, որ նա իսկական ֆիդայի-հայդուկ էր և ամբողջ կյանքում մարտնչեց Ազգ-Հայրենիք-Պետություն գաղափարի համար…»։

«1988-ից Վահան Օհանյանը շարժման մեջ էր. զենքը ձեռքին կռվել է՝ նաև իր երգով ու խանդավառությամբ ոգևորելով ընկերներին։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ, ծանր վիրավորված՝  չի ընկճվել, երգել է, ընկերներին ոգևորել, ասելով՝ առաջ գնացեք, չնահանջեք»,- մարտական ընկերոջը ներկայացրեց Սամվել Հայրապետյանը։

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՀայկ Մկրտչյանը «Արծիվ-30 Արարատ մահապարտներ» ՀԿ նախագահ Վ. Մկրտչյանի եղբոր որդին է և նույնպես բռնել է անմահության ճանապարհը… Ընդամենը 19 տարեկան մարտական ընկերոջը ներկայացրեց Եփրեմ Մարգարյանը՝ նշելով նաև Հայկի վերջին խոսքերը. «Չեմ նահանջի, չեմ կարող նայել իմ մահապարտ հորեղբոր աչքերին, ես էլ մահապարտ եմ…»։

Դահլիճում ներկա սևազգեստ կանայք, զոհված քաջորդիների մայրերը «Արծիվ 30»-ի կողմից արժանացան խոնարհումի և շնորհակալության, արժանացան պատվոգրերի, ծաղկեփնջերի… Երեկոյի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, մեծարումի խոսքեր։ «Հավերժ» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիրը սևազգեստ մայրերի անունից շնորհակալություն հայտնեց մեծարումի, գնահատանքի համար։ Նա նշեց, որ որդին ծանր վիրավորվել է և իր զինվորներին հրամայել է հեռանալ… Եվ ինքը 25 դժոխային օր է քաշել, մինչև գտել են որդու դիակը։  «Կան մայրեր, որ մինչ օրս փնտրում են իրենց որդիներին… Սա է պատճառը, որ սևազգեստ մայրերը միավորվել են։ Թող մենք վերջին սգավոր մայրերը լինենք»,- խոսքն ավարտեց հերոսի մայրը։

Միջոցառմանը ներկա էին նաև «Առաջին գունդ» հասարակական կազմակերպության անդամները` գեներալ-լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանի նախագահությամբ։ Նրանք նույնպես պարգևներ հանձնեցին զոհվածների մայրերին, «Արծիվ-30»-ի անդամներին։ Արարողության մասնակից Գինեսի ռեկորդակիր Աշոտ Խանոյանն էլ հայտնեց, որ պատրաստվում է մոտ օրերս մեկնել Գերմանիա և ատամներով նավ քաշել ու ռեկորդը նվիրել զոհված քաջերին։

«Արծիվ-30 Արարատ մահապարտներ» ՀԿ նախագահ Վ.Մկրտչյանը և պատերազմի մասնակից տղաները ԱՀ նախագահ Ա.Հարությունյանի կողմից արժանացել են «Արիություն» մեդալի։ Մեդալները նրանց հանձնեց կազմակերպության Մարտակերտի ներկայացուցիչ Ալեքսանդր Հայրապետյանը։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #29 (1400) 28.07.2021 - 3.08.2021, Բանակ և հասարակություն


29/07/2021