ՆՐԱ ԸՆԿԵՐԸ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ ԷՐ…
Զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, մայոր Անտոն Բագրատի Անտոնյանը ծնվել է 1984 թ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, զինվորականների ընտանիքում: Ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանը, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ 2005 թ. անցել է ծառայության Քարվաճառի զորամասերից մեկում՝ որպես սպա։ 2009 թ-ից 8 տարի ծառայել է հրետանային ուսումնական զորամասում։ 2017 թ. նոյեմբերին իր դիմումի համաձայն կրկին տեղափոխվել է Քարվաճառի զորամաս, ծառայել որպես ստորաբաժանման հրամանատարի տեղակալ։ Ընդհանուր առմամբ, 20 տարի հայկական բանակում: 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից ներգրավված է եղել կենաց-մահու կռիվներում: Օրինակելի ու բոլորի կողմից սիրված սպան կռվեց անձնուրաց՝ ոգի ու ուժ փոխանցելով մարտական ընկերներին, սակայն, ցավոք, հոկտեմբերի 2-ին, Քարվաճառի պաշտպանական մարտերից մեկի ժամանակ, զոհվեց թշնամու ԱԹՍ-ի հարվածից՝ պաշտպանելով իր զինվորներին, նրանց համար վահան դառնալով… Մայոր Անտոնյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 6-ամյա դուստր, և 12-ամյա որդի:
…Հավաքվել են Անտոնի մարտական և մանկության ընկերները: Առաջարկեցին այցելել զորամաս՝ յուրահատուկ մի հուշահամալիր, որտեղ, ի թիվս Արցախյան պատերազմներում զոհված հերոսների, Անտոնի համար ևս խնամքով հիշատակի անկյուն է պատրաստված՝ նրա լուսանկարով, անվանական քարով: Այս քարերի վրա զոհված հերոս տղաների անուններն են գրված: Հուշակոթողի հեղինակը Արցախյան պատերազմների մասնակից Աղաբեկ Խաչատրյանն է՝ Բեկը: Սարերից բերելով այս քարերը՝ շարել է դիրքի խրամատներ հիշեցնող տարածքի պատերը՝ այսպիսով հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար անմահացած մարտիկների հիշատակին: Մթնոլորտն այնպիսին է, ասես, իրոք, խաղաղ մի պահի իրական մարտական դիրքում լինես: Իսկ զինվորական պարագաները, որ լրացնում են պատկերը, Երևանից ինչ-որ կախարդանքով մտովի տեղափոխում են այնտեղ, ուր թեժ մարտերում կենաց-մահու կռիվ են տվել մեր տղաները… Զրույցի ենք նստում հենց այդտեղ՝ «խրամատի» ներսում: Անտոնի ընկերներից յուրաքանչյուրն իր հիշողություններն ու ջերմ խոսքն ունի ասելու նրա մասին: Հիշում են հատկապես հմուտ զինվորականի և անձնվեր մարտընկերոջ վերջին կռիվը, որը նրա համար ճակատագրական եղավ.
