Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՇԱՀԵԼ ԱՂՋԿԱ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ



Ես համոզված եմ, որ գրեթե բոլոր տղաներն էլ ընկերուհի ունեն կամ կուզենային ունենալ, և բոլորն էլ ցանկանում են հարգանք տեսնել իրենց սիրելիի աչքերում: Հենց այնպես հարգանքի չես արժանանա: Որպեսզի աղջիկը Ձեզ հարգի, Դուք պետք է Ձեզ ճիշտ պահեք: Ահա մի քանի խորհուրդ:

ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ԱՐՏԱՔԻՆԻՆ

Իրեն հարգող մարդու արտաքին տեսքը պետք է տպավորիչ լինի: Եթե դուք վատ տեսք ունենաք, ապա դա կարող է բացասական վերաբերմունք առաջացնել Ձեր նկատմամբ, որը հետագայում շատ դժվար կլինի շտկել: Այդ իսկ պատճառով հետևեք այս 3 կանոններին.

1.Ձեր հագուստը պետք է լինի մաքուր, արդուկված, ոչ ավելի, քան երեք գերիշխող գույնից, կոշիկները պետք է փոշոտ չլինեն:

2.Ձեր մազերը պետք է լինեն մաքուր, սանրվածքը` նորաձև, բայց Ձեր ոճին համապատասխան:

3.Ձեզնից պետք է հաճելի հոտ գա, ոչ թե քրտինքի (բայց օծանելիքի սրվակն էլ միանգամից դատարկել չարժե):

ՁԵԶ ԲՆԱԿԱՆ ՊԱՀԵՔ

Հենց սկզբից աշխատեք Ձեզ բնական պահել. մի՛ ձգտեք նմանվել կամ կապկել ինչ-որ մեկին կամ արհեստականորեն տարբերվել ինչ-որ մեկից: Միևնույնն է, Դուք երկար չեք կարող «դերասանություն անել», և վաղ թե ուշ կվերադառնաք Ձեր բնական վիճակին:

ՀԱՃՈՅԱԽՈՍԵՔ

Աղջիկները սիրում են հաճոյախոսություններ: Հաճոյախոսեք Ձեր ընկերուհուն: Նույնիսկ եթե նա ասում է, որ իրեն գեղեցիկ խոսքեր պետք չեն, դա նշանակում է, որ ընդհակառակը` ուզում է լսել դրանք:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԶՐՈՒՑԵԼ

Հարաբերությունների սկզբում թեմաներն ինքնաբերաբար են առաջանում այն պարզ պատճառով, որ երկու անծանոթ մարդիկ ձգտում են ավելի շատ բան իմանալ միմյանց մասին: Սակայն երկարատև հանդիպումներից հետո շատ զույգեր չգիտեն, թե ինչից խոսեն: Ավելի հեշտ է ասել, թե աղջկա հետ ինչի մասին պետք չէ խոսել.

-Ձեր պրոբլեմների մասին` աշխատավայրում, ուսման մեջ, մեքենայի հետ կապված և այլն,

– Ձեր ու նրա հարաբերությունների մասին,

– ուրիշ աղջիկների մասին,

– դավաճանության մասին, որը չի եղել (պետք չէ հիմար հարցեր տալ դավաճանության մասին, դա բացասական վերաբերմունք է ձևավորում Ձեր հանդեպ),

-խանդի մասին (խանդեք, բայց չափը մի անցեք),

-այն ամենի մասին, ինչից նա գաղափար չունի (եթե Դուք խոսում եք, իսկ նա միայն լռում է և լսում, ոչինչ չի հարցնում, ուրեմն այդպիսի թեմա է),

-նախկին ընկերուհիների մասին:

Եւ դարձյալ` մի՛ մոռացեք զրույցի ընթացքում հաճոյախոսել:

ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԵՂԵՔ

Նույնիսկ եթե Դուք ինչ-որ բան չեք հասկանում, ինչ-որ բան չգիտեք, փորձեք ելք գտնել իրավիճակից: Դուք չպետք է ընկնեք նրա աչքից: Մոտեցրեք աթոռը. այդ ժեստը պահանջում է հստակ շարժումներ, ինքնավստահություն: Կարող եք բռնել նրա ձեռքը, գրկել գոտկատեղը. այս երկու շարժումները թույլատրելի են ուրիշների ներկայությամբ: Ուսերը գրկելը ոչ ֆորմալ շարժում է, և հասարակության մեջ խորհուրդ չի տրվում: Ուսերը կարող եք գրկել զբոսանքի ժամանակ, կինոյում կամ թատրոնում կամ սեղանի շուրջ, երբ դուք երկուսով եք:

ՀՈԳԱՏԱՐ ԵՂԵՔ

Մշտապես հաճելի անակնկալներ մատուցեք: Հոգացեք նրա մասին այնպես, ինչպես կհոգայիք Ձեզ համար ամենաթանկ մարդու մասին: Պաշտպանեք նրան, խորհուրդներ տվեք: Այն էլ ասեմ, որ երբեմն աղջկան պետք է ինչ-որ բանում նաև մերժել, որպեսզի նա գնահատի Ձեր օգնությունը:

Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Բանակ և հասարակություն


14/12/2011