Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԻՏԻ ԱԶԳՈՎԻ ԲԱՆԱԿ ԴԱՌՆԱՆՔ



Ադրբեջանցիների հերթական սադրանքը Գեղարքունիքի մարզում մեզնից խլեց ևս երեք հայ զինվորի կյանք՝ ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյան, ժամկետային զինծառայողներ Դավիթ Քոչարյան և Կորյուն Հարությունյան: Նրանք սեփական հայրենիքում, սեփական հողի վրա պաշտպանում էին իրենց երկրի սահմանները ու ընկան հերոսաբար՝ փակելով նախահարձակ թշնամու ճանապարհը, կյանքի գնով կասեցրին նրա առաջխաղացումը հայկական տարածքում:

 

ՊԻՏԻ ԱԶԳՈՎԻ ԲԱՆԱԿ ԴԱՌՆԱՆՔՉգիտեմ՝ ինչ բառերով նկարագրեմ Հայկին, ո՞ր արժանիքը, ո՞ր առաքինությունը ասեմ, ո՞րը թողնեմ: Համեստության տիպար, ոտքից գլուխ նվիրում, մեծի հետ՝ հարգանքով, փոքրի հետ՝ սիրով: Քաջ, բարի, անշահախնդիր: Փոքրուց սպորտով էր զբաղվել, շատ մեդալներ ու պատվոգրեր ուներ: Բայց էդ ուժը մեզ երբեք ցույց չէր տալիս, սահմանի, թուրքի համար էր պահել:  Երկու տարի ծառայեց բանակում, մի օր չլսեցինք, որ ինչ-որ բանից դժգոհի, տրտնջա: Պատվով ծառայեց, հետ եկավ ու ասաց, որ պիտի զինվորական դառնա: Որոշ ժամանակ անց նորից զինվորական համազգեստ հագավ ու գնաց սահման:

Տան միակ տղան էր, տան ճրագը: Փառք Աստծո, որ հասցրեց ամուսնանալ, երկու որդի ունենալ: Ավագը՝ Հովհաննեսը, 13 տարեկան է, փոքրը՝ Հակոբը՝ 11: Տղաներին էլ իր ոգով էր դաստիարակում, իր հայրենասիրությամբ:

Փոքր որդու ծննդյան օրն էր: Զանգել էր, ասել, թե որտեղ կազմակերպեն երեխայի ծնունդը: Էն էլ բոթը լսեցինք… Թող բոլորիս զենք տան, գնանք մեր զավակներին, մեր տունը, մեր հայրենիքը պաշտպանենք բորենիներից: Այսօր ով կարող է զենք բռնել, պիտի կրակի թշնամու վրա, ուրիշ հնար չկա:

Մենք զինվորապաշտ ժողովուրդ ենք: Հայկի զինվորները, ծառայակից ընկերները, հրամանատարները եկել էին մեզ մխիթարելու, վերջին հրաժեշտը տալու իրենց սպային: Պիտի տեսնեիք՝ ժողովուրդը ինչ սիրով, հոգատարությամբ ու հիացմունքով էր նայում նրանց: Սա մեր ճակատագիրն է՝ պիտի ազգովի բանակ դառնանք:

ԳԵՎՈՐԳ ԲՈՇՅԱՆ

Ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանի քեռին

♦♦♦

ՊԻՏԻ ԱԶԳՈՎԻ ԲԱՆԱԿ ԴԱՌՆԱՆՔՔոչարյանների ընտանիքը համեստ, աշխատավոր ընտանիք էր: Հող էին մշակում, անասուն էին պահում: Հետո հայրը մեկնեց արտագնա աշխատանքի, տան տղամարդուն փոխարինեց միակ որդին՝ Դավիթը: Դավիթի բնավորության, վարքի  մասին խոսելիս պիտի միայն գովաբանես, որովհետև շատ լավ տղա էր: Աշխատասեր, համեստ, մեծի հարգն իմացող, ազնիվ…Դպրոցում լավ էր սովորում, զուգահեռ հող էր մշակում, անասուն էր պահում, աշխատում էր գյուղի փայտամշակման ձեռնարկությունում, որ օգնի ընտանիքին: Աննման տղա էր: Դպրոցն ավարտելուց հետո  ընդունվեց Ճարտարագիտական համալսարան:

…Գյուղը կծկվել է ցավից: Բոլորիս սիրտը մղկտում է: Երբ Դավիթի  զոհվելու լուրն առանք, ընտանիքը Ռուսաստանում էր: Ես եմ մարմինը բերել գյուղ:

Էս ցավը պիտի մեզ չկոտրի: Գյուղացիներն անզորությունից իրենց պատեպատ են տալիս: Չէ, չեն վախեցել,  մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր հողը, մեր տղաներին, մեր պատիվը: Սա էլ չի կարելի հանդուրժել:

ԿԱՐԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Չինչին գյուղի վարչական ղեկավար

♦♦♦

18-1-3Կորյուն Հարությունյանը իմ աշակերտն էր, նա ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը, ֆիզմաթ հոսքում է սովորել: Բացառիկ կիրթ տղա էր: Հիմա ուսուցիչներով անընդհատ նրա մասին ենք խոսում, բոլորն էլ նույն կարծիքին են, բոլորն էլ ասում են, որ չի եղել մի դեպք, որ Կորյունը հակաճառի ուսուցչին: Նա իր դիրքն ուներ դասարանում, իր խոսքը,  հարգված էր,  լավ ընկեր էր:

Կորյունը իր երկրի լավագույն քաղաքացին էր դառնալու, լավ մասնագետ, լավ մարդ: Վստահ եմ՝ իր պես դաստիարակված զավակներ էր տալու հայրենիքին: Բայց թշնամին նրան զրկեց կյանքից՝ մեր հողի վրա, մեր հայրենիքը պաշտպանելիս: Եթե ադրբեջանցիներին թվում է, թե մեր աչքը կարող են վախեցնել նման սադրանքներով, չարաչար սխալվում են: Մեր դպրոցից 44-օրյա պատերազմում հինգ տղա զոհվել է, Կորյունը վեցերորդն էր …

Եվ այժմ մեր տղաները՝ մեր աշակերտները, իրենց ամեն զոհված ընկերոջից հետո ավելի մեծ պատրաստակամությամբ ու մեր հողը թշնամուց ազատելու ավելի մեծ վճռականությամբ են գնում բանակ: Հայրենասեր սերունդ մեծացնելը մեր՝ ուսուցիչներիս առաջին պարտքն է: Մեր կռիվը թուրքի դեմ սահմանին չէ, այլ դասարանում: Ու մենք էդ կռիվը հաղթելու ենք: Մենք առյուծ տղերք ենք ուղարկելու սահման՝ Կորյունի, մյուսների նման: Եթե ադրբեջանցիներին թվում է, թե մենք հաշտվել ենք կորուստների հետ, սխալվում են: Մենք հայի յուրաքանչյուր բարձրացող սերնդի սնելու ենք քաջությամբ, մեր հայրենիքի հանդեպ անձնվեր սիրով, վրեժով ու պատմական արդարություն հաստատելու անկոտրում կամքով: Մենք ոչինչ չենք մոռանալու ու չենք թողնելու, որ գալիք սերունդները մոռանան:

ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Կորյուն Հարությունյանի ֆիզիկայի ուսուցչուհին

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #30 (1401) 4.08.2021 - 10.08.2021, Բանակ և հասարակություն


05/08/2021