-Կապ չունի՝ որտեղ կլիներ այդ պահին՝ դիրքերում, զորամասում, անգամ ռադիոկապով անասելի ուժ էր տալիս բոլորիս, ոգևորում, կատակներով ու քաջալերանքի խոսքերով բարձրացնում կռվողների ոգին,- պատմում է ստորաբաժանման կապի պետ, ավագ լեյտենանտ Ռուբեն Ճաղարյանը:-Երբ էլ կապ տար, բոլորի ուշադրությունը նրա ձայնին էր՝ ի՞նչ էր ասելու: Ամենալարված պահին հանկարծ կապ կտար ու մի ծիծաղելի բան կասեր, կամ անեկդոտ կպատմեր: Գիտեր՝ որ րոպեին ինչ է պետք անձնակազմին: Անմիջապես լարվածությունն անցնում էր, ժպտում էինք. «Լավ, էլի՛, Անտո՛ն, հենց հիմա՞ պիտի անեկդոտ պատմեիր»: Հաջորդ պահին արդեն զգալով, որ հաջողվեց լիցքաթափել լարվածությունը, շարունակում էր հրահանգներ տալ: Այնքան հանգիստ էր խոսում, որ բոլորը հենց այդպես էլ ընկալում էին. որ սովորական իրավիճակում ենք, մեր առօրյա ծառայությունն է: Նա այդ օրը դիրքերում չպետք է լիներ, բայց ուզում էր զորքի կողքին լինել: Ցույց չէր տալիս, որ վատ է զգում, մինչդեռ բարձր ջերմություն ուներ: Խնդրում էինք, որ իջներ դիրքերից, բայց համառում էր. «Ո՞նց, ձեզ թողնեմ, գնա՞մ»:
Հիշում է մանկության ընկերը՝ Սամվել Առուստամյանը.
-Միաժամանակ և՛ հուզվող էր, և՛ շատ սթափ միտք ուներ: Շատ արագ էր մարդկանց հետ լեզու գտնում: Ինչից խոսեիր՝ տեղյակ էր, խորապես գիտեր: Մինչև զորամաս գալը 8 տարի շարունակ հրետանու ուսումնական զորամասում հարյուրավոր զինվորների էր կրթել: Երբ դեռ ուսումնական զորամասում էր, բոլորը ձգտում էին նրա մոտ ծառայել, չնայած նրան այնտեղ «Մառոզ» մականունն էին տվել՝ խստության ու պահանջկոտության համար: Ապրիլյան մարտական գործողություններից հետո զինվորները զանգում, շնորհակալություն էին հայտնում նրան. «Եթե ուսման ընթացքում Ձեր այդ խստապահանջությունը չլիներ, մենք ողջ չէինք մնա այս պատերազմում…»:
Խիստ՝ ծառայողական խնդիրներում, բայց շատ մարդկային ու սրտացավ՝ ծառայակիցների հանդեպ, նեղության մեջ հասնող. այսպիսին էր Անտոնը, այսպես են հիշում նրան բոլոր ծանոթները: Պատահել է՝ իր վարկի գումարից է տվել ծառայակցին, երբ զգացել է, որ նեղության մեջ է մարդը:
Ընկերը՝ Հայկ Աբրահամյանն է հիշում.
-Մեր միջև 9 տարվա տարբերություն կա. ես նրանից մեծ եմ, բայց նրա ներկայությամբ միշտ զգաստանում էի. հարգանքս զինվորական ընկերոջս հանդեպ սահման չուներ: Իսկ նա ինձ միշտ համեստորեն ասում էր. «Դո՛ւ ես իմ ավագ ընկերը. ե՛ս քեզնից շատ բան ունեմ սովորելու»: Անտոնի զինվորական հայրը զոհվել էր ուղիղ 30 տարի առաջ՝ ծառայողական խնդիրը կատարելիս: Մայրն այժմ էլ ծառայում է ԶՈՒ-ում:
Նախկինում՝ վաշտի հրամանատար, այժմ ստորաբաժանման ԲՀԱ գծով տեղակալ, մայոր Մանվել Հովհաննիսյանը Անտոնի հետ գրեթե միաժամանակ էր ծառայության անցել.
