Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԼրագրողի պատմածները

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Կռիվը թեժացել է

 

Պայքարը Լեռնային Ղարաբաղում` Ադրբեջանի հայաբնակ շրջանում, երեկ թեժացավ, թեպետ արտգործնախարարները համաձայնության էին եկել միջնորդել իրենց կառավարություններին` դադարեցնել կրակը:

Ադրբեջանի նախագահ Ա.Մութալիբովն իր համաքաղաքացիներին կոչ արեց՝ «համախմբվել մի բռունցքի մեջ` Ադրբեջանի ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար»:

ԱՊՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար, մարշալ Ե. Շապոշնիկովը 7000-անոց թուրքական զորքի զորաշարժը սահմանում որակեց որպես «անսովոր»: Ռուսաստանի արտգործնախարար Ա.Կոզիրեւը Թուրքիային կոչ արեց շրջահայաց լինել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրացմանն արձագանքելիս:

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին ու Հայաստանին կոչ արեց գործնականում դադարեցնել կրակը, ինչի վերաբերյալ ավելի վաղ համաձայնության էին եկել արտգործնախարարները, եւ նշեց, որ՝ «կարեւոր է այդ համաձայնությունները կյանքի կոչել տեղում»:

Ինչպես ռուսական, այնպես էլ հայկական քաղաքական գործիչները արտահայտվեցին ՄԱԿ-ի կամ ԱՊՀ խաղաղապահ ուժերի միջամտության օգտին, սակայն Ադրբեջանը մինչ օրս դրան համաձայնություն չի տվել: Վերջին չորս տարիների ընթացքում տարածաշրջանում զոհվել է ավելի քան հազար մարդ:

Ջոն Լլոյդ, Մոսկվա, «Ֆայնենշլ թայմզ», Անգլիա, 22-23.02.1992

 

Բաքուն դիմում է աննախադեպ դաժանության

 

Մեծ մասամբ հայերով բնակեցված, բայց Ադրբեջանի տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղում տեղային պատերազմը երկօրյա հարաբերական հանգստից հետո  դարձյալ ուժգնացավ: Հայկական հաղորդագրությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը չորեքշաբթի վաղ առավոտվանից անընդմեջ գնդակոծվում է հրթիռներով: Աղբյուրները նշում են քաղաքի վրա ընկած հրթիռների թիվը` 180: Զոհվել է առնվազն 20 մարդ, ավերվել են բնակելի տներ, դպրոցներ, գործարաններ` սա հայկական կողմի հաղորդումն է: Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ տուժել են նաեւ խորհրդարանի շենքն ու տեղի ռադիոկենտրոնը: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից հաղորդեցին. Շուշի քաղաքը, որն ընկած է Ստեփանակերտից հարավ, նույնպես գնդակոծվել է:

Հնարավոր է, որ մարտական գործողությունների այս բռնկումը սերտորեն կապված է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) (ներկայումս` ԵԱՀԿ) պատվիրակության` Ստեփանակերտից մեկնելու հետ: Վերջին շաբաթվա ընթացքում այդ պատվիրակության ներկայացուցիչները եղան Բաքվում եւ ծանոթացան իրադրությանը, այնուհետեւ բանակցություն վարեցին Լեռնային Ղարաբաղում, եւ ադրբեջանական զորքը, հնարավոր է, համարեց, որ անպատշաճ կլինի հենց այդ պահին գնդակոծել քաղաքը եւ դրանով իսկ վարկաբեկվել  միջազգային հանրության առաջ:

Բաքվում խիստ քննադատվում ու մերժվում է Եվրախորհրդարանի` վերջերս ի հայտ եկած, բայց ակտիվ հետաքրքրությունը բախումնային տարածաշրջանի հանդեպ: Ադրբեջանի արտգործնախարարության` չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ Բաքվի իշխանությունը «խորապես ափսոսում է» Եվրախորհրդարանի «միակողմանի հայացքի» առթիվ, որն «արտահայտված է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջերս ընդունված բանաձեւում»: Փաստաթղթում ասվում է, որ «այդ նուրբ հարցի վերաբերյալ արտահայտվելուց առաջ Եվրախորհրդարանը պետք է տեղում ծանոթանար իրականությանը եւ, ընդհանրապես, հետագայում պետք է հրաժարվեր տարբեր արշիններով չափելու պրակտիկայից»:

Եվրախորհրդարանի հիշյալ բանաձեւում Ադրբեջանը մեղադրվում է հայ բնակչության իրավունքները խախտելու մեջ:

Դեռ անցած աշնանը Բաքվի արտգործնախարարության ներկայացուցիչները ներկայանում էին որպես ծայրահեղ խաղաղասեր եւ փոխզիջման պատրաստ կողմ. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոսելիս գործածում էին կոշտ, բայց ոչ հրահրող արտահայտություններ:

