Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ՛ ԳՈՂԱՑԻՐ



Տասը պատվիրաններ

Այս պատվիրանն արգելում է որևէ մեկից ինչ-որ բան գողանալ, խլել կամ գաղտնի խաբեությամբ կորզել՝ չափման միավորներով խաբելով, ապրանքները կամ նրանց գները կեղծելով, վարձն ուշացնելով եւ չվճարելով, գողություն է նաեւ երկրի ավանդն ու հարստությունը թալանելը, մարդկանց պարտքերը չտալը, կեղծ դրամով եւ փաստաթղթերով վճարելը, առեւտրական պայմանավորվածությունները խախտելը եւ այլն։ Զրկվածների եւ թալանվածների գանգատը միշտ լսելի է Տիրոջ ականջին, եւ մեղավորների պատիժն անխուսափելի է. «Հարուստնե՛ր, լա՛ց եղեք եւ ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին, որովհետեւ ձեր հարստությունը փտած է։ Ահաւասիկ ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք, ձեր կողմից զրկվածն աղաղակում է, եւ հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին» (Յակ. Ե. 1, 4), «Եւ տեսա, ահա մի թռչող գերանդի։ Հրեշտակն ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում», ասացի. «Թռչող գերանդի եմ տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ եւ տասը կանգուն լայնությամբ»։ Ասաց ինձ. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին, որովհետեւ ամեն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործվի։ Ես պիտի հանեմ դա.- ասում է ամենակալ Տերը,- եւ այն պիտի մտնի գողերի տունը, պիտի մնա նրանց տանը եւ պիտի սպառի այն» (Զաք, Ե 1-4)։ Գողություն է կրոնական, պատմական, մշակութային, գիտական, ազգային, պետական եւ հասարակական արժեքները կամ հարստությունը հափշտակելը, ինչպես նաեւ դրանք գաղտնի եւ անտեղի օգտագործելը, վնասելը, կեղծելը եւ իրենց վերագրելը։

Այս մեղքի մեջ են ընկնում նրանք, ովքեր տարբեր տեսակի կաշառքներով պաշտոն, աշխատանք, դիրք եւ բարեկեցություն են ձեռք բերում, զեղծում են ճշմարտությունը եւ անարդարացի գործեր անում, ովքեր գողերին եւ ավազակներին, ինչպէս նաեւ նրանց ապօրինի ավարներն իրենց մոտ են թաքցնում, այնուհետեւ գողացած իրերը վաճառում կամ գնում, ովքեր ժլատության եւ շռայլության պատճառով վնաս են հասցնում իրենց եւ իրենց հարազատների առողջությանը, չեն օգնում եւ ցավակցում խեղճ, կարիքավոր եւ աղքատ մարդկանց, Աստուծո շնորհածը բարի նպատակներով չեն օգտագործում, այլ տրվում են զեխության, շահամոլության, արբեցության եւ ցոփության։

Գողության բացառիկ դեպքեր կան, որոնք մեղք չեն համարվում եւ չեն պատժվում։ Առաջինն այն է, երբ բարկացած, մոլեգնած, հուսահատված, հոգեկան անկառավարելի եւ մտավոր անգիտակցական վիճակում գտնվող մարդկանցից գողանում, թաքցնում են զենքերը կամ որեւէ այլ բան, որով նա կարող է վնաս հասցնել իր կամ մեկ ուրիշի կյանքին։ Այս պարագայում սա գողություն չէ, այլ զգուշություն։ Մյուս դեպքն այն է, երբ որեւէ մեկը սովամահ չլինելու համար հաց կամ որեւէ սնունդ է վերցնում-ուտում կամ տալիս իր նման սովամահ լինող մեկին. սա անհրաժեշտություն է եւ ոչ թե գողություն։ Վերջին դեպքն այն է, երբ դա կատարվում է Աստծո հրամանով, օրինակ՝ իսրայելացիները, իբրեւ աղյուսների վարձ, վերցրին եգիպտացիների թանկարժեք զարդերը, երբ դուրս եկան Եգիպտոսից եւ այլեւս չվերադարձրին. «Իսրայելացիներն արեցին այնպես, ինչպես իրենց հրամայել էր Մովսեսը, եգիպտացիներից նրանք ուզեցին ոսկյա, արծաթյա զարդեր ու զգեստներ։ Տերը եգիպտացիների առաջ շնորհ պարգեւեց Իր ժողովրդին, սրանք զարդեր տվեցին նրանց» (Ել. ԺԲ 35-36)։ Բոլոր մնացյալ դեպքերում գողությունը ծանր մեղք է համարվում եւ արժանի է պատժի։

Գողությունն ի հայտ է գալիս հետեւյալ պատճառներով։ Նախ՝ վատ դաստիարակությունից, երբ մարդիկ վաղ հասակից Աստուծո երկյուղով չեն կրթվում եւ մեծանում են առանց օգտակար մասնագիտություն կամ արհեստ ձեռք բերելու, ապա՝ ծուլությունից, ցոփությունից, աննպատակ ապրելու ցանկությունից եւ, անշուշտ, ագահությունից եւ ընչասիրությունից։ Այս չարիքից ձերբազատվելու համար պետք է նախ զղջալ արածի համար, խոստովանել եւ գողացածը վերադարձնել կամ ինչ-որ ձեւով փոխհատուցել տիրոջը, իսկ եթե հնարավոր չէ տիրոջը վերադարձնել գողացածը, ապա լավ կլինի այն տալ մի աղքատի կամ եկեղեցու։ Պետք է հեռու մնալ այս մեղքից եւ կատարել սրան հակառակ այն առաքինությունները, որ պատվիրում է մեզ Աստված՝ ողորմածություն, հավատարմություն, առատաձեռնություն, անշահախնդրություն, հոգատարություն խեղճերի եւ տկարների նկատմամբ, որպեսզի արժանի լինենք Տիրոջ ողորմությանն ու գթությանը։

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Հոգևոր-մշակութային


14/12/2011