Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆԳ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՎԿԱՆ



1913թ. հոկտեմբերի 22-ին Բուդապեշտում, հրեաների ընտանիքում ծնվեց տղա, ում անվանեցին Անդրե Էռնո: Ընտանիքը բավականին ապահովված էր` ծնողները Բուդապեշտում նորաձևության սրահ ունեին: Դպրոցում երեխան այնքան էլ լավ չէր սովորում, դրա փոխարեն սիրում էր գրականություն և երազում էր զբաղվել լրագրությամբ: Նա զբաղվում էր քաղաքական բուռն գործունեությամբ, հետաքրքվում սոցիալիզմի գաղափարներով: Մի անգամ նույնիսկ նրան ձերբակալեցին և դաժանաբար ծեծեցին` ցույցերի մասնակցելու համար: 1931թ. 17 տարեկան խռովարարին արտաքսեցին երկրից:

1931թ. Անդրե Ֆրիդմանը հայտնվում է Գերմանիայում, տեղափոխվում Բեռլին, որպեսզի ընդունվի համալսարան` սոցիոլոգիա և լրագրություն ուսանելու: Դառնալով ուսանող` նա առաջին անգամ իմանում է, թե ինչ է աղքատությունը: Ծնողները արդեն չէին կարող նրան օգնել, քանի որ իրենք էլ սնանկացման եզրին էին: Անդրեի գումարը նույնիսկ սննդին չէր բավարարում: Նա չի կարողանում վճարել ուսման վարձը և որոշում է դառնալ ֆոտոլրագրող: Անդրեն աշխատանքի է անցնում «Դեֆոտ» գործակալությունում, որը լուսանկարներ էր մատակարարում մի քանի պատկերազարդ ամսագրերի:

1932թ. Կոպենհագենում նա կատարում է իր առաջին խոշոր ֆոտոռեպորտաժը հանրահավաքից, որին մասնակցում էր Լև Տրոցկին: Այդ լուսանկարները տպագրեցին գրեթե բոլոր հրատարակչությունները: Հանելուկ է մնում, թե ինչպես 19-ամյա պատանին կարողացավ առանց խոչընդոտի մոտենալ հռետորին և լուսանկարել: Չէ՞ որ Տրոցկին արգելել էր իրեն լուսանկարել, և տեսախցիկով ոչ մի մարդ չէր կարող ամբիոնին մոտենալ:

Երբ իշխանության եկան նացիստները, շատ լրագրողներ, պոետներ, նկարիչներ, երաժիշտներ` առաջին հերթին հրեաները, շտապեցին լքել երկիրը: Անդրեն նրանց թվում էր: Ճակատագիրը 1933թ. նրան բերում է Փարիզ: Այստեղ Անդրե Ֆրիդմանը ծանոթանում է Փարիզ ժամանած գերմանացի կոմունիստուհի Հերդա Տարոյի հետ, որը շուտով դառնում է նրա գործընկերուհին ու մտերիմը:

1935թ. «Դեֆոտ» գործակալությունը Անդրեին գործուղում է Իսպանիա: Նա վերադառնում է լուսանկարներով, սակայն դրանք վաճառել չի կարողանում, քանի որ Փարիզում աշխատում էր նրա ազգանվանակիցը, իսկ ամսագրերը նշում էին միայն հեղինակի ազգանունը: Եվ քանի որ Անդրեն ֆրանսերենին լավ չէր տիրապետում, ամսագրերի խմբագիրների հետ պայմանավորվելը դժվար էր: Որպեսզի ինչ-որ ձևով լավացնեն իրենց ֆինանսական դրությունը, երիտասարդները դիմում են արկածախնդրության. ստեղծում են լուսանկարչական գործակալություն, որտեղ Հերդան կատարում էր քարտուղարի և առևտրային գործակալի պարտականությունները, Անդրեն` լաբորանտի, իսկ սեփականատերն ու միաժամանակ լուսանկարիչը… ամերիկացի ֆոտոլրագրող Ռոբերտ Կապան էր: Վերջինս մտացածին անձնավորություն էր, որին հնարել էին հենց իրենք` Անդրեն և Հերդան: Ամբողջ Փարիզում լուր էր տարածվել «ֆոտոռեպորտաժի հանճարի» մասին, ով ամեն տեղ և ամենուր առաջինն է լինում: Նա հմայիչ է, ճարպիկ և անհավատալիորեն հաջողակ: Նրա լուսանկարները բավականին թանկ են, նա կարող է անել այն, ինչը չեն կարող անել ուրիշները… Հնարքը աշխատեց:

