«ՄԻՀՐ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ
Գրեթե ութ ամսվա պատմություն ունի «Միհր» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը, որն զբաղված է երիտասարդ սերնդին կրթելով ու մարզելով։
Հիմնադիրները՝ Գոռ Մանուկյանն ու ընկերները, 2020 թ. պատերազմի առաջին օրվանից Արցախում էին… Պատերազմի ավարտից հետո նրանցից շատերը դարձան սահմանապահ զինվոր ու դիրքերում էին մինչև տարվա ավարտը։
Սկզբում «Միհրը» ճամբար հիմնեց Կոտայքի մարզում։ Այժմ նվիրյալների ռազմամարզական ճամբարը մասնաճյուղեր ունի Սյունիքի և Տավուշի մարզերում։ Օգոստոսի 2-ից Սևանա լճի ափին կազմակերպվել է «Միհրի» բանակումը, որին մասնակից են դարձել բոլոր մասնաճյուղերում մարզվող պատանիները՝ մոտ 40 հոգի: Օգոստոսի 6-ին՝ կեսօրին, ճամբարականների մոտ էի, ծանոթացա պատանիների առօրյային, ներկա եղա մարզումներին, զրուցեցի ճամբարի ղեկավար Գոռ Մանուկյանի, հրահանգիչների, պատանիների հետ։ Հանգստի ժամ էր. պատանիների մի մասը՝ հրահանգիչների հսկողությամբ, լողում էին լճում, մի մասը հանգստանում էր, ոմանք վոլեյբոլ էին խաղում։ Գ. Մանուկյանը տեղեկացրեց՝ հիմնական ճամբարները գործում են շաբաթը 3 օր։ Այդ ընթացքում պատանիները, հաճախ նաև աղջիկներ, մասնակցում են ռազմամարզական տարբեր մարզումների, որ անցկացնում են հիմնականում զինվորական կրթությամբ և թոշակի անցած պահեստազորի սպաներ, որոնք նաև անցել են Արցախյան պատերազմների թոհուբոհով։
«Միհր» ՀԿ-ն համագործակցում է «Հայքյան» ասոցիացիայի, «Փոքր Մհեր» ռազմամարզական զինավանի, «Վահագն» ռազմահայրենասիրական ՀԿ-ի, «Հետախույզների միավորման» և այլ կառույցների հետ։
-Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ կազմակերպում ենք նման ճամբար-բանակումներ, որին մասնակից են դառնում բոլոր մասնաճյուղերի սաները: Սա ունի մի քանի առավելություն. բացի մարզումներից և դասախոսություններից, ճամբարի մասնակից պատանիները ծանոթանում են, ընկերանում և հաճախ շատ դժվար են միմյանցից բաժանվում։ Կապը միմյանց հետ միշտ պահում են։
Գ. Մանուկյանը մարզումներից զատ, շատ է կարևորում պատանիների հայեցի դաստիարակությունը։ Այն հարցին, թե ի՞նչ տարիքի պատանիներ են մարզվում ճամբար-բանակումում, Գոռը տեղեկացրեց, որ ամենափոքրը 3-րդ դասարանցի Հայկ Շահինյանն է իր 4-րդ դասարանցի եղբոր՝ Արամի հետ, եկել են Աբովյան քաղաքից։ Կան մասնակիցներ նաև արտերկրից. եկել են հայրենիք և սիրով միացել ճամբարականներին։
-Նման բանակումների նպատակը նաև մինչ զորակոչվելը հայ պատանիներին հոգեբանորեն եւ ֆիզիկապես նախապատրաստելն է։ Պետք է այնպես դաստիարակենք մեր տղաներին, որ բանակի 2 տարին դառնա նրանց կյանքի լավագույն շրջանը,- ասաց Գ. Մանուկյանը և ուրախությամբ նշեց, որ «Միհրի» մի շարք սաներ արդեն ծառայում են Հայոց բանակում և աչքի են ընկել իրենց կարգապահությամբ, բարեխիղճ ծառայությամբ։
Ներկայացնելով ճամբարի առօրյան՝ Գ. Մանուկյանը տեղեկացրեց՝ առավոտյան ժամը 7-ին զարթնում են պատանիները «Սարդարապատ» երգի հնչյունների ներքո, հետո՝ վարժանք, վազք, նախաճաշ։ Օրվա ընթացքում 3 անգամ սնվում են։ Մասնակցում են հիմնականում մարզումների, ունկնդրում դասախոսություններ ռազմարվեստի, պատմության, առաջին բժշկական օգնության, մարտավարության և այլնի վերաբերյալ։ Երեկոյան խարույկի շուրջ տեղի են ունենում մշակութային տարբեր միջոցառումներ, որին մասնակցում են երգիչներ, դերասաններ, մարզիկներ, ռազմական գործիչներ։
«Միհրի» շատ համախոհներ հաճախ այցելում են ճամբար, հնարավորության դեպքում աջակցում։ Օգոստոսի 6-ին ճամբար այցելեցին ամուսիններ Հակոբ Ճաղարյանն ու Զարուհի Մուրադյանը՝ հայ նշանավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրը։ Նրանք մեծ աշխատանք են կատարել պատերազմի ամբողջ ընթացքում և այժմ էլ շարունակում են աջակցել արցախահայությանը։
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #31 (1402) 11.08.2021 - 17.08.2021, Բանակ և հասարակություն