ՏԵՂԵԿՈՒՅԹՆ ԸՆԿԱԼԵՔ ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման տեղեկատվական դաշտի վերահսկողությունն է` հոգեբանական օպերացիաների տեսանկյունից
– Պարո՛ն Մարգարյան, ռուս-չեչենական առաջին պատերազմի դասերը վերլուծելիս Դուք շեշտեցիք ռուսական որոշ լրատվամիջոցների բարոյալքող ազդեցությունը ռուսական հասարակության վրա: Ժողովրդավարության պայմաններում հնարավո՞ր էր բացառել դա:
– Զանգվածային լրատվության միջոցներն ունեն որոշակի սոցիալական գործառույթներ, որոնցից մեկը իրողության մասին տեղեկույթի տարածումն է: Անշուշտ, տեղեկույթը պետք է ճշմարտացիորեն արտացոլի իրականությունը: Սակայն պատերազմող երկրի տեղեկատվական դաշտի համար նախատեսված տեղեկույթի բովանդակության ձևավորման գործընթացում` նույնիսկ խոսքի ազատության պարագայում, չպետք է մոռանալ, որ հակառակորդը տեղեկութային ոլորտում ձեռնարկում է հոգեբանական օպերացիաներ: Մեր դեպքում` նույնիսկ զինադադարի պայմաններում:
– Եվ ի՞նչ է բխում դրանից:
– Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ելնելով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակից, պետք է հստակ գիտակցի, որ իրողությունը, ինչ խոսք, պետք է ներկայացվի օբյեկտիվորեն, սակայն ոչ առանց գիտակցական վերաբերմունքի, ներքին կարգապահության:
– Այսի՞նքն:
– Այսինքն` բարձր մակարդակի զգոնության դրսևորմամբ, այդ տեղեկույթի մանրամասն վերլուծությամբ, ինչը պետք է կատարվի մեզանից յուրաքանչյուրի և, հատկապես՝ լրատվական ծառայությունների կողմից, հաշվի առնելով տեղեկութային պատերազմի ոլորտում հակառակորդի խիստ ակտիվ ապակողմնորոշիչ միջոցառումները և այս տեսանկյունից մեր պետության ու հասարակության շահերը: Խոսքը վերաբերում է հակառակորդին տեղեկույթի պաշարով ապահովելու, նրան տեղեկույթով զինելու անթույլատրելիությանը: Չէ՞ որ հոգեբանական օպերացիաների հիմնական գործառույթներից մեկը հակառակորդի հասարակության քաղաքական ապակողմնորոշումն ու ապատեղեկացումն է: Հոգեբանական օպերացիայի տվյալ գործառույթի բաղադրիչներն են ճշմարտության փոփոխակումը, մտածողության կեղծ կարծրատիպերի ստեղծումը, համոզմունքների և դիրքորոշումների գաղտնափոխումը: ՈՒստի հասկանալի է, թե ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդին որոշակի տեղեկույթի «տրամադրումը»:
– Այսինքն` քաղաքացին պետք է ինքն իրեն հարց տա` արդյոք տվյալ տեղեկությունը ճշմարտությունն աղավաղելու նպատակ չի՞ հետապնդում, այո՞:
– Ոչ միայն: Բանն այն է, որ հոգեբանական օպերացիաների շրջանակներում իրացվող հաղորդումը կառուցվում է հակառակորդի ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հաղորդման նկատմամբ սկզբունքային հակադրությամբ: Հակառակորդի խաղաղ բնակչության և ԶՈՒ-ի անձնակազմի վրա տեղեկութահոգեբանական ներգործության արդյունավետությունը կախված է այն հանգամանքից, թե որքանով է տեղեկույթը վստահություն ներշնչում, այսինքն` որքանով է այն հիմնված ներգործությանը ենթարկվող կողմի տեղեկատվական դաշտում արծարծվող կոնկրետ փաստերի վրա: Իսկ այդպիսի փաստեր հակառակորդ կողմին կարող են տրամադրել մեր իսկ լրատվամիջոցները:
– Եւ դրանով իսկ վստահություն ներշնչել հակառակորդի քարոզչության նկատմամբ:
– Այո՛: Ուստի տեղեկատվական դաշտի սնումը ենթադրում է հաղորդվող նյութի համար անձնական պատասխանատվություն, այսինքն` դրա արդյունքները կանխատեսելու ընդունակություն:
– Ուզում եք ասել` քաղաքացին պետք է ձեռնպա՞հ մնա, օրինակ, բանակը քննադատելուց:
– Ո՛չ, քավ լիցի: Առողջ քննադատությունն անհրաժեշտ է և օգտակար: Բայց կա քննադատելու «տոնայնություն» և աստիճան, որը գերազանցելու դեպքում օգուտը վերածվում է վնասի: Սա շատ պարզ իրողություն է, որի նմանակը (անալոգը) կա նաև մարդկային հարաբերություններում. չափավոր քննադատությունը կարող է ուղղել մարդու ոչ ճիշտ վարքագիծը, իսկ խիստ քննադատությունը` ոչնչացնել նրա անհատականությունը, սասանել հավատը սեփական ուժերի նկատմամբ:
