ՎՈՒՐԳԱՎԱՆՑԻ ՎԻԳԵՆԸ
Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղը վերաբնակեցվել էր 1995 թվականից և անվանակոչվել ի պատիվ Արցախյան առաջին ազատամարտի հերոսներից մեկի՝ «Սիսական» գնդի ջոկատի հրամանատար Վուրգ Ոսկանյանի անունով։ Վերջին տարիներին այս գյուղի երիտասարդները համախմբված, միասին փորձում էին շենացնել իրենց գյուղը ու հասել էին զգալի հաջողությունների։ Նույն տղաների հետ էր նաև Վիգեն Խաչատրյանը՝ պատրաստ ցանկացած գործի, եթե այն միտված էր սիրելի բնակավայրի շենացմանն ու բարգավաճմանը։
Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին Ջերմուկ քաղաքում։ 1995 թ. նրանց ընտանիքը վերաբնակվել է Վուրգավանում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որը տարածքի առաջին կրթօջախներից էր։ 2004 թ. Վիգենը զորակոչվել է հայոց բանակ և ծառայել որպես հրաձիգ։ Զորացրվելուց հետո վերադարձել է Վուրգավան, ամուսնացել, ունի երկու դուստր։
2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանից շատ կամավորներ մեկնեցին առաջնագիծ։ Վիգենը նույնպես առաջիններից էր։ Մոտ երկու ամիս մարտական դիրքերում, ժամկետային զինվորների ու կամավորների հետ, Հայոց հողն էր պաշտպանում։ Այդ ընթացքում աչքի էր ընկել իր քաջությամբ, կարգապահությամբ, նվիրվածությամբ, և պատահական չէ, որ ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
2020 թ. սեպտեմբերի 27-ին նորից մռայլվեց հայոց երկինքը… Վիգենը՝ որպես պահեստազորային, առաջնագիծ մեկնեց հաջորդ օրը։ Մասնակցեց Ջրականի թեժ մարտերին։ Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը թշնամին հարձակման անցավ մեծ ուժերով՝ օդուժի ու զրահատեխնիկայի աջակցությամբ։ Առավոտյան ժամը 7-ին երկու ոտքից վիրավորված Վիգենը պայթող արկերի ու սուրացող գնդակների տարափի տակ 3-4 ժամ մարտը շարունակեց մարտական ընկերների հետ։
Տեսնելով, որ թշնամին մոտենում է, գերի չընկնելու համար նռնակով պայթեցրեց ինքն իրեն։ Երկար ժամանակ անհայտ կորած էր։ Միայն 2021 թ. ապրիլի 19-ին ԴՆԹ փորձաքննությամբ գտան նրա մասունքները։ Արցախի Հանրապետության նախագահը Վիգեն Խաչատրյանին հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #30 (1401) 4.08.2021 - 10.08.2021, Ճակատագրեր