ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
Բաց երկնքի ներքո, պատերազմական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններում, եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկը մյուսի հետևից խոցում են ուսումնական թիրախները, հղկում ու կատարելագործում են շարային, կրակային ու բուժօգնության ցուցաբերման պատրաստության հմտությունները։
-Այս պահին պարապմունքի ղեկավարն անձնակազմին է ներկայացնում զենքի քանդում-հավաքում վարժության և հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման պայմանները,- ասում է վարժանքներին հետևող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մամիկոն Սարգսյանը:
Այսպես, ամեն օր ուսումնական կետերում մարզվող պահեստազորայինները յուրացնում, այնուհետև գործնականում կիրառում են սպաների փոխանցած գիտելիքները։ Մեկ այլ ուսումնական կետում այդ ընթացքում ուսուցանվում է մարտից առաջ կրակային դիրքի զբաղեցումն ու կրակի վարումը:
-Այս պարապմունքի ժամանակ պահեստազորայինները սովորում են մարտի վարման կանոնները, մարտական իրավիճակներում առավելագույնս արագ ու ճշգրիտ գործելու հմտություններն են զարգացնում,- նշում է փոխգնդապետը:
Գումարտակի հրամանատարի հետ անցնում ենք ուսումնական կետերով և հանդիպում պահեստատուփերի լիցքավորումն ու լիցքաթափումը, փակ աչքերով զենքի քանդումն ու հավաքումն իրականացնող պահեստազորայիններին։
-Իսկ այս վարժության նպատակը գիշերային պայմաններում զենքը քանդել-հավաքելու հմտությունների բարելավումն է. «Դժվար է ուսման մեջ, հեշտ՝ մարտում».- հայտնի ասույթն է հիշեցնում փոխգնդապետն ու հավելում,- հավաքների մասնակիցները ձգտում են գերազանց արդյունքներով աչքի ընկնել կրակային և մարտավարական պատրաստությունից:
Գումարտակի հրամանատարի համոզմունքը հաստատում են հենց իրենք՝ պահեստազորայինները։ Ասում են՝ պատրաստակամ են ներկայացել հավաքներին, երբեք չեն թերագնահատել դրանց դերը: Ժամանակի և իրավիճակի հրամայականով վերհիշում են երկու տասնամյակ առաջ բանակում սովորածը:
-Սիրով եմ ներկայացել այս եռամսյա հավաքներին,- ասում է պահեստազորային Սերյոժա Գրիգորյանը,- այսօր մենք այնպիսի ռազմաքաղաքական իրավիճակում ենք, որ բոլորիս է սա պետք: Յուրաքանչյուր մարդ, ով ապրում է Հայաստանի Հանրապետությունում, պետք է հստակ իմանա իր պարտականություններն ու պարտավորությունները երկրի առաջ:
-Մեծ պատրաստակամությամբ եմ եկել,- ասում է պահեստազորային Աշոտ Զաքարյանը,- մինչ այս` որպես կամավորական էլ եմ ներկայացել հավաքներին, այսօր էլ մեծ հաճույքով մասնակցում եմ վարժանքներին: Ասեմ, որ անչափ կարևորում եմ դրանք: Արժեքավոր ու կարևոր պարապմունքներ են, բոլորին խորհուրդ կտամ մասնակցել, քանի որ այն բխում է նաև մեր Հայրենիքի անվտանգության շահերից:
Այս գործընթացն առաջին իսկ օրվանից անձամբ պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության ուշադրության ներքո է: Այս շաբաթ, մասնավորապես, թե՛ պաշտպանության նախարարը և թե՛ ԶՈՒ ԳՇ պետն անձամբ եղան եռամսյա վարժական հավաքների անցկացման շրջաններում, տեղերում ծանոթացան ավանների կենցաղային պայմաններին և պահեստազորայիններին մատուցվող սննդի որակին։
Արշակ Կարապետյանը հորդորեց անել հնարավորը՝ վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Նա նաև հիշեցրեց, որ մենք ենք մեր սահմանների անվտանգության երաշխավորը, և որ հենց մարտական պատրաստականությունից է կախված մեր երկրի խաղաղ ապագան:
-Պիտի սովորենք, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը: Մեր փոխարեն ոչ ոք դա չի անի: Մյուսները լավագույն դեպքում օգնող են, իսկ մեր երկրի պաշտպանը մե՛նք ենք,- դիմելով պահեստազորայիններին՝ ասաց պաշտպանության նախարարը:
Նախարարի հետ համակարծիք են նաև պահեստազորայինները:
Սերյոժա Գրիգորյանը նկատում է.
-Մենք այս ընթացքում ապրում ենք սովորական զինվորի առօրյայով, վերհիշում ենք բանակում մեր ժամկետային ծառայությունը: Կոնկրետ իմ նպատակն այն է, որ լիարժեք կարողանամ պատրաստվել և անհրաժեշտության դեպքում՝ զենք բռնել և օգտակար լինել Հայրենիքիս:
Պահեստազորային Գաբրիել Միքայելյանն էլ նշում է.
-Բոլորս քաջ գիտակցում ենք, որ այս ամենն արվում է մեր Հայրենիքի, մեր ընտանիքների համար: Յուրաքանչյուրիս թիկունքում մեզ սպասող մեր հայրն է, մայրը, քույրը, կինը, զավակները… Պաշտպանելով Հայրենիքը՝ պաշտպանում ենք նրանց, պաշտպանելով նրանց՝ պաշտպանում ենք մեր Հայրենիքը:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆԻ
Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Ազգային բանակ