Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՄՓՈՓՈՒՄ



ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՄՓՈՓՈՒՄՀուլիսի 31-ին ավարտվեց 2021 թվականի ամառային զորակոչը. արդյունքների շուրջ պարզաբանումներ է ներկայացնում ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԸ:

 

-Պարոն գնդապետ, ինչպե՞ս ընթացավ հերթական ամառային զորակոչը:

– Այս զորակոչի ծրագրված թվաքանակը ոչ միայն կատարվեց, այլև գերակատարվեց, ինչը պայմանավորված է պատասխանատուների կողմից զորակոչի ինչպես նախապատրաստական, այնպես էլ իրականացման  աշխատանքների  հավուր պատշաճի կազմակերպմամբ, նաև  զինակոչիկների ու նրանց ծնողների շրջանում այս պետական կարևորագույն միջոցառման կարևորության ճիշտ ընկալմամբ: Զգալիորեն ավելացել է արտերկրից վերադարձողների թիվը: Պատերազմից հետո արդեն երկրորդ զորակոչն ենք անցկացնում, և ուզում եմ հատուկ նշել, որ խուսափողների թիվը շեշտակի նվազել է, ինչը պայմանավորված է նաև մեր տղաների հայրենասիրությամբ: Սա անբեկանելի և անքննելի ճշմարտություն է:

Թեմայի հետ կապված՝ նախ նշեմ, որ զորակոչի ընթացքում պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է բողոքարկման հանձնաժողով: Քանի որ բոլորս լավ գիտենք, որ առողջության հետ կապված լինում են նաև գանգատներ, որոնք մենք ուղղորդում ենք պաշտպանության նախարարին կից՝ Գեղամ Հարությունյանի գլխավորած դիմումների և բողոքների հանձնաժողով, որտեղ քննում են դրանք: Եթե զինակոչիկի ներկայացրած տեղեկանքը չի համապատասխանում հետազոտման ակտին, կրկնակի հետազոտման արդյունքում նորից կենտրոնական բժշկական հանձնաժողովը որոշում է ընդունում:

-Հատկապես հետպատերազմյան շրջանում, կարծում եմ, որոշակիորեն առանձնահատուկ պետք է լիներ թե՛ Ձեր աշխատանքը, թե՛ հանրային վերաբերմունքը զորակոչի գործընթացին:

-Միանշանակ, այդպես է: Պատերազմից հետո մենք զինակոչիկների հետ, բացի առողջական վիճակի հետազոտությունից, նաև ուսումնասիրում ենք նրանց ընտանեկան դրությունը: Պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք զոհեր, վիրավորներ, նաև անհայտ կորածներ: Թեև օրենքով նախատեսված չէ, սակայն այս կատեգորիաների զինակոչիկների ընտանիքների զինապարտ անդամներին տարկետում տրամադրելու իրավունք է վերապահված պաշտպանության նախարարին: Այս զորակոչին նման կատեգորիայի զինակոչիկների եղբայրներին կամ զոհվածի միակ արու զավակին, որը օրենքով է ազատված, տվել ենք տարկետում, իսկ օրենքով չնախատեսված դեպքերում, պաշտպանության նախարարի հանձնարարության  համապատասխան, բոլորի ընտանեկան դրություններն ուսումնասիրել ենք, եւ այդ կատեգորիայի զինակոչիկների առկայության դեպքերում, տրվել է տարկետում:

-Պատերազմից հետո բանակային գրեթե բոլոր ստորաբաժանումներում նոր շնչառությամբ են լծված ծառայությանը. վերանայումներ, բարեփոխումներ են իրականացվում: Ի՞նչ է փոխվել զորակոչային մարմնի աշխատանքում: Առաջիկայում զորակոչի գործընթացում փոփոխություններ, նորարարություններ նախատեսվո՞ւմ են:

-Այո՛: Այս պահին կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխությունն է քննարկվում: Կա պաշտպանության նախարարի հանձնարարականը: Մենք աշխատում ենք նաև զինված ուժերի գլխավոր շտաբի հետ:

Որպես մեծ ձեռքբերում,  կնշեմ հետևյալը. օրինակ՝ զինակոչիկի ծնողը կկարողանա իր բնակության վայրից, դիցուք՝ Մեղրիից, կապվել կենտրոնական հավաքակայանի հետ և հետևել զորակոչի վիճակահանության ընթացքին: Հետագայում, զորակոչի հետ կապված, այլ կառուցվածքային փոփոխություններ էլ կյանքի կկոչվեն, որոնք միտված կլինեն ավելի դյուրին դարձնելու մարզերում բնակվող զինակոչիկների հարազատների գործերը: Անելու ենք այնպես, որ բանակի հետ կապված  բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ ստանան տեղերում,  զորակոչի, զորահավաքային միջոցառումների ընթացքում ծագած խնդիրները, տեղեկանքների տրամադրում և այլն, լուծվեն տարածքային ստորաբաժանումներում:

 

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1403) 18.08.2021 - 24.08.2021, Ազգային բանակ


19/08/2021