Սակայն այժմ փոփոխություններ են եղել: Արտասահմանյան առաքելությունների, ինչպես, օրինակ, ԵԱՀԽ պատվիրակության կամ ԱՄՆ պետքարտուղար Բեյքերի կողմից «պատին դեմ տրվելու» մտավախությունը ադրբեջանական կառավարությանն ստիպում է դիմել ցայսօր նախադեպը չունեցող դաժանության: «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցներից մեկում պաշտպանության նախարար Հուսեյնովը (նա դեռ չի վերացրել իր ռուսականացված ազգանվան վերջածանցը) ասաց, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր տարածքներից եւ ոչ մեկից. «Մենք կստեղծենք մեր բանակն ու կազատագրենք ամբողջ Լեռնային Ղարաբաղը»:

Հավանաբար, աշխարհը վաղ թե ուշ կիմանա, թե Բաքուն ինչպես է պատկերացնում այն տարածքի «ազատագրումը», որը բնակեցված է բացառապես հակառակորդի կողմից:

«Նոյե Ցյուրխեր ցայտունգ», Շվեյցարիա, 21.02.1992, մասնակի կրճատումներով

 

Մոջահեդները կռվում են Ղարաբաղում

 

Ադրբեջանական բանակի կազմում նրանց մասնակցության մասին առաջին անգամ հաղորդեց ամերիկյան մամուլը: Բայց այժմ հանրապետությունում աֆղանցի վարձկանների ներկայության անժխտելի իրեղեն ապացույցներ ունի Լեռնային Ղարաբաղի մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը:

Հայ մարտիկների ձեռքը որպես ռազմավար ընկած փաստաթղթերը վկայում են. մոջահեդները օգնության են եկել Ջեբրայիլի եւ Ֆիզուլու շրջանների ադրբեջանցիներին: Ըստ տեղեկությունների՝ հակամարտության մեջ ընդգրկված են շուրջ մեկուկես հազար աֆղանցի վարձկաններ:

Ղարաբաղյան կողմի ռազմավարի թվում են՝ ռազմական ստորաբաժանումների շտաբների ու անձնակազմի ցուցակներ, հայրենիք չուղարկված նամակներ, պակիստանյան թերթեր, բառարաններ ու կրոնական գրականություն:

«Տուլա վեչերնյայա», Տուլա, 20.11.1993

 

Պատերազմը` մեկ պարբերությամբ

 

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհրդի շենքի առաջ տեղի ունեցավ 5 հազարանոց հանրահավաք, որի մասնակիցները պահանջեցին վճռական միջոցներ ձեռնարկել` Ստեփանակերտի բնակիչներին պաշտպանելու ամենօրյա ռմբակոծումներից, որոնք կատարվում են Շուշիից:

ԼՂՀ Հադրութի շրջանում ադրբեջանական բանակը զբաղեցրել է արդեն 20 գյուղ: Մայիսի 2-ին Հադրութում հրետակոծման հետեւանքով զոհվել է 3 բնակիչ:

Կապանի ներքին գործերի շրջանային բաժանմունքի տվյալներով՝ ադրբեջանական կողմը տարհանել է Կապանին սահմանակից շրջանի բոլոր գյուղերի բնակիչներին: Այդ միջոցները դիտարկվում են որպես ադրբեջանցիների հարձակման նախապատրաստություն:

Մշտական բախումների պատճառով սահմանագոտու բազմաթիվ հայկական գյուղերի բնակիչները չեն կարողանում կատարել գարնան դաշտային աշխատանքները: Առանց այն էլ սակավահող Հայաստանը փաստացի զրկվել է իր գյուղատնտեսական մշակելի տարածքի մի մասից:

«Զերկալո», 06.05.1992

 

Շոշ գյուղի յոթ զավակները

 

Բովուրխան լեռան գագաթն ասես հսկում են յոթ անվեհեր ազատամարտիկների գերեզմանները: Մեր աչքի առաջ շարժանկարի պես անցնում են նրանց ամբողջ կյանքը, նրանց կենսագրությունները` միմյանցից տարբեր ու միաժամանակ այդքան նման…

Ռոմա Սիմոնյան, Արմեն Իշխանյան, Սյոմա Հայրյան, Վարուժան Աբրահամյան, Գագիկ Իշխանյան, Գուրգեն Ծատրյան, Արտավազդ Գասպարյան… Նրանք քո յոթ զավակներն են, Շո՛շ… Ցավոք, նրանք այլեւս չեն խմելու Լալիկ աղբյուրի զուլալ ջրից, չեն քայլելու Շաղասար լեռան լանջերով, չեն մասնակցելու հարազատ օջախների վերականգնմանը… Նրանք դարձել են հիշողություն…