– Ըստ Ձեզ` վերջերս բանակում տեղի ունեցած հանցագործությունների առթիվ մեր ԶԼՄ-ներում պաշտպանության նախարարության հասցեին հնչած քննադատության տոնայնությունը և աստիճանը գերազանցո՞ւմ էին Ձեր նշած աստիճանը:
– Կարծում եմ` այո՛: Մեր ազգային բանակն իր կազմավորման գործընթացն սկսեց շատ բարդ իրավիճակում, և նրա կայացման ճանապարհին չէին կարող չծագել որոշակի դժվարություններ, որոնք այս կամ այն չափով բնորոշ են ցանկացած պետության ԶՈՒ-ին: Այնուամենայնիվ, այսօր մեր բանակի հզորության ցուցանիշներից մեկն է անձնակազմի բարոյական ոգու պատշաճ մակարդակը: Ինքնին հասկանալի է, որ չկշռադատված, անհատական վարկանիշային խնդիրների հետապնդմամբ տեղեկույթի ոչ ճիշտ մատուցումը կարող է ընկճել այդ ոգին:
-Հատկապես ի՞նչ թեմաներ շոշափելիս ԶԼՄ-ները պետք է զգույշ լինեն, ի՞նչ սկզբունքով առաջնորդվեն:
-Նախևառաջ չպետք է մոռանալ, որ զորքերի բարձր բարոյական ոգու ապահովման պրոբլեմը մեծապես կապված է այն փոփոխությունների հետ, որոնք կարող են հակառակորդի կիրառած հոգեբանական ներգործության հետևանքով տեղի ունենալ զինծառայողի աշխարհայացքային դիրքորոշումներում, հայրենիքի նկատմամբ իրենց պարտքի, հայրենասիրության և պատվի մասին նրանց ունեցած պատկերացումներում: ՈՒստի տեղեկատվական դաշտում շրջանառության մեջ դրված այն նյութերը, հաղորդումները, որոնցում անտեսված են հոգեբանական օպերացիաների տեսանկյունից բխող մի շարք պահանջներ, կարող են նպաստել հակառակորդի տեղեկութահոգեբանական ներգործության արդյունավետությանը` բացասաբար ազդելով ինչպես խաղաղ բնակչության, հատկապես` նախազորակոչային տարիքի երիտասարդության, այնպես էլ ԶՈՒ-ի անձնակազմի վրա:
-Համաձայնեք, որ «շարքային» լրագրողի և քաղաքացու համար դժվար է որոշել քննադատության Ձեր նշած աստիճանը: Ուրեմն ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը:
– Տեղեկատվական դաշտի սնումը մի խնդիր է, որը պահանջում է պետական մոտեցում: Պատահական չէ, որ, օրինակ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության համակարգում հասարակական հարաբերությունների ոլորտում աշխատում է մի քանի հազար մարդ, որոնք պատասխանատու են բանակ-հասարակություն հարաբերությունների ձևավորման համար: Նշենք, որ մեզ մոտ արդեն իսկ մշակվել ու հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրային իրազեկման հայեցակարգը»: Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող բարդ ռազմաքաղաքական իրավիճակը և այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավարտել է տեղեկութային պատերազմի վարման պետական կառույցների ձևավորման աշխատանքը և անցել կազմակերպված լայնածավալ տեղեկութահոգեբանական գրոհի, այսօր մեր պետությունից պահանջում են մշակել և զարգացնել հակազդման համարժեք մեխանիզմներ:
– Ձեր նախորդ հոդվածում Դուք խոսում էիք նաև տեղեկութահոգեբանական ներգործության նկատմամբ հասարակության «դիմադրողականության» մասին: Ուրեմն` հոգեբանական պատերազմում հասարակությանը, շարքային քաղաքացուն նույնպես ինչ-որ դեր է վերապահված:
– Անկասկած: Անձնակազմի բարձր բարոյական ոգու, նրա բարոյահոգեբանական կայունության ապահովումը ոչ այլ ինչ է, եթե ոչ` պաշտպանական բնույթի միջոցառումների մի համալիր, որն ուղղված է անձնակազմի մեջ հակառակորդի մատուցած տեղեկույթի քննադատական ընկալման ընդունակության ձևավորմանը: Իրենց մեջ այդ ընդունակությունը զարգացնելն էլ հենց յուրաքանչյուր քաղաքացու և հասարակության պարտականությունն է:
Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Ռազմական