Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՅՑ ԵՍ ՈՒՆԵՄ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՐԵՎ



ԲԱՅՑ ԵՍ ՈՒՆԵՄ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՐԵՎ«Մա՛մ, դու իմ Արևն ես: Բայց ես ունեմ ավելի մեծ Արև: Առանց դրա 3 միլիոն կյանք կմթնի, առանց դրա 10 միլիոն կյանք կզրկվի ջերմությունից…Ու հիմա ես գնում եմ պաշտպանելու այդ արևը: Մա՛մ, չտխրես… եթե հանկարծ կորցնես ինձ,  ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում կապրեմ ես: Կներես ինձ, իմ մա…»:

Այս տողերը գրել է Նարեկ Սերոբյանը, երբ ընդամենը 16 տարեկան էր: Նա  ապրիլյան պատերազմում Հայրենիքի ազատության համար զոհված տղաների մասին պատմող  դպրոցական բեմադրության սցենարի հեղինակն էր ու գլխավոր դերակատարը:

Իմ ուղեղում միանգամից հայտնվում է կանխասացություն բառը: Ես  չեմ կարող չմտածել՝  Նարեկը, որ ընդամենը 20 տարի ապրեց,  այս բառերը հենց իր մոր համար է գրել: Չեմ կարող չնկատել, որ նրա պատմվածքի հերոսը սեփական կյանքը վտանգելով կյանքեր փրկող մարդուկն է:  Ու այնքան պարզ, այնքան  թափանցիկ է դպրոցական տղայի  ուղերձը ընթերցողին՝ մարդու հերոսությունը հաղթ ուսերի ու ուժեղ մկանների մեջ չէ, այլ՝  հոգու, սեփական կյանքը ուրիշների համար վտանգելու խիզախության, կյանքեր փրկելու առաքելության: Ու անգամ թզուկը կարող է հերոսանալ, եթե անձնվիրաբար սիրի մարդկանց: Իսկ հոգով թզուկներին ոչինչ չի փրկի:

-Իմ եղբայրը կատարելություն էր,- ասում է Նարեկի քույրը՝ Աննան:- Նա առաքինությունների մարմնացում էր:  Երկրորդ դասարանում էր, երբ ուսուցչուհուն  հարցրեց՝  Մասիսն ինչո՞ւ է տխուր: Հետո ինքն էլ պատասխանեց իր հարցին՝ Մասիսն ու Սիսը մորից խլված որբուկներ են: Երբ ես նրանց Հայաստան բերեմ, գագաթների ձյունը կհալչի: Դուք այդքան խելացի երեխա տեսե՞լ եք, հինգ տարեկան էր ընդամենը:

Դպրոցում գերազանցիկ էր, Վիքիպեդիայում ավելի քան հազար հոդված էր հեղինակել, հաճախում էր ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ Թումո, հաղթում էր ամենատարբեր մրցույթներում,  պատվոգրեր ստանալը սովորական բան էր դարձել: Չորս լեզվի էր տիրապետում: Շախմատի էր գնում, նույնիսկ մի անգամ հաղթեց իր շախմատի ուսուցչին: Շատ լավ ֆուտբոլ էր խաղում: Անհաշիվ գրքեր էր կարդացել՝ գեղարվեստական, գիտական… Ցանկացած թեմայով կարող էիր խոսել հետը ու կապշեիր, թե որքան է  իրազեկված: Ու ամենով հանդերձ ժամանակ էր գտնում՝  խաղում էր դպրոցական ներկայացումներում: Կերտել է Կոմիտասի, Վահան Տերյանի ու այլ մեծերի կերպարները:  Մասնագետները չէին հավատում, որ դերասան չէ, դպրոցական է:  Բայց ամենակարևորը նրա ձեռքբերումները ու շնորհները չէին, այլ մարդկային կերպարը:

Հաճախ էր պատահում՝ արթնանում էի ու տեսնում, որ մահճակալիս մոտ ծաղիկներ են դրված: Իսկ մամայի հանդեպ Նարեկի քնքշանքը սահման չուներ:

