ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Կարելի է ենթադրել, որ մարդկության պատմությանը հայտնի են բազմաթիվ «ճակատագրական» երկվորյակներ, որոնք ենթարկվում են մեզ անծանոթ ուժերին եւ օրենքներին:
Իրոք որ առեղծվածային կապ է նկատվում ամերիկյան երկու նախագահների` Աբրահամ Լինքոլնի եւ Ջոն Քենեդու ճակատագրերի միջեւ: Տպավորություն է ստեղծվում, կարծես նրանց կյանքի եւ մահվան սցենարները գրվել են նույն ձեռքով: Ամսաթվերը, իրադարձությունները, անունները` ամեն ինչ համընկնում եւ կրկնվում են ամենայն մանրամասներով: Միայն այն տարբերությամբ, որ Լինքոլնին եւ Քենեդուն բաժանում է հարյուրամյա ժամանակամիջոցը:
Գաղտնիքը բացահայտելու փորձեր արվել են բազմիցս, սակայն դրանք բոլորն էլ ավարտվել են անհաջողությամբ: Ուստի այժմ մնում է միայն արձանագրել, որ գոյություն ունի Լինքոլն-Քենեդի ֆենոմենը:
Պատճենահանված կյանք
Աբրահամ Լինքոլնը Կոնգրես է ընտրվել 1846 թ.: Ուղիղ հարյուր տարի անց` 1946-ին, այնտեղ է անցել Ջոն Քենեդին:
Լինքոլնին նախագահի պաշտոնում առաջադրելու հրապարակային առաջին կոչը հնչել է «Ցինցինատի գազետի» էջերից. 1858 թ. նոյեմբերի 8-ի համարում հրապարակվել էր այն ժամանակվա ԱՄՆ Ռազմածովային նավատորմի քարտուղարի նամակը: Քարտուղարի անունը… Ջոն Քենեդի էր:
Լինքոլնը նախագահ ընտրվեց 1860 թ. աշնանը եւ պաշտոնի անցավ 1861-ին:
Քենեդին նախագահ ընտրվեց 1960 թ.: Պաշտոնավարման արարողությունը տեղի ունեցավ 1961-ին:
Թե՛ Լինքոլնը եւ թե՛ Քենեդին պաշտպանում էին աֆրոամերիկացիների իրավունքները: 1854 թ. Լինքոլնը դարձավ Հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը, որը հանդես էր գալիս ընդդեմ ստրկության: Եվ հենց նրա իշխանության տարիներին ջախջախվեց հարավցի-կալվածատերերի բանակը:
Քենեդին նույնպես նախագահության պաշտոնին էր առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից:
Երկուսն էլ ամուսնացել են 24-ամյա կանանց հետ:
Երկու նախագահներն էլ զավակներ են կորցրել, ընդ որում` մեկական երեխա` մինչեւ ընտրություններում հաղթելը: 1850 թ. փետրվարի 1-ին չորս տարեկան հասակում մահացել էր Լինքոլնի որդին: Իսկ 1956 թ. օգոստոսի 23-ին Քենեդու կինը մահացած աղջիկ էր լույս աշխարհ բերել:
Մեկական երեխա էլ նախագահները կորցրել են իրենց պաշտոնավարման ընթացքում. 1862 թ. փետրվարի 20-ին մահացավ Լինքոլնի 11-ամյա որդին, իսկ 1963 թ. օգոստոսին` Քենեդու նորածին երեխան:
Աբրահամ Լինքոլնի անձնական քարտուղարի ազգանունը Քենեդի էր: Ջոն Քենեդու անձնական քարտուղարը կին էր, նրա անունը Էվելին Լինքոլն էր:
Լինքոլնի քարտուղարը նրան զգուշացրել էր վտանգի մասին եւ պնդել, որ նա հետաձգի այցելությունը թատրոն:
Քենեդու քարտուղարը բազմիցս ջանացել էր համոզել նախագահին` փոխել իր ծրագրերը եւ հրաժարվել ուղեւորությունից Դալլաս:
Lincoln եւ Kennedy անունների անգլիական գրությունը բաղկացած է յոթական տառերից:
Մահվանից քիչ առաջ Աբրահամ Լինքոլնն այցելել էր Մոնրո քաղաքը, որը Մերիլենդ նահանգում էր:
Ջոն Քենեդին մահվանից առաջ սիրավեպ է ունեցել նշանավոր դերասանուհի Մերիլին Մոնրոյի հետ:
Մահացու զուգադիպություններ
Թե՛ Լինքոլնը եւ թե՛ Քենեդին մահափորձի զոհ դարձան` երկուսն էլ գնդակահարվելով ծոծրակից:
Աբրահամ Լինքոլնն սպանվեց Վաշինգտոնում, Ֆորդի թատրոնում, ներկայացման ժամանակ:
Ջոն Քենեդին զոհվեց Դալլասում` «լինքոլն-կոնտինենտալ» ավտոմեքենայով ընթանալիս, որը պատրաստվել էր Ֆորդի գործարանում:
Երկու նախագահներն էլ սպանվեցին ուրբաթ օրը, մեծ բազմության եւ իրենց կանանց ներկայությամբ:
Լինքոլնին սպանողի անունը Ջոն Ուիլքս Բութ էր: Նա ծնվել էր 1839 թ.:
Քենեդու վրա կրակած Լի Հարվի Օսվալդը ծնվել էր 1939 թ.:
Լինքոլնին սպանողը կրակել էր թատրոնում, ապա փորձել էր թաքնվել հացահատիկի պահեստում:
Քենեդուն սպանողը կրակել էր գրքերի պահեստի պատուհանից, ապա փորձել էր թաքնվել կինոթատրոնի շենքում:
Ե՛ւ Բութը, ե՛ւ Օսվալդը հարավցիներ էին եւ ծայրահեղական հայացքներ էին դավանում:
Նրանցից ոչ մեկը ողջ չմնաց մինչեւ դատավարությունը:
Նրանց անունների անգլերեն գրությունը բաղկացած է տասնհինգական տառից:
Եվ սա դեռ ամենը չէ
Թվում է` այս տարօրինակ համընկնումները պետք է որ ավարտվեին գլխավոր հերոսների վախճանից հետո: Սակայն Լինքոլնի եւ Քենեդու մահից հետո էլ առեղծվածային զուգադիպությունները շարունակվում են:
Նախագահների ողբերգական վախճանից հետո նրանց փոխարինեցին փոխնախագահները` երկու դեպքում էլ` Ջոնսոն ազգանունով: Տարբեր էին անունները. առաջին Ջոնսոնի անունը Էնդրյու էր, երկրորդինը` Լինդոն:
Էնդրյու Ջոնսոնը եւ Լինդոն Ջոնսոնը ծնվել էին… դարձյալ հարյուրամյա տարբերությամբ` 1808 եւ 1908 թվականներին: Նրանք երկուսն էլ հարավից էին, դեմոկրատներ: Մինչ նախագահ դառնալը` երկուսն էլ եղել էին ԱՄՆ սենատորներ: Երկուսի անունների անգլերեն գրությունն էլ բաղկացած է տասներեք տառից:
Աբրահամ Լինքոլնի եւ Ջոն Քենեդու կենսագրությունների այս բոլոր զուգադիպությունները երկար տարիներ տարբեր արխիվներից հավաքել եւ ուսումնասիրել է ավստրիացի գրող Էրվինա Բարթ ֆոն Վերենալպան: Իր բացահայտումները նա շարադրել է իր «Դրան դժվար է հավատալ» գրքում:
Սակայն պարզվում է` դժվար է հավատալ ոչ միայն «դրան». մինչ օրս սպանված Լինքոլնի հոգին հանգիստ չի գտել, իսկ Քենեդու կլանի անդամներին ինչ-որ չար անեծք է հետապնդում:
Լինքոլնի անհանգիստ հոգին
Լինքոլնի շրջապատի մարդիկ վկայում են նրա վարքագծում ինչ-ինչ տարօրինակությունների մասին:
Իր ողբերգական մահվանից տասն օր առաջ Լինքոլնը կնոջը պատմել էր իր տեսած երազը. իբր` ինքը քայլում է Սպիտակ տանը եւ տեսնում, որ այնտեղ դագաղ է դրված, դագաղում` սավանի մեջ փաթաթված մարմին: Շուրջը լիքը մարդիկ են: Մոտենալով պահապանին` Լինքոլնը հարցնում է. «Ո՞վ է մահացել»: Պահապանը պատասխանում է. «Մեր նախագահը»:
Իրոք որ, երազը մարգարեական էր: Մահը կարծես թե զգուշացնում էր, որ մոտենում է: Երեւի դա է պատճառը, որ սպանության ականատեսները պնդում էին, թե կրակոցի պահին նախագահը նույնիսկ աչքն էլ չի թարթել, չի փորձել կռանալ կամ թաքնվել: Ըստ երեւույթին` Լինքոլնը մահից չէր վախենում: Նրա կենսագիրներից ոմանք նույնիսկ պնդում են, որ նախագահն ինչ-որ կերպ մինչեւ անգամ ձգտում էր դրան: Մտերիմները գիտեին, որ նա կարոտում է իր զոհված որդուն: Նա ինքն էլ բազմիցս ասել էր, որ ուզում է հանդիպել նրան: Այդտեղից էլ` նրա հետաքրքրությունը սպիրիտիզմի նկատմամբ: Կենդանի Լինքոլնը փորձում էր կապ հաստատել մեռյալների աշխարհի հետ: Հետո էլ մահացած Լինքոլնն սկսեց հաղորդակցվել ողջերի աշխարհի հետ: Համենայն դեպս` այդ են պնդում Սպիտակ տան բնակիչները: Իբր իրենք տեսել են նախագահի ուրվականը, որն անշտապ զբոսնում է այն վայրերում, որտեղ սիրում էր լինել կենդանության օրոք:
Նախագահ Ռոնալդ Ռեյգանի դուստրը բազմիցս հանդիպել է Լինքոլնի ուրվականին` նրա ննջարանի դռների մոտ: Իսկ Ռեյգանի շունը երբեք չէր մտնում այդ ննջարանը. մազերը ցցելով` նա լռվում-մնում էր դռան մոտ:
Նույնիսկ այնպիսի սթափ եւ միստիցիզմի նկատմամբ հակում չունեցող մարդը, ինչպիսին անգլիական վարչապետ Ուինսթոն Չերչիլն էր, ասում էր, որ ինքը տեսել է Լինքոլնի ուրվականը:
Ուրվականը բազմիցս հայտնվել է նաեւ սովորական մարդկանց: Իբր` տարին մեկ, ապրիլին Վաշինգտոնից դեպի Սփրինգֆիլդ` Լինքոլնի սիրելի քաղաքը, անշտապ շարժվում է սգո ուրվական-գնացքը: Այն վագոնը, որտեղ բաց դագաղ է դրված, զարդարված է սգո ժապավեններով եւ դրոշներով: Համազգեստավոր մարդիկ դանդաղ ուղեկցում են գնացքը: Այնուհետեւ նախագահի ուրվականը կարելի է տեսնել իր իսկ գերեզմանի մոտ կանգնած…
Քենեդու կլանի անեծքը
1968 թ. Ջոն Քենեդու եղբայր Ռոբերտն իր թեկնածությունն էր դրել ԱՄՆ նախագահի ընտրություններում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա մի անգամ ասել էր. «Հաջողությունն այն է, ինչին դուք ինքներդ եք հասնում: Իսկ անհաջողությունն այն է, ինչն ինքն է ձեզ հասնում»:
Երկու շաբաթ անց Ռոբերտը գնդակահարվեց Լոս Անջելեսում: Նրա մարմինը տեղափոխող գնացքը վրաերթի ենթարկեց մի քանի հոգու` երկու կես անելով մի տղամարդու…
Սակայն Քենեդու կլանի անեծքն իրականում շատ ավելի վաղ էր սկսել գործել: 1940-ական թթ. ավիավթարում զոհվել էին Ջոն Քենեդիի ավագ եղբայրը եւ քույրը: Կրտսեր եղբայրը ջարդուխուրդ էր եղել, երբ նրա մեքենան ցած էր ընկել կամրջից: Նախագահի որդին` Ջոն Քենեդի-կրտսերը, Կենտրոնական Ամերիկայում շրջագայելիս ավտոմեքենայի տակ էր գցել մեքսիկացի մի տղայի, որը տեղում մահացել էր: 1976 թ. նախագահի մյուս որդին` Դեւիդը, հազիվ էր պրծել մահից, երբ հասարակական զուգարանում սեւամորթ թմրավաճառը դանակով հարձակվել էր նրա վրա: Երկու տարի անց մահը, այնուամենայնիվ, վրա էր հասել Դեւիդին. նրան մեռած էին գտել Ֆլորիդայում, Պալմ Բիչ հյուրանոցի համարներից մեկում…
«Секретные материалы»
Թարգմ.՝ ՍԵԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ
Խորագիր՝ #37 (1408) 22.09.2021 – 28.09.2021, Պատմության էջերից