ՍԱԿՐԱՎՈՐԸ
Հայկական բանակի կազմավորման տարեգրության մեջ իր նշանակալի տեղն ունի կադրային սպա կապիտան Համլետ Լալազարի Մինասյանը։ Ծնվել է 1958թ. հունիսի 8-ին, Թուրքմենիայի հարավային սահմանամերձ Մարա քաղաքում։ Ծնողները Գորիսի շրջանի Հարջիս եւ Վերիշեն գյուղերից են։ 1973թ. ավարտել է Երեւանի թիվ 62 միջնակարգ դպրոցը, իսկ 1979թ. Ուկրաինայի Կամենեց Պոդոլսկի բարձրագույն ռազմական ինժեներական ուսումնարանը, ստացել է «լեյտենանտ-ինժեների» զինվորական կոչում