– Ես՝ որպես վաշտի հրամանատար, նա՝ որպես գումարտակի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ առաջին անգամ դիրքերում հանդիպեցինք՝ 2017 թ. դեկտեմբերի 21-ին,- հիշում է Մանվելը:- Այս աշխարհում շատ քիչ մարդիկ կան, որոնց առաջին հայացքից, կես բառից կարող ես հասկանալ, և ձեր միջև իսկական ամուր ընկերություն սկսվի: Նրա հետ դիրքում հանդիպման առաջին իսկ օրվանից ընկերացանք: Անտոնը կարճ ժամանակում գումարտակի ամբողջ անձնակազմի հարգանքը վաստակեց: Բոլորի նկատմամբ նույն սրտացավությունն ուներ: Բայց եւ նրա խոսքն օրենք էր:
44-օրյա պատերազմի ընթացքում նրա դերը հատկապես անգնահատելի էր: Այդ օրերին դիրքերից մեկի անձնակազմին ոգևորելու կարիք կար. դրա համար էր այնտեղ: Երեք օր մնաց այդ դիրքում: Այդ ընթացքում նաև հրետանու կրակի ղեկավարմանն էր օգնում: Մի քանի օր արդեն այդ դիրքերի վերևում անօդաչուներ էին թռչում, հետախուզում: Հոկտեմբերի 2-ն էր: Անտոնը նկատել էր, որ ԱԹՍ-ներից մեկը մոտենում է դիրքի ուղղությամբ, վազել էր դեպի անձնակազմը, փորձել բոլորին թաքստոցում տեղավորել և վերջին պահին, հենց թաքստոցի շեմին ԱԹՍ-ի հարվածից խոցվել: Մեր լավագույն սպաներից էր…
Գումարտակի նռնականետային դասակի հրամանատար, ենթասպա Սամվել Բաղդասարյանի համար մայոր Անտոնյանը հրամանատարի կատարելատիպ էր.
-Ես նրա ենթական էի: Մեր հարաբերությունները ծառայողական էին՝ խնդիր է դրել, օգնել է, կատարել եմ, ստուգել է: Բայց վերադաս լինելուց զատ, նա ինձ համար նախ և առաջ շատ լավ անձնավորություն էր: 20 տարի ծառայել եմ այդ զորամասում: Լավ ծառայության համար իմ առաջին պարգևը՝ պատվոգիրը, մոտ 18 տարի անց, հենց նրանից ստացա. չէի սպասել, չէի ակնկալել, պարզապես սիրով արել էի իմ գործը, ու նրա այս գնահատանքը ինձ համար ամենաարժեքավորն է: Հիշում եմ, մի օր գիշերով՝ ժամը երկուսին, միասին գնում էինք դիրքեր՝ ինժեներական աշխատանքներ կատարելու: Պարկով ցեմենտ էի տեղափոխում: Ճանապարհի կեսին ինձ կանգնեցրեց, ասաց. «Իջեցրո՛ւ»: Եվ պարկն ուսին վերցնելով՝ շարժվեց առաջ: Սա փոքր թվացող, բայց մարդու, հրամանատարի տեսակի մասին շատ բան ասող դրվագ է: Գիտեր, որ նորը կվերցնեմ, դատարկ չեմ գնա, բայց այսպիսով ցույց էր տալիս իր հարգանքը ենթակայի հանդեպ: Մի օր էլ ուժեղ քամի էր, սնունդ էինք տեղափոխում դիրքեր. երեք հոգով գնացինք, որ զինվորներին վտանգի չենթարկենք: Մի «Ուրալ» սնունդը իմ ու վաշտի ավագի հետ հավասար դատարկեց: Ահա այսպիսի դրվագները բազմապատկում էին նրա՝ որպես հրամանատարի հանդեպ ենթականերիս հարգանքը:
Զոհվելու օրը, մինչև այդ չարաբաստիկ դիրքն իջնելը, մեր դիրքում էր: Հիշում եմ՝ գումարտակի հրամանատարից հրահանգներ էի ստանում. հակատանկային դասակիս ուժերով խնդիր էի լուծելու: Անտոնը կանգնած լսում էր. վերջում նայեց ինձ, ասաց. «Դե՛, Սամվե՛լ ջան, ի գո՛րծ»: Դա նրա՝ ինձ ուղղված վերջին ոգևորիչ խոսքն էր… Ասաց ու իջավ: Քանի որ մեր պատժիչ գործողությունները հատկապես այդ դիրքերից շատ հաջող էին, հակառակորդը իր հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներն էր ուղարկում: Ու մի պահի դրանցից մեկը շարժվել էր այն դիրքի ուղղությամբ, որտեղ Անտոնն էր անձնակազմի հետ: Անտոնն իր մարմնով փակել էր թաքստոցի մուտքը, ԱԹՍ-ի հարվածից պաշտպանել իր անձնակազմին… Հերոս հրամանատար էր. հրամանատար, որին գաղափարապես, ֆիզիկական պատրաստվածությամբ, մարդկային տեսակով պետք է միշտ ձգտենք նմանվել:
Պայմանագրային սերժանտ Վաչագան Թումանյանը մայոր Անտոնյանի մասին շատ հիշողություններ ունի, բայց, որպես մարդկային դրսևորում, նրա անկեղծ ու մտերմիկ բարևը, ամուր ու ջերմ ձեռքսեղմումն է հիշում.
