ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՔԱՀԱՆԱՆ
Երկու քաղաքացիներ իրենց մեղքերը քահանային խոստովանելիս, մեղքերի եւս երկու կերպ խոստովանեցին, որոնք թեպետեւ ըստինքյան շատ ծանր մեղքեր են, սակայն սովորության համաձայն վաճառականների մեջ թեթեւ են համարվում կամ ոչինչ, այն է՝ սուտ ասելն ու սուտ երդվելը։ Եվ ասացին.
– Հա՛յր, ոչ մի բան չենք կարող գնել կամ վաճառել, եթե սուտ չասենք կամ սուտ չերդվենք։
Խոստովանահայրը նրանց ասաց.
– Այդպիսի մեղքերը ծանրագույն են եւ Փրկչի կողմից արգելված, այնտեղ, որտեղ ասում է. «Ձեր խոսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ» (Մատթ., 5, 37)։
Եվ նրանք պատասխանեցին.
– Այդ պատվիրանն առեւտրի մեջ չենք կարող պահել։
Քահանան նրանց ասաց.
– Անսացե՛ք իմ խրատին եւ լավ հաջողություն կունենաք։ Սուտ մի՛ ասեք եւ սուտ մի՛ երդվեք, այլ որպես իրն եք կամենում վաճառել, այնպե՛ս գովեք։
Եվ նրանք խոստացան մեկ տարի այդպես փորձել, ինչպես որ քահանան էր նրանցից պահանջում։
Այդ տարի, սատանայի հնարքով, որ միշտ բարուն հակառակ է, ոչինչ վաճառել չկարողացան։ Ապա մի տարի հետո խոստովանահոր մոտ դարձան՝ ասելով.
– Մեր հնազանդությունն այս տարի մեզ մեծ վնաս հասցրեց, քանի որ մարդիկ մեզնից երես դարձրին, եւ առանց երդման ոչինչ չենք կարող վաճառել։
Այդժամ քահանան ասաց.
– Մի՛ երկնչեք, քանզի դա փորձություն է, հաստատու՛ն եղեք ձեր սրտերում, որ ոչ մի ներհակություն, ոչ էլ աղքատություն ձեզ այդ ուխտադրությունից ետ չդարձնի, եւ Տեր Աստված էլ ձեր ունեցվածքը կօրհնի։
Նրանք էլ խոստացան, թե՝
– Աստծո կարողությամբ խրատդ ու Աստծո պատվիրանը մեր կյանքի բոլոր օրերում կպահենք, եթե անգամ մուրալու հարկ լինի։
Զարմանք. Աստված անմիջապես վերացրեց այդ փորձությունը, եւ մարդիկ սկեցին նրանց դիմել առավել, քան մյուս վաճառականներին։ Եվ ոչ շատ օրեր հետո այն աստիճան հարստացան, որ մինչեւ իսկ իրենք էին զարմանում։ Եվ դառնալով իրենց խոստովանահոր մոտ՝ նրան գոհություն հայտնեցին, որ իր փրկող խրատով այդպիսի մեծամեծ հանցանքներից ազատվեցին եւ երկրային ունեցվաքով բարգավաճեցին։
Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Հոգևոր-մշակութային