1992 թվական: Հունվարի 26: Վաղ առավոտյան Շոշ գյուղի զորանոցում զնգում է հեռախոսը: Հրամանատարը հայտարարում է տագնապ: Հաշված րոպեների ընթացքում վաշտը մեկնում է Քարինտակ: Ռոման ու Արմենը, ինչպես միշտ, սրամտություն ու կատակներ են փոխանակում:

…Գետի մյուս ափին, ժայռերի մեջ հանկարծ նկատեցին մի քանի թուրք զինվորների: Հարմար դիրք զբաղեցնելով` դիպուկ կրակով սպանեցին թշնամիներին եւ, առաջին հաջողությունից թեւ առած, առաջ գնացին: Բայց նրանց սպասում էր ծուղակը: Չհասցնելով մարտի մեջ մտնել` ինքնաձիգի կրակահերթից զոհվեցին Արմենը, Ռոման ու Սյոման … Մի քանի ժամ անց դարանակալ թուրքերը լիովին չեզոքացվեցին:

Վարուժան Աբրահամյանն ու Գագիկ Իշխանյանը զոհվեցին անցյալ տարվա հունիսին, մարտական դիրքում` թշնամու գյուղ մտնելը արգելելիս: Վարուժանն ավարտել էր Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: Երբ կամավոր ներկայացավ վաշտ, ընկերները կատակով ասացին.

-Վարուժա՛ն, ավտոմատը քեզ չի սազում, լավ կլիներ` սպասեիր հերկին…

-Առանց ավտոմատի մենք ոչ մի հերկ անել չենք կարող,- պատասխանեց նա:

Պատմում են, որ զոհվելու նախորդ օրը երազում տեսել է կնոջը` Մարիետային, ամբողջովին սեւ հագած:

Գագիկը բնավորությամբ Վարուժանի հակապատկերն էր` կատակասեր ու տաքարյուն: Նա հաճախ էր ասում.

-Ես քաղաքականությունից բան չեմ հասկանում, բայց մի բան հաստատ գիտեմ. քաջերի սահմանն իրենց զենքն է: Ի դեպ, դա գիտեր նաեւ Մովսես Խորենացին դեռ հինգերորդ դարում:

Թերեւս ամենադժվարը Գուրգենի մասին գրելն է: Մենք նույն թաղում ենք մեծացել, պահմտոցի խաղացել, մի կտոր հաց կիսել…

Գուրգենը մասնակցել է Քարինտակ գյուղի հերոսամարտին, թշնամու կրակակետերի ոչնչացմանը Մալիբեյլիում, Խոջալուում, Ղուշչուլարում, Շուշիի ազատագրմանը, Լաչինի միջանցքը բացելու գործողությանը, Ասկերանի պաշտպանությանը, Դագրազ ու Սառնաղբյուր գյուղերի ազատագրմանը…

-Դասակի հրամանատար Գուրգեն Ծատրյանը անվեհեր ու խիզախ ազատամարտիկ էր: Բոլոր մարտերում իրեն դրսեւորել է որպես գրոհի իսկական վարպետ: Գուրգենը մեր վաշտի հոգին էր,- պատմում է զոհվածի մարտական ընկեր Կարեն Ջավալյանը:- Գուրգենը չգիտեր, թե ինչ է վախը: Մարտերից մեկում մի քանի թուրքի պառկեցրեց, իսկ հետո սողալով մոտեցավ նրանց դիրքերին ու խրամատի մեջ մի քանի «լիմոնկա» շպրտեց:

Գուրգենի զոհվելուց մեկ ամիս էլ չէր անցել, երբ գյուղ հասավ մի նոր սեւ լուր` զոհվել է Արտավազդ Գասպարյանը…

Կամավորագրվելով գյուղի վաշտին` Արտավազդը դարձավ դրա ամենաբարեխիղճ ու կարգապահ մարտիկներից մեկը: Սկզբում հերթապահում էր դիրքերում: Հետո արդեն կրակի գծում… Եվ մարտական ընկերները գիտեին, որ ինչ էլ որ պատահի, Արտավազդն ընկերոջը չի լքի: Ճանաչելով նրա ամուր ու անկոտրում բնավորությունը` հրամանատարները նրան միշտ ուղարկում էին կատարելու ամենապատասխանատու առաջադրանքները:

Նա զոհվեց ընկերոջ կյանքը փրկելիս, Ներքին Հոռաթաղ գյուղի շրջակայքում, «Պուշկեն յալ» («թնդանոթի բլուր») կոչվող բարձունքը պաշտպանելիս…

Գարիկ Խաչատրյան, Ռուսլան Աբարյան, «Զով Արցախա»,  թիվ 3 (43), հունիս, 1993 թ.

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #37 (1408) 22.09.2021 – 28.09.2021, Ազգային բանակ


24/09/2021