Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵՐՁՈՐՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐԸ



ԲԵՐՁՈՐՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐԸԱրցախի անկախության օրը Քաշաթաղի շրջանի 54 համայնքներում միշտ էլ մեծ շուքով են նշել՝ տոնական համերգներ, հրավառություն: Առավել շուքով էր տոնը շրջկենտրոն Բերձորում. շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի էր ունենում այցելություն Բերձորի Արցախյան գոյամարտում մարտիրոսված հերոսների հուշահամալիր: Այստեղ երեք խոնարհված պատերին քանդակված է շրջանի 300 քաջորդիների անունները: Հուշահամալիրում կան նաև այլ հուշակոթողներ՝ նվիրված Շուշիի ազատագրման համար նահատակվածներին, սպարապետ Վազգեն Սարգսյանին, «Հատուկ գնդի» անմահ հերոսներին, հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին և այլն: Տեղի էր ունենում ծաղիկների խոնարհում, հանդիսավոր մաս, պարգևատրություններ: Այսօր այլ է: Արցախյան վերջին պատերազմը շատ բան փոխեց. Քաշաթաղի շրջանից կյանքի ճանապարհին են մնացել ընդամենը 3 բնակավայր՝ Բերձորը, Ներքին Սուսն ու Աղավնոն, որտեղ իսկական տերերն են բնակվում: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մարինե Ռուստամյանը տեղեկացրեց՝ սեպտեմբերի 2-ին շրջվարչակազմի ղեկավարությունը, քաղաքապետը և բնակիչները այցելել են Բերձորի Արցախյան գոյամարտի հերոսների հուշահամալիր: Այնուհետև Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում կատարել են մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան գոյամարտի բոլոր նահատակների: Ուրախալի է, որ այցելուների թվում նաև երեխաներ են եղել: Նախորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին՝ դպրության և գիտելիքի օրը, Քաշաթաղի շրջանում առայժմ միակ գործող Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցն այս տարի բացել է դռները 50 աշակերտների առջև: Տնօրեն Պողոս Աղաբեկյանը ուրախությամբ տեղեկացնում է, որ դպրոցն ուսուցչի կարիք չունի. աշխատակազմը համալրված է: 20 աշակերտ դպրոց է հաճախում Բերձոր քաղաքից, մյուսները Աղավնոյի բնակիչներ են: Առավել ուրախալի է, որ առաջին դասարան են ընդունվել 6 երեխա՝ 4 տղա, 2 աղջիկ: Առաջին դասարան է ընդունվել նաև Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի 5 զավակներից ավագը՝ Քնարիկ դուստրը:  Սա հավատ է ներշնչում՝ Արցախը կրկին կունենա իր իսկական տեսքը՝ Շուշիով ու Հադրութով, Կովսականով ու Քարվաճառով, Տիգրանակերտով…

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Հոգևոր-մշակութային


09/09/2021