Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ»



«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ»Պատերազմում ծանր վիրավորումից հետո երկրորդ կյանք ստացած վիրավոր զինվորները հիմա թիթեռներին են նոր «կյանք» տալիս. առաջին ճյուղից մինչև վերջին մասնիկը մանրակրկիտ մշակում, լաքապատում են, այնուհետև թիթեռներին են խնամքով տեսքի բերում, ամրացնում ու արվեստի գեղեցիկ գործ ստանում.

«Այստեղ, կարծես, աշխարհից կտրվես, խնդիրներիդ մասին մոռանաս, ընդհանրապես արվեստով չեմ զբաղվել, բայց հետո միանգամից սիրահարվեցի այս գործին»,- ասում է պատերազմում ողնաշարի վնասվածք ստացած եւ առայժմ սայլակին գամված Հայկ Ժամկոչյանը:

Հայկը հիմա այս արվեստանոցի մշտական անդամն է: Զորակոչվել է «Ես եմ» ծրագրով, Պաշտպանության բանակում էր ծառայում, պատերազմի ընթացքում Արցախի հարավային թևում ընթացող մարտերին է մասնակցել, ապա կռվել Հադրութում, հոկտեմբերի 16-ին վիրավորվել:

Ամենաթեժ ճակատներում մարտնչած Գևորգ Կարապետյանի համար թիթեռներով կոմպոզիցիաների արվեստը նույնպես խորթ զբաղմունք էր, մինչ այս, միայն զենք է բռնել, մարտական դիրք պահել, բացառապես ռազմական գործով զբաղվել,  կոշտացած մատներով հիմա արդեն «փխրուն» արվեստով է զբաղվում.

«Ես սպա եմ, մտքովս երբեք չէր անցնի, որ կարող եմ այսպիսի մանրակրկիտ ու նուրբ աշխատանք կատարել»,- ասում է Գևորգ Կարապետյանը:

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ»Զինվորներին այս գործին հասու է դարձրել  ամերիկաբնակ Հելեն Առաքելյանը, որ պատերազմից հետո իր տունն ու ընտանիքը հեռվում է թողել՝ հայրենիքի պաշտպանների կողքին կանգնելու, նրանց զորավիգ լինելու համար.  «Անդրանիկ զորավարն ասում էր՝ ամեն հայ պետք է մտածի՝ ի՞նչ կարող է անել ազգի համար, մտածում էի՝ ի՞նչ կարող էի ես անել, իրենք ամենաթանկը նվիրեցին, ես էլ որոշեցի իմ ժամանակն ու էներգիան նվիրել»։

Երկու որդի ունեցող մանկավարժն այժմ զինվորի տանը որդիների մեծ «բանակ» ունի, ասում է՝ բոլորն իրենն են, տղաների հետ կապվել է, նրանց ցավով ապրել,  հաջողություններով ուրախացել. «Թեկուզ կարոտը կա, ընտանիքիս շատ եմ կարոտում, բայց այս տղաներն էլ իմ ընտանիքն են դարձել»։

Նրա խոսքով՝ աշխատելիս տղաները երբեմն անգամ իրենց ցավն են մոռանում, գործում են  տքնաջան ու ինքնամոռաց, որ ստացված հասույթով կարողանան օգտակար լինել նաև զինակիցների բուժման ու վերականգնման գործին. «Տղաներն ավելին արեցին, քան ես ակնկալում էի, եթե ես մտածում էի՝  կունենան սիրելի զբաղմունք, ապա նրանք սա աշխատանք են դիտարկում, որ օգնեն մյուս վիրավորներին»։

Արևադարձային ու մերձարևադարձային թիթեռները հայկական հողին աճող ճյուղերի հետ են համադրություն կազմում. խնձորենի, բալենի, կեռասենի, յասաման՝ ըստ յուրաքանչյուրի ճաշակի ու ցանկության է համադրությունը ստեղծվում: Զինվորի ձեռքով պատրաստված արվեստի այս նմուշներն արդեն մի շարք երկրներում մեծ տարածում են գտել, ինչի շնորհիվ  տղաները հիմնել են  իրենց բարեգործական ընկերությունը, անվանակոչել՝ «Գեղեցկություն՝ զինվորներից»։

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ»Կապույտ  թիթեռների համադրությամբ  արվեստի այս գործն էլ ավագ լեյտենանտ Վարդան Վարդանյանի ձեռքով է պատրաստվել, մյուսներն արդեն վաճառվել են։

Ավագ լեյտենանտ Վարդան Վարդանյանը Ջրականում է մարտնչել, իր զինվորների հետ թշնամուն ծանր կորուստներ պատճառել:  Այժմ էլ ամեն մի թիթեռը «հղկելիս» Վարդանը մտովի սահմանին կանգնած տղաների հետ է, սահմանին լարվածությունը անհանգստացնող է, բայց հավատում է Հայոց բանակի ու զինվորի ոգուն ու բազկի ուժին, վստահ է՝  մեր զինվորները գերազանց են կատարելու առաջադրված մարտական խնդիրը։

Պատերազմի երիտասարդ վետերանի համար թիթեռներով արվեստը դարձել է ոչ միայն սիրելի զբաղմունք, այլև բարդ աշխատանք. յուրաքանչյուր անզգույշ շարժում կարող է վնասել թիթեռին, բայց Վարդանը կարողացել է անգամ վիրավոր  թիթեռներին նոր «կյանք» տալ։ Նրա խոսքով՝ այդ վնասված թիթեռներն էլ յուրահատուկ խորհուրդ ունեն…

Բոլորի համար թիթեռները յուրահատուկ խորհուրդ ունեն. զինվորները նրանց մեջ իրենց անմահացած ընկերների ներկայությունն են զգում, թերեւս չիմանալով, որ հին ավանդույթով թիթեռները համարվում են հոգու վերածնության ու հարության խորհրդանիշ…

Հելեն Առաքելյան. «Ասում են՝ երբ մեկի մասին մտածում ես ու թիթեռ ես տեսնում, ուրեմն նրա հոգին է, ես այս թիթեռների մեջ մեր զինվորներին եմ տեսնում, իրենք միշտ ներկա են, մեր հոգում, մեր աղոթքներում…»:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #31 (1402) 11.08.2021 - 17.08.2021, Հոգևոր-մշակութային


12/08/2021