1935թ. աղքատ հունգարացի հրեան դարձավ շատ թանկ վարձատրվող և հաջողակ ամերիկացի ֆոտոլրագրող` Ռոբերտ Կապա:

Անդրեն ստիպված էր շատ աշխատել` պահպանելու համար հայտնի ամերիկացու համբավը: Նա առաջինն էր լինում բոլոր հետաքրքիր միջոցառումներին և միշտ սկանդալային լուսանկարներ էր անում: Ֆրանսիայում ճանաչում գտնելով` Կապան և Հերդան տեղափոխվում են Ամերիկա, որտեղ Ռոբերտ Կապան ներկայացվեց որպես հարուստ և հայտնի ֆրանսիացի ֆոտոլրագրող: Բայց սուտը շուտով բացահայտվեց: Ճիշտ է, դա արդեն կարևոր չէր, չէ՞ որ բոլոր հրատարակչություններն արդեն ճանաչում էին լուսանկարիչ Ռոբերտ Կապային, իսկ ընթերցողները վաղուց սովոր էին այս ֆոտոլրագրողի սկանդալային լուսանկարներին:

Երբ 1936թ. Իսպանիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, Կապան և Հերդան հայտնվեցին Սյերա-Մորենա սարերում, որտեղ ընթանում էին ռազմական արյունալի գործողություններ: Հենց այստեղ Ռոբերտ Կապան արեց լուսանկար, որը ստացավ «Լոյալիստ զինվորի մահը 1936թ. սեպտեմբերի 5-ին» անվանումը: Այդ լուսանկարն արվել էր կուրորեն, ինքնաձիգի կրակահերթերի և գնդակների սուլոցների տակ: Տեսախցիկն արձանագրեց վայր ընկնող, մահացու վիրավոր զինվորին: Սակայն լուսանկարը բազում վեճեր առաջացրեց: Լուսանկարչին մեղադրեցին բեմականացման մեջ: Եվ հենց այդ ժամանակ ձևավորվեց Կապայի մասնագիտական կարգախոսը. «Եթե լուսանկարներդ լավը չեն, ապա դա նշանակում է, որ բավականաչափ մոտ չես նշանակետին»:

Ռոբերտ Կապան 2 տարի անցկացրեց Իսպանիայում: Այդ տարիներին Կապան գրեթե բոլոր ֆրանսիական թերթերի մշտական ֆոտոլրագրողն էր: 1937թ. հուլիսին Բրունետեի ճակատամարտում Հերդա Տարոն դարձավ զորաշարժ կատարող տանկի պատահական զոհ:

Ընկերուհու կորուստը Ռոբերտ Կապայի համար ողբերգություն էր, որից նա այդպես էլ չկարողացավ ուշքի գալ: Կապան ոտով-գլխով ընկղմվում է աշխատանքի մեջ: Հաջորդ տարի` 1938թ. ուղևորվում է Չինաստան, որպեսզի լուսաբանի Ճապոնիայի ռազմական ագրեսիան Չինաստանի դեմ: Ռեժիսոր Յորիս Իվենսի հետ միասին նկարահանում է ֆիլմ այդ պատերազմի մասին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը Եվրոպայի համար ևս մեկ ցնցում էր: Եւ դարձյալ ֆոտոլրագրող Կապան ռազմական գործողությունների կիզակետում էր, սակայն ոչ թե ինքնաձիգով, այլ իր լուսանկարչական ապարատով` որպես «Life» ամսագրի լրագրող: Գաղտագողի մոտենալով, սառը ջրի մեջ ֆոտոխցիկը գլխից բարձր պահած, գնդակներից և բեկորներից մի կերպ թաքնվելով, աղմուկի և աղաղակի մեջ նա լուսանկարում էր:

