Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՑՐՈՒՄ



44-օրյա պատերազմի մասնակից ժամկետայիններն այսօր տուն են վերադառնում…

Նրանց պատերազմական հիշողություններն ամենաթեժ օրերի, ամենածանր րոպեների վերաբերյալ են։

Եվ անգամ ամենադժվար պահերին տղաների ո՛չ հույսն է մարել, ո՛չ հավատը, շարունակել են մարտն ու հակագրոհը, շարունակել են կռվել, շարունակել են խոցել թշնամուն։

Եվ այսպես շատերն են կռիվ տվել։ Երբ տեխնիկան խափանվել է, խրամատ են զբաղեցրել ու գրոհ կասեցրել։ Հակագրոհ ձեռնարկել։ Հաջորդ օրը՝ նորից նույնը, եւ դրա հաջորդ օրերին էլ…

Կռվել են մինչև ծանր վիրավորումը, երբ պարզապես անհնար է եղել պաշտպանություն կազմակերպելը, երբ արդեն անհնար է եղել հոսպիտալային բուժօգնությունից խուսափելը։

Համազորայինների մարտերին ամբողջ ուժով աջակցել են հրետանավորները։ Թիկունքից են մարտ վարել, կարևոր թիրախներ խոցել։

Ամենաբարդ առաջադրանքներ նաեւ վարորդներն են կատարել՝ անընդմեջ զինամթերք հասցնելով մի տեղից մյուսը, ապահովելով անձնակազմի անվտանգությունը, վիրավորներին արագորեն բուժկետ հասցնելով։

Փրկվել են միմյանց օգնելով, անելանելի վիճակներից դուրս եկել, փրկվել են ուս ուսի մարտ վարելով, փրկվել են եղբայրաբար մարտնչելով։

Այսպես էլ մարտական ընկերություն են ստեղծել՝ կորցրած զինակից ընկերներին անվերջ հիշելով ու հարգանքի տուրք մատուցելով, ողջերին անսահման կարոտելով։

Պատերազմի մասնակից, ամենածանր օրերով անցած տղաները մեկ պատգամ են թողել ու մեկ հավատ. բանակը ինչպես նախկինում, ուժեղ է լինելու։

Այսօր տղաներն արդեն տանն են, անցել են քաղաքացիական կյանքի, ապրելով ամենադժվար օրերը, անցնելով կրակի ու մահվան միջով, հաղթահարելով ամենամեծ բարդությունները։ Նրանք հերոսներ են՝ իրենց վաշտի, գումարտակի, գնդի։ Եվ շարունակողը անմահների առաքելության…

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #31 (1402) 11.08.2021 - 17.08.2021, Ազգային բանակ


12/08/2021