Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԶՈՐՔԻ ՈԳԻՆ Է



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԶՈՐՔԻ ՈԳԻՆ ԷՖեյսբուքով նամակ եմ ստացել: Մի երիտասարդ աղջիկ՝ Արմինե Պողոսյանը, գրում է:

«Ես Կառավարման ակադեմիայում սովորելիս գիտահետազոտական թեմայի շրջանակում մի քանի ամիս դասավանդել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ինձ միշտ էլ հետաքրքրել են բանակի խնդիրները, որովհետև  բանակը մեր ինքնիշխանության ու ազգային անվտանգության գլխավոր երաշխավորն է: Իսկ բանակի մարտունակությունը մեծապես կախված է սպայակազմի աշխատանքի արդյունավետությունից: Ես «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության անդամ եմ, տարբեր ծրագրեր իրագործելիս հաճախ ենք եղել Արցախում, այցելել ենք զորամասեր, զրուցել ենք զինվորների հետ: Ու գիտահետազոտական աշխատանքն  ընտրելիս նախապատվությունը տվեցի բանակին, վերցրի «Ապագա սպաների կառավարչական ունակությունների զարգացման հոգեբանական առանձնահատկությունները» թեման:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում դասավանդեցի ավարտական կուրսի երկու դասակի: Հիշում եմ, թե առաջին անգամ ինչպիսի  տագնապով մտա լսարան, որտեղ բոլորը տղաներ էին՝ ապագա զինվորականներ: Բայց կարճ ժամանակում բոլոր մտավախություններս փարատվեցին: Ես բարեբախտություն ունեցա շփվելու բարեկիրթ, Հայրենիքին ու զինվորական գործին անսահմանորեն նվիրված 30 կուրսանտների հետ, որոնք և՛ հոգեբանորեն, և՛ մասնագիտական գիտելիքներով, և՛ հրամանատարական ունակություններով պատրաստ էին համալրելու բանակի շարքերը և ստանձնելու իրենց ծառայողական պարտականությունները: Մեր հարաբերությունները արագ փոխվեցին ընկերության ու բարեկամության: Մեր կապը չկտրվեց նաև աշխատանքս Ռազմական համալսարանում ավարտելուց հետո:

44-օրյա պատերազմի ժամանակ նրանցից հինգը զոհվեցին՝ Ղազարյան Հայկը, Միխայիլյան Վազգենը, Ազարյան Հրանտը, Մանուկյան Սարգիսը, Դավթյան Գարիկը: Նրանք ընտրյալներ էին: Բայց ես ուզում եմ Ձեզ պատմել Պողոսյան Հայկի մասին»…

Այս նամակն ստանալուց օրեր անց ես զրուցեցի Արմինե Պողոսյանի հետ:

-Արմինե՛, ինչո՞ւ  երեսուն կուրսանտներից, որոնց հետ շփվել եք, որոշեցիք պատմել  հենց Հայկի մասին, ինչո՞վ է նա առանձնահատուկ:

-Ես կարող էի պատմել նրանցից յուրաքանչյուրի մասին: Պարզապես պատերազմի օրերին երկար ժամանակ Հայկից լուր չկար, ու ես առիթ ունեցա ավելի հաճախ շփվելու նրա հարազատների՝ մոր, քրոջ  հետ, լսելու նրանց պատմությունները Հայկի մասին:

Հայկը ցածրահասակ, նուրբ դիմագծերով, սակավախոս, ինքնամփոփ տղա էր, ու ես մտածում էի, որ նրա անունը հաստատ չեմ գտնի լավ սովորողների ցուցակում: Կուրսում ակտիվ, եռանդուն, նախաձեռնող տղաներ կային, ու նրանց կողքին Հայկը ուշադրություն չէր գրավում: Որքան մեծ եղավ զարմանքս, երբ համալսարանում շրջելիս պատին «Մեր համալսարանի գերազանցիկները» վերտառությամբ ցուցանակի վրա  չորս տղաների կողքին տեսա նաև Հայկի լուսանկարը: Ես փորձեցի մտերմանալ, ավելի լավ ճանաչել նրան: Ու որքան ավելի լավ ճանաչեցի, այնքան հիացա նրա կերպարով՝ ինտելեկտով, համեստությամբ, հայրենասիրությամբ: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Հայկը չմասնակցեց վիճակահանությանն ու իր դիմումի համաձայն՝ ծառայության անցավ «Եղնիկներում»:

Որքան մեծ եղավ զարմանքս, երբ կամավորական խմբով Արցախի զորամասեր այցելության ժամանակ մեզ դիմավորեց հենց Հայկը: Հրամանատարության հրահանգով՝ նա պիտի ուղեկցեր մեզ: Հայկը  մեզ ծանոթացրեց իր զորամասին, պատմեց ծառայության մասին, ու անգամ նրա զուսպ խոսքի մեջ զգացվում էր այն մեծ ակնածանքն ու պատասխանատվությունը, որ ունի երիտասարդ սպան զինվորական գործի հանդեպ: Հպարտությամբ ցույց տվեց զինվորների պատրաստած փայտաշեն մատուռը…, 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին հրթիռակոծել էր տարածքը, ամեն ինչ ավերակի էր վերածել, բայց մատուռը մնացել էր անվնաս:

-Փաստորեն, Հայկի դասակը մասնակցել է 44-օրյա պատերազմին:

-Երբ կռվի մասին լուրը լսեցի, բնականաբար, առաջինը սկսեցի մտածել այն տղաների մասին, որոնց դասավանդել էի Ռազմական համալսարանում:

Երկար ժամանակ լուր չկար Հայկից: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը նա չէր զանգել իր հարազատներին: Մեր փնտրտուքին ի  պատասխան՝ լսում էինք, որ Հայկին տեսել են ճակատում, ողջ-առողջ է:

Նոյեմբերի 2-ին կամավորականները համացանցում հրապարակել էին մի լուսանկար, որտեղ կար նաև Հայկը՝ իր զինվորներին գրկած: Դեկտեմբերի 1-ին պաշտոնական հավաքույթի ժամանակ հեռախոսս ծնգաց՝ նամակ ստացա: Հայկն էր գրում. «Լավ եմ, արձակուրդ եմ ստացել, գալիս եմ տուն»:

-Ի՞նչ էր պատմում Հայկը պատերազմից: Ինչո՞ւ այդքան երկար չի կարողացել զանգել հարազատներին:

-Ես մեր զրույցի սկզբում ասացի, որ Հայկը սակավախոս է, նա գործի մարդ է, պատմել չի սիրում: Ես որոշ տեղեկություններ եմ ստացել նրա զինվորներից ու զինակից ընկերներից, կամավորականներից, որոնք կռվել են նույն տարածքում:

Հրամանատարությունը որոշել է կամավորության սկզբունքով ընտրել այն զինծառայողներին, որոնք պետք է դիմակայեին Գյուլիստանի կողմից եկող բավականին ծանր հարձակումներին: Առաջարկում են, որ ցանկացողները թղթի վրա գրեն իրենց անունները: Առաջինը Հայկն է  մոտենում թղթին, հետո նրան հետևում են իր զինվորները:

Հենց պատերազմի առաջին օրը Հայկն իր դասակով հաջողությամբ հետ է մղում թշնամու մի քանի դիվերսիոն հարձակում՝ զգալի կորուստներ պատճառելով թշնամուն: Հայկի ստորաբաժանման տղաները 7-8 հոգով կարողանում են դիմակայել թշնամու 100-200 հոգանոց հարձակումներին:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԶՈՐՔԻ ՈԳԻՆ ԷՀայկի ռազմական գիտելիքները, ճիշտ մարտավարությունն ու հրամանները օգնել են արդյունավետ գործել: Կամավորականների կարծիքով՝ Հայկը կարողացել է համախմբել զինվորականների ու քաղաքացիական անձանց ուժերը և ստեղծել հավաք, կարգապահ  մարտական միավոր:

-Ձեր նամակում գրել էիք, որ Հայկի ընտանիքի հետ շփվելով՝ հետաքրքիր մանրամասներ եք իմացել նրա կենսագրությունից:

-Հայկը եղել է շատ երաժշտական ու արվեստասեր տղա, ավարտել է երաժշտական դպրոցի շվիի բաժինը, երգել է երգչախմբում: Բոլորը համոզված են  եղել, որ նա երաժիշտ կդառնա, սակայն 6-րդ դասարանում Հայկը հայտարարել է, որ  ցանկանում է սովորել «Փոքր Մհեր» ռազմամարզական վարժարանում: Հայկը շատ լավ է սովորել, արժանացել է «Լավագույն հայկազուն» կոչմանն ու որպես պարգև ճամփորդել է Արևմտյան Հայաստանում:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 4 տարի եղել է բացարձակ գերազանցիկ: Որպես լավագույն կուրսանտ գործուղվել է Վրաստանի ազգային պաշտպանական ակադեմիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի կազմակերպած 5-րդ կուրսանտական միջազգային շաբաթին, որտեղ ներկա են եղել  12 երկրներից ժամանած պատվիրակություններ, և  որտեղից Հայկը վերադարձել է պատվոգրով ու խրախուսական նվերներով:

-Դուք առիթ ունեցե՞լ եք Հայկի հետ զրուցելու պատերազմից հետո: Հետաքրքիր է՝ ի՞նչ է նա մտածում հայկական բանակի ապագայի, այդ համատեքստում՝ սպայի դերի ու առաքելության մասին:

-Այո՛, մենք զրուցել ենք, ու բնականաբար, գլխավոր թեման Հայրենիքն էր, զինվորը, պատերազմում մեր հաղթանակներն ու ձախողումները, սպայական կազմի դերակատարումը մարտական գործողությունների ժամանակ: Նա ասում էր՝  Հայրենիքն ունի ֆիզիկական սահմաններ, որոնք պարփակում են թվերով արտահայտված տարածք, բայց Հայրենիքի հոգևոր սահմանները վերջ չունեն…

Հայկը սիրահարված է իր մասնագիտությանը, նա իր ապրած 23 տարիներից 11-ն անց է կացրել համազգեստի մեջ, ու նրա համար սեփական գործից կարևոր, սպայական  պատվից վեր ոչինչ չկա: Հայկի բնութագրմամբ՝ հրամանատարը զորքի ոգին է մարտադաշտում: Երբ զինվորը տեսնում է, որ հրամանատարը իր կողքին է, կռվում է,  մարտ է ղեկավարում ու նաև զոհվում այդ մարտում, դառնում է հզոր, անձնուրաց, նվիրյալ…

Երբեմն  «Եղնիկների» անառիկությունը պայմանավորում են նրա աշխարհագրական դիրքով: Հայկն այլ կարծիքի է. «Եղնիկները» մնացին անառիկ առաջին հերթին լեռնային ոգի ունեցող զինծառայողների շնորհիվ:

Հայկը շատ դժվար օրեր է ունեցել պատերազմի ժամանակ, բայց ամենադժվարը եղել է նոյեմբերի 9-ը: Նա ասում է, որ չի կարող հաշտվել պարտության մտքի հետ: Նա և իր զորքը հաղթել են իրենց  պաշտպանական բնագծում: Հայկն  ասում է, որ միշտ, քանի տարի էլ անցնի, իր ու իր զորքի նպատակակետը լինելու է Հաղթանակը: Ու իրենք ամեն գնով, համառորեն ու ջանադրաբար գնալու են դեպի Հաղթանակ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/09/2021