Վերադառնալով Անգլիա` ժապավեններն անմիջապես տանում է Լոնդոն և հանձնում ֆոտոլաբորատորիա: Բայց «Life» խմբագրության լաբորանտի սխալի պատճառով նկարահանված նյութը գրեթե ամբողջությամբ ոչնչանում է: Դժվարին պայմաններում նկարահանված 106 կադրից մնացել էին միայն 11-ը…

Այդ դրամատիկ, գրեթե սյուրռեալիստական լուսանկարները ճշգրտորեն փոխանցում էին օրվա քաոսն ու խառնաշփոթը: Դրանք գնեցին համաշխարհային բոլոր խոշորագույն հրատարակչությունները: Այդ լուսանկարներից օգտվել է նաև ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Ստիվեն Սպիլբերգը, երբ նկարահանում էր ներխուժման դրվագը «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմում:

Պատերազմից հետո Ռոբերտ Կապան ստանում է ԱՄՆ քաղաքացիություն: 1947թ. նա ընկերների` Անրի Կարտյե-Բրեսոնի, Դեվիդ Սեյմուրոյի և Ջորջ Ռոջերի հետ միասին հիմնում է լուսանկարչական «Մագնում» (Magnum Photos) գործակալությունը: Այն ժամանակ` քառասունականների վերջին, գործակալությունը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում: Կապան երբեմն մասնակցում էր ձիարշավների, որպեսզի գումար վաստակի և այդ գումարը ներդնի գործի մեջ: Իսկ այսօր «Մագնումը» լուսանկարիչ-վավերագրողների աշխարհի ամենահայտնի միությունն է:

Կապայի կյանքում բացի այդ հերոսական էջերից կային նաև ռոմանտիկ էջեր: Այսպես, դեռ 1943-1945թթ. նա հանդիպում էր Էլեյն Ջասթինի (դերասան Ջոն Օսթինի կնոջ) հետ: Իսկ պատերազմից հետո ծանոթանում և սիրահարվում է դերասանուհի Ինգրիդ Բերգմանին, մի քանի ամիս անցկացնում է Հոլիվուդում, մասնակցում ռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկի ֆիլմի նկարահանումներին և նույնիսկ նկարահանվում «Փորձություն» (ԼրՍցՔպվՌպ) ֆիլմում, եգիպտացի ճորտի դերում:

4 տարի անց Ռոբերտ Կապան տեղափոխվում է Հնդկաչին: «Life» ամսագիրը նրան ռեպորտաժների շարք էր պատվիրել պատերազմի բոցերով ճարակված երկրից: Նա նորից դառնում է ռազմական ֆոտոլրագրող: 1954թ. մայիսի 25-ին Կապան ռեպորտաժ պատրաստելիս դուրս է գալիս մեքենայից և քայլում դաշտով: Պայթյուն… Աշխարհահռչակ ֆոտոլրագրողը զոհվում է ականի պայթյունից: «Բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին Կապային, անհասկանալի էր, թե ինչպես դիպվածը հաղթեց նրան,- գրում է ամերիկացի արձակագիր Էռնեստ Հեմինգուեյը,-նա միշտ այնքան առույգ է եղել, այնքան կենսուրախ, որ ես ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել նրա մահվան հետ»:

2003թ. նկարահանվում է ամերիկուհի վավերագրող Էնն Մեյկպիսի «Ռոբերտ Կապան սիրո մեջ և պատերազմում» ֆիլմը, որում, օգտագործելով Կապայի ֆիլմերի հայտնի լուսանկարները և դրվագները, պատմվում է ռազմական հանճարեղ ֆոտոլրագրողի կյանքի, գործի և սիրո մասին: Այս ֆիլմի համար Մեյկպիսն արժանացավ միջազգային 10 մրցանակի:

Ռոբերտ Կապան մարդկությանը որպես ժառանգություն թողեց լուսանկարներ հինգ պատերազմներից` Իսպանիայի քաղաքացիական, Ճապոնա-չինական երկրորդ, Համաշխարհային երկրորդ, 1948թ. Արաբա-իսրայելական և Հնդկաչինի առաջին:

Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ
ենթասպա

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Պատմության էջերից


14/12/2011