Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ԳԱՐՆԱՆՆ ԱՅԳԻՆ ԾԱՂԿԻ



...ՈՐ ԳԱՐՆԱՆՆ ԱՅԳԻՆ ԾԱՂԿԻԵրաշտի պատճառով այս տարի բերքը առատ չէր, բայց Վաչագանի այգին պտղել է,- ասում է Իրինան: Իրինան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Վաչագան Նահապետյանի ավագ քույրն է. Վաչագանը հերոսաբար զոհվել է Արցախյան վերջին պատերազմում:

…Մեծ այգում ծառերը զինվորների նման են կանգնած՝ հավասար շարքերով՝ ծիրանենիները, հետո սալորենիները, հետո դեղձենիները…Ինչ միրգ ասես չկա այգում:

-Վաչագանը բոլոր ծառերը իր ձեռքով տնկել, իր ձեռքով խնամել է,- ասում է Իրինան,- ոչ մեկին չէր վստահում, ամեն ինչ ինքն էր անում, որովհետև ոչ ոք չէր կարող իր պես հասկանալ ծառերի, կենդանիների լեզուն:

-Ի՞նչ կենդանիներ,- հարցնում եմ ու մտածում, որ խոսքը հավանաբար աղավնիների մասին է: 50-ից ավելի՝ սև, սպիտակ, չալպտուրիկ աղավնիներ, որ թռչկոտում են ամենուր:

-Եղբայրս շատ կենդանիներ ուներ: Դպրոցական տարիներից պահում էր՝ սագեր, նապաստակներ, հավեր, բադեր, աղավնիներ, երգող թռչուններ, շներ, խոզ, կով: Նրա կենդանիները միշտ կուշտ ու մաքուր էին, բները՝ կոկիկ: Երազում էր մեծացնել այգին ու կենդանիների քանակը: Հիմա միայն աղավնիներն ու հավերն են մնացել՝ նրա աշխարհից մի փոքրիկ պատառիկ: Մյուսներին չկարողացանք պահել…

Վաչագանը մինչև յոթերորդ դասարան գերազանցիկ էր, հետո տարվեց կենդանիներով, դասերում փոքր-ինչ թերացավ, որովհետև առավոտից իրիկուն կա՛մ այգում էր, կա՛մ կենդանիների հետ:

Հետո Իրինան խոսում է եղբոր ընկերասիրությունից, պատմում է, թե որքան բարի ու խաղաղասեր էր նա, որքան հոգատար ու լուսավոր, իսկ ես մտածում եմ, որ երբեք չես կարող հասկանալ մարդու հոգին: Ես հիշում եմ մարտական ջոկատի հրամանատար Արթուր Ադամյանի խոսքը մարտադաշտում Վաչագան Նահապետյանի կյանքի վերջին 25 օրվա մասին և ուզում եմ բերել-ներդաշնակել Իրինայի մեղմ, խաղաղ ձայնին, ծառաշատ այգու անխռով սոսափին, ամառային անամպ երկնքի կապույտի վրա՝ աղավնիների ծեքծեքուն ճախրանքին: Իրականում ո՞րն էր Վաչագան Նահապետյանի աշխարհը, ո՞րն էր նրա առաքելությունը, ինչպե՞ս էին նրա հոգում խաղաղ գոյակցում բնության սիրահարն ու ինքն իրեն պայթեցնելու գնով թշնամու ճանապարհը փակող ռազմիկը:

-Նա երկու մանկահասակ երեխա ունի, գոնե հանուն նրանց պիտի խնայեր իրեն:

Ես ոչինչ չեմ ասում զոհված քաջորդու քրոջը: Նա կորցրել է իր ամենամոտ հարազատին և իրավունք ունի սիրտը անկեղծորեն բացելու:

-Պատերազմի հենց առաջին օրը հայտարարեց, որ ռազմաճակատ է գնալու: Այնպես էր ուրախացել, որ պիտի մեկներ, ասես՝ հարսանիք էր գնում: Գնաց՝ առանց որևէ մեկիս հրաժեշետ տալու, նույնիսկ տուն չեկավ, որ տաք շորեր ու անհրաժեշտ իրեր վերցնի, մենք ենք գնացել, ճանապարհին տվել իրեն: Շտապում էր րոպե առաջ հասնել սահման. հանկարծ կռիվը կվերջանար, իրեն հերոսանալու հերթ չէր հասնի:

Իսկ գուցե թշնամու ճանապարհը ամեն գնով փակելու պատրաստակամությունը բնավ էլ հերոսանալու ցանկությունից չէր ծնվել: Գուցե ավելի պարզ ու բնական մղում էր՝ պաշտպանել խաղաղությունը, որ գալիք գարնանը այգին կրկին ծաղկի, նապաստակները վազվզեն թփերի տակ, աղավնիները նստոտեն ծառերի ճյուղերին, շները հսկեն բադերի շորորուն սահքը խոտերի միջով…

Ես սեղմում եմ ձայնագրիչի կոճակը, ու սենյակը լցվում է Արթուր Ադամյանի ձայնով.

-Վաչագանը իմ ջոկատի ամենաքաջ մարտիկներից էր: Նա կռվում էր առանց իրեն խնայելու, ինքնամոռաց: Վաչագանը միշտ ծանր հարվածն իր վրա էր վերցնում՝ խնայելով զինակիցների կյանքը: Նա իսկական ռազմիկ էր ու հերոսաբար զոհվեց: …Թշնամին մեր պաշտպանած տարածքի ուղղությամբ մեծ ուժեր էր կուտակել: Որոշեցի՝ վեց հոգով պիտի գնանք թշնամուն ընդառաջ, որպեսզի տեղում հասկանանք իրավիճակը ու մեղմենք առաջին հարվածի թափը: Վաչագանը առաջինը ցանկություն հայտնեց համալրելու խումբը: Երբ թշնամին նկատեց մեզ, փոխհրաձգություն սկսվեց: Ադրբեջանցիները մոտ 30 հոգով ընդհուպ մոտեցան մեր խմբին: Ժամկետային զինծառայող Նորայր Մստոյանը զոհվեց, Հարություն Մխեյանը, Վախթանգ Այվազյանը, Վահե Աբրահամյանը վիրավորվեցին: Երբ պարզ դարձավ, որ դիմադրելն այլևս անհնար է, նահանջի հրաման տվեցի: Վահեի վիրավորումը ավելի թեթև էր, ու նա փորձեց հասնել Վաչագանին, որ օգնի նրան նահանջելու: Բայց Վաչագանը թույլ չտվեց, ասաց.

-Դուք արագ հեռացեք, քանի ուշ չէ, ես երկու նռնակների օղակներն արդեն քաշել եմ. պայթեցնելու եմ դրանց:

Վայրկյաններ անց տղաները պայթյուն լսեցին ու տեսան, թե ինչպես Վաչագանի հետ միասին անշարժացան մեզ հետապնդող թուրքերը՝ երևի 7-8 հոգի: Մենք կարողացանք նահանջել ու փրկվել:

…Վաչագանի առաջնեկը տղա է՝ ութ տարեկան Հարությունը: Աղջիկը՝ Ալլան, չորս տարեկան է: Նրանք միասին երգում են՝ հայտնի ֆիդայական երգին հարմարեցնելով իրենց հերոս հոր անունը.

 

-Սարերից իջան,

Մի խումբ ձիավոր,

Նրանց մեջ էր քաջ

Նահապետյան Վաչ:

 

Աղավնիներն իջել, ինչ-որ բան են կտցում ծառերի տակ: Ավելի ճիշտ՝ պատսպարվում են բարկ արևից, որի շողերը խճճվում են սաղարթախիտ ճյուղերի արանքում ու չեն հասնում հողին:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1401) 4.08.2021 - 10.08.2021, Ճակատագրեր


05/08/2021