Առհասարակ, Նարեկի սիրտը լցված էր սիրով, կարեկցանքով ու բարությամբ: Նա ուրիշների համար էր ապրում: Մարդկանց հոգսը իր վրա վերցնելը Նարեկի համար էնքան բնական էր, որ շնորհակալության չէր սպասում, չէր մտածում, որ լավություն է արել: Բոլորը նրա ընկերներն էին: Եթե մարդ է, ուրեմն՝ իր ընկերն է: Ուրեմն՝ ինքը պարտավոր է օգնել նրան, ինչով կարող է: Նարեկին միայն իր ընտանիքը չի կորցրել, նրանից զրկվել են բոլոր այն մարդիկ, ովքեր ջերմացել ու պիտի ջերմանային նրա լույսից: Հազարավոր մարդկանց նա սեր ու կարեկցանք էր տալու, օգնելու էր, նվիրվելու էր: Նրանից սովորելու էին, նրա օրինակը վարակիչ էր լինելու:

Բանակում նշանակեցին լրատվության բաժնի խմբագիր: Զորամասի պատերին Նարեկի մտորումներն էին հայրենասիրության, ընկերության, սահմանների պաշտպանության. զինվորի ոգու, զինվորական պարտքի մասին՝ որպես լոզունգ, որպես առաջնորդող խոսք…Ե՛վ հրամանատարների սիրելին էր, և՛ ընկերների: Մարտական հերթապահություն էր կատարում, սահման էր պահում: Ծառայում էր ամենայն  նիրումով, շատ էր սիրում ծառայակից ընկերներին՝ Հովհաննեսին, Արտակին… Պատերազմի ժամանակ մինչև հոկտեմբերի 12-ը Նարեկի  ոգևորությունն ու հավատը հաղթանակի հանդեպ չմարեց: Ասում էր՝ մենք թուրքերին հող տվող չենք: Ես տուն եմ գալու հաղթած, իսկ թուրքերը դեռ շատ են փոշմանելու մեր հողը մտնելու համար: Սա ասում էր ռմբակոծության աղմուկի ու կրակահերթերի ճարճատյունի տակ:

Հոկտեմբերի 12-ին վերջին անգամ խոսեցինք իրար հետ: Ասաց՝ խոսք եմ տալիս, հետ եմ գալու: Հետո մի քիչ լռեց ու ավելացրեց՝ մամային լավ կնայես:

Երբ պատերազմն սկսվեց, Արտակն արդեն զորացրվել էր, Նարեկն ու Հովիկը մինչև վերջ կռվեցին կողք կողքի, միասին էլ վիրավորվեցին ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 13-ին: Հովիկը տեղում զոհվեց, Նարեկը՝ հիվանդանոցի ճանապարհին:

Ողջ մնացած տղաները պատմում են, որ պատերազմի առաջին օրվանից ծանր մարտեր են մղել: Նարեկը կրակել է մի քանի զինատեսակներով՝ Կոռնետ, գնդացիր, մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ ու զրահատեխնիկա է ոչնչացրել:

…Նարեկը «Եռաբլուրում» է: Նրանք, ովքեր «Եռաբլուրում» են այսօր, ինչ-որ մեկի Արևն են: Բայց մենք ունենք ավելի մեծ Արև՝ մեր Հայրենիքը: Նրանք այդպես են սովորեցրել մեզ:

Աննան լռում է, հետո բոլորվին ուրիշ ձայնով, բարձր ու հանդիսավոր ասում է.

-Իմ եղբայրն իմ Արևն է, բայց ես ունեմ ավելի մեծ Արև:

Երբ ամեն հայ, աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի, երդման պես իր հոգում դաջի այս  բառերը, մենք կազատագրենք մեր գերեվարված Հայրենիքի յուրաքանչյուր  թիզը: Մենք կհաղթենք:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


09/09/2021