Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՌԱՆԳԵՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀՈՂ ՀՈՂԱԿՏՈՐԸ…



ԺԱՌԱՆԳԵՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀՈՂ ՀՈՂԱԿՏՈՐԸ...Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի եռամսյա վարժական հավաքների նպատակը պահեստազորային ռեսուրսի ռազմական ունակությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։ Հավաքների մասնակիցները ամբողջ այդ ընթացքում կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն վերջիններիս համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։

Վարժական հավաքները շարունակական բնույթ են կրելու։

***

Եռամսյա վարժական հավաքների ամբողջ գործընթացը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի անմիջական վերահսկողության ներքո է։ Նախարարը պարբերաբար այցելում է հավաքների անցկացման շրջաններ, հանդիպում եւ անմիջական զրուցում պահեստազորայինների հետ, հետաքրքրվում զենքին տիրապետելու հմտություններից, կենցաղ-կացարանային պայմաններից, սննդի որակից, հորդորում անկաշկանդ բարձրաձայնել իրենց մտահոգող, անհանգստացնող խնդիրները, ցուցումներ տալիս, հրահանգավորում առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու, որպեսզի հավաքների մասնակիցները լիարժեքորեն ներգրավվեն իրենց ծառայությանը։

***

ԺԱՌԱՆԳԵՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀՈՂ ՀՈՂԱԿՏՈՐԸ...Զորավարժարաններից մեկում հետևում ենք պահեստազորայինների մասնակցությամբ ընթացող կրակային վարժանքներին։

Ակնառու է՝ ամեն ինչ արվում է եռամսյա ժամանակահատվածն առավել արդյունավետ, առավել նպատակային օգտագործելու համար։ Դեռ երեկ քաղաքացիական կյանքում տարբեր մասնագիտության տեր մարդիկ հիմա զինվորական հանդերձանքով են ու զինվորականի արժանավայել նվիրումով ու պատասխանատվությամբ մարզվում են, կատարում են առաջադրված հանձնարարությունն ու հրամանը՝ հստակ գիտակցելով, որ զինվորական գործում մանրուքներ չկան, անգամ աննշան թվացող թերացումը, սխալը կարող է վճռորոշ ու ճակատագրական լինել մարտի դաշտում։

-Պետք է պատրաստ լինենք բոլորս. մեր դիմաց թշնամին է, որը երբեք չի խաղաղվում, չի հանդարտվում, անընդհատ ոտնձգություններ է կատարում, կռիվ հրահրում: Հույսը մեզ վրա պետք է դնենք, հարկ է՝ թարմացնենք ռազմական գիտելիքները, հնարավորինս լիարժեքորեն տիրապետենք ժամանակակից զինատեսակներին։ Ինքս վերջին անգամ համարյա քսան տարի առաջ էի զենք բռնել՝ ժամկետային ծառայությանս ժամանակ, ուսումնական զորամասում էլ սերժանտի կոչում էի ստացել։ Ծառայությունից հետո ամեն տարի արտագնա աշխատանքի էի մեկնում Ռուսաստան, բայց երբ պատերազմ սկսվեց, շտապ վերադարձա հայրենիք։ Մեր ջոկում էլ տղերք ունենք, որ կամավոր են եկել, անգամ չեն էլ սպասել ծանուցագիր ստանալուն,- ասում է առանձին ջոկի հրամանատար Մակիչ Խանզադյանը:

-Տարբեր բնակավայրերից ենք եկել, տարբեր տարիքի, տարբեր կրթությամբ ու մտածելակերպով, բայց մի ընտանիքի պես համախմբվել ենք հանուն մեծ նպատակի՝ հայրենիքի պաշտպանության,- լրացնում է դասակի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Արամ Գալստյանը։

44-օրյա պատերազմի թոհուբոհով է անցել Արամը, կռվել է Բերձորի հատվածում, մինչ այդ էլ ծառայել է ազգային անվտանգության սահմանապահ զորքերում:

-Բոլորս էլ աշխատում ենք հնարավորինս լավ պատրաստվել, օր օրի կատարելագործում ենք զինվորական գիտելիքներն ու հմտությունները, արդեն բավականին վարժ ու դիպուկ է ամեն կրակոցը։ Հրամանատարական կազմն էլ ամեն ինչ անում է, որ գերազանց պատրաստվենք:

-Եռամսյա այս վարժանքները չափազանց կարեւոր են, լավ կլիներ՝ նմանատիպ վարժանքներն ավելի վաղ կատարվեին, ավելի հաճախակի, ու երեւի թե պատերազմի ժամանակ այսքան շատ մարդկային կորուստներ չէինք ունենա, եթե պահեստազորն էլ լավ պատրաստված լիներ,- զրույցին միանում է սերժանտ Կարեն Մաթեւոսյանը;

ԺԱՌԱՆԳԵՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀՈՂ ՀՈՂԱԿՏՈՐԸ...Կարենն էլ մարտերում թրծված է՝ Մարտակերտ, Քաշաթաղ…

-Տասներեք տարեկան տղաս էլ էր ուզում մարտի դաշտ գար, կռվեր թշնամու դեմ,- հպարտությունը չի թաքցնում Կարենը, հետո Նժդեհի խոսքերն է մեջբերում՝ «Հայրենիք մի սպասեք օտարից եւ ճակատագրից, եթե այն ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»: Ամեն մեկս պետք է կարեւորի իր դերը Հայրենիքի պաշտպանության գործում, ուխտելով՝ ես պիտի պաշտպանեմ իմ հողն ու ջուրը, ես պիտի պահպանեմ հայի անունն ու պատիվը եւ իմ զավակին ժառանգեմ հայ լինելու հպարտությունն ու հային հայ պահող հողակտորը…

***

Պահեստազորայինների առօրյան միայն մարտավարամասնագիտական պարապմունքներով չի սահմանափակվում. ուշադրության կենտրոնում է նաեւ նրանց հանգստի կազմակերպումը, ազատ ժամանակի արդյունավետ տնօրինումը։

Կրակային թնդյուններին կեսօրից հետո փոխարինում է խրոխտ երգ-երաժշտությունը. ՀՀ ՊՆ «Զորական» համույթի (գեղարվեստական ղեկավար՝ մշակույթի վաստակավոր գործիչ Արամ Գալստյան) հզոր կատարումների տակ ուս ուսի տված պարում են պահեստազորայինները:

Ու թե վտանգվի հայրենի եզերքի անդորրը, այդպես էլ զինվորների հետ ուս ուսի տված, մեկմեկու թիկունք, պաշտպանելու են Հայրենիքը՝ հային հայ պահող հողակտորը…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/09/2021