Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ Է



ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ ԷՉորրորդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը: Այն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն:

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի ունեցավ մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Այս տարի մրցույթին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության (դիտորդի կարգավիճակով) զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվեցին Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը չափեցին գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ», ռազմամարզական «Աթլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում: Մրցույթն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են վարակիչ հիվանդությունների տարածումը։ Զինծառայողները ժամանումից հետո հանձնեցին COVID-19-ի թեստ, և բոլորի պատասխանները բացասական էին, ուստի, միջոցառման ժամանակ նրանց թույլատրված էր դիմակ չկրել։

Առաջին օրը մասնակիցները բացազատեցին ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվեցին մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ: Նույն օրն սկսվեց մրցութային ծրագիրը, և առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում հավաքական թիմերի ներկայացուցիչները ներկայացան ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով: Ժյուրիի գնահատականների համադրումից հետո տվյալ մրցափուլի հաղթող ճանաչվեց Հայաստանի թիմը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ ԷՄիջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ հաջորդ օրը ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվեց ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Թիմերի միջև լուրջ մրցակցություն ծավալվեց: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հունաստանի զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարեցին տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին:

Օգոստոսի 25-ին «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլում մասնակիցներն իրականացրին պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերեցին առաջին բուժօգնություն: Այս փուլում առավել հաջող հանդես եկավ Ռուսաստանի թիմը՝ ստանալով անհատական վարպետության համար ամենաբարձր գնահատականներն ու ամենաքիչ տուգանային միավորները:

Օգոստոսի 26-ին մասնակիցներն ուժերը չափեցին «Պրոֆեսիոնալ» մրցաձևի՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում: Բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ նրանք հաղթահարեցին բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի առավ մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:

«Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում լավագույն արդյունք գրանցեց և հաղթող ճանաչվեց ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Մարտական պատրաստության համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում», արդյունքների ամփոփումից և համադրումից հետո մրցաձևի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Երկրորդ տեղում` Ղազախստանի, երրորդ տեղում` Ռուսաստանի թիմերն էին:

Զինծառայողները մրցում էին ոչ միայն ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Մրցութային հանձնաժողովը գնահատում էր նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող հարակից թեմաների, պատմության իմացությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ ԷՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 27-ին կայացավ ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվեց թեստավորման ձևաչափով` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Յուրաքանչյուր թեստում եղել է 20 հարց` առավելապես Հայրենական մեծ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ: Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հայաստանն էր, Բելառուսը երրորդն էր:

Մրցաձևի ավարտին թիմերի անդամները շրջեցին «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացան Հայրենական մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:

«Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվեց ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը: Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերը չափեցին մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտեցին ելույթները տվյալ մրցափուլում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը լավագույն արդյունքը գրանցեց տվյալ մրցաձևում:

Երկրորդ օրը տղամարդիկ ուժերը չափեցին ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը՝ նրանք ԱԿ-74 ինքնաձիգով կատարեցին թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:

Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեց Հայաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն էր, իսկ Ղազախստանի զինված ուժերի թիմը եզրափակեց ուժեղագույն եռյակը:

Օգոստոսի 30-ին անցկացվեց մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցեցին 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվեց հնգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ էին Ղազախստանի զինվորականները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ ԷՍեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:

Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ այս տարի ևս մրցույթն անցկացվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է առաջացրել թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար:

-Հայաստանի պաշտպանության նախարարությունն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները: Մենք ըմբռնումով մոտեցանք այն փաստին, որ նախօրոք հայտագրված մի քանի պետություններ հրաժարվեցին թիմեր ուղարկել համավարակի սահմանափակումների հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած խիզախության և վճռականության համար:

Մրցույթի մասնակիցները լավագույններն են, նրանք նախնական ընտրության դժվարին ճանապարհ են անցել՝ ազնիվ պայքարում վաստակելով իրենց զինված ուժերը ներկայացնելու պատիվը: Հուսով եմ՝ «Խաղաղության մարտիկ» մրցույթը դարձել է մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և նպաստել է միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը՝ ի շահ խաղաղության և անվտանգության,- նշել է Արշակ Կարապետյանը:

Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ լավագույնը Ղազախստանի մասնակիցն է՝ ավագ սերժանտ Տոլկին Բակիժանովան: Երկրորդ տեղում ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երրորդը ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է: Տղամարդկանց անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմից ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը: Մրցանակային երկրորդ տեղը նույնպես Հայաստանինն է՝ ավագ լեյտենանտ Հարություն Յախանյան: Երրորդ տեղում Ռուսաստանի մասնակիցն է՝ սերժանտ Անդրեյ Վեդենսկի:

Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2021» մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը՝ տանելով վստահ և վաստակած հաղթանակ, հինգ մրցաձևերից երեքում զբաղեցնելով առաջին տեղը:

Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Ազգային բանակ


09/09/2021