-Մարդու մասին նույնիսկ ձեռքսեղմումից կարող ես շատ բան իմանալ: Եթե այդ պահին հանկարծ հարմար էլ չլիներ, հետո էր մոտենում. «Չկարողացա քեզ կարգին բարևել», ու մեկնում էր ձեռքը, ջերմորեն բարևում:
Ստորաբաժանման կապի պետ, ավագ լեյտենանտ Ռուբեն Ճաղարյանն է հիշում.
-Շատ էր սիրում ջրին մոտիկ լինել: Եթե փնտրեինք զորամասում ու չգտնեինք, գիտեինք, որ բաղնիքում է:- Առավոտյան բոլորիցս շուտ էր արթնանում: Մի օր վեր կացանք, տեսանք՝ մինչև արմունկները մրի մեջ է: «Ի՞նչ է եղել»: «Բաղնիքի ծխնելույզն էի մաքրում: Բաղնիքը տաք է, վե՛ր կացեք լողանալու»:
…Ամսի 27-ի վաղ առավոտյան զանգ եկավ. մեր գումարտակի շտաբի պետն էր. «Վիճակը լուրջ է. Անտոնյանին էլ ասա, շո՛ւտ հասեք»: Միշտ երբ ես էի վարում, իսկ ես մի քիչ արագ վարող եմ, Անտոնը կողքիս նստած անընդհատ ասում էր. «Կամա՛ց քշի, զգույշ քշի, գլուխներս չուտե՛ս»: Իսկ երբ այդ օրն իմացավ, որ լուրջ է իրավիճակը, ամբողջ ճանապարհին շտապեցնում էր ինձ. «Ռուբե՛ն, գա՛զ տուր: Ավելի՛ արագ»: Ճանապարհի մի հատվածում, երբ մի պահ կանգնեցրինք մեքենան, տեսանք, որ չորս անիվներից էլ ծուխ է բարձրանում: Արագ հասանք զորամաս, զենք-զինամթերքով լիքը բարձեցինք մեքենան ու պատրաստվեցինք դիրքեր բարձրանալ: Մեքենան այնքան շատ էինք բարձել, նստելու տեղ չմնաց: Անտոնն ասաց. «Ձեզնից մեկը թող իջնի. ե՛ս պիտի գնամ»: Հիվանդ էր. թոքաբորբ էր տանում՝ հազ, ջերմություն: Մի կերպ համոզեցինք, որ այդ մեքենայով չբարձրանա: «Մի քիչ շունչ քաշի, լավ կզգաս, էլի կգաս»: Մի կերպ համոզեցինք, բարձրացանք, բայց ուրիշ մեքենայով հասավ մեր ետևից:
…Մինչև հիմա ականջներիս մեջ հնչում է մեր ականանետորդ Արթուրի ձայնը. «104-ին խփեցին…»: Հոկտեմբերի երկուսն էր: Երբ Անտոնը գնաց այդ դիրքը օգնության, մեր ականանետը սկսեց լիարժեք աշխատել. Անտոնն ու Արթուրը ներդաշնակ կառավարում էին կրակը: Նախկին հրետանավոր էր Անտոնը: Չնայած ԲՀԱ գծով հրամանատարի տեղակալն էր, բայց կռվի դաշտում հրետանավորի իր գիտելիքներով էլ էր փորձում օգտակար լինել: Մեր ոգևորությանը սահման չկար. հրետանին գործում էր փայլուն. «Ջա՛ն, տղե՛րք ջան, ջա՜ն, Անտո՛ն ջան». հետևում էինք, թե ինչ հաջող էին կրակ վարում: Այդ նույն ժամանակ Սամվելի հետ էի խոսում: Հեռադիտակով նայում էինք, մեկ էլ տեսնենք՝ երկու հոգի են մոտենում: Երկուսը չորս դարձան, տասը, քսան, ու շարունակում էին իջնել: Մինչև կճշտեինք՝ մերոնք են, թե թշնամին, Սամվելը նռնականետը տեղադրեց, հաշվարկներն արեց: Պարզվեց՝ մերոնք դիվերսիան հետ էին շպրտել, ու թշնամին իջնում էր մեր դիմացի ձորակը: Հենց մեր ներքևում էին. սկսեցինք կրակել: Այդ ընթացքում Անտոնի հետ կապի մեջ էինք. «104, էստեղ են, «լոդկի» մեջ, խփում ենք»: Անտոնն անընդատ ոգևորում էր ռացիայով. «Դուխներդ բա՛րձր, տղե՛րք ջան»: Ականանետը լիարժեք աշխատում էր. Անտոնը մի կողմից էր խփում, Արթուրը՝ մյուսից: Ծովը մեր ծնկներից էր. «Ջա՜ն, կպա՛վ, էդտեղ մի հատ էլ խփի՛ր»: …Ու հանկարծ Արթուրն է կապ տալիս. «104-ին խփեցին… վիրավորներ կան, հնարավոր է՝ զոհեր ունենք: Շո՛ւտ հասեք…»: Արթուրն այդ պահին մոտ էր Անտոնին, բայց այնպիսի տեղում էր, որ մոտենալ չէր կարող: Զանգեցինք հրամանատարի տեղակալին, ասաց. «Գիտենք. մեքենաներն արդեն ճանապարհին են»: Սկսեցի փորձել Անտոնի հետ կապ հաստատել: Ռադիոկապով պատասխան չկար, ձեռքին զանգեցի՝ անհասանելի էր: Մտածում էի՝ «Անտո՛ն… վերցրո՛ւ, գոնե ասա. «Հետո կխոսենք», ու հենց այդ պահին հրամանատարի տեղակալը կապ տվեց. «…Վիրավորներին իջեցրինք. Անտոնենց՝ շտապ չի…»: Երբ լսեցի այդ «շտապ չի»-ն, կարծես ժամանակը կանգ առավ. անկախ ինձնից, աչքերիցս արցունքները սկսեցին գլորվել… Տղերքն էին հերթով զանգում. տանջվում էին. էսպես չպիտի լիներ…
…Զորամասի «խրամատում» այդ օրը հավաքված ընկերները դեռ երկար խոսում էին, կիսվում Անտոնի մասին իրենց հիշողություններով, մեկը մյուսին լրացնելով՝ վերստեղծում նրա մարդկային ջերմ ու նվիրյալ կերպարը: Նրան ճանաչած տղաների կորստի ցավը մեծ է, հպարտությունը՝ նույնպես, որ բախտ են ունեցել մայոր Անտոնյանին ճանաչելու և նրա ընկերը լինելու:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Անտոն Անտոնյանը ծառայության ընթացքում բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի է արժանացել: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #31 (1402) 11.08.2021 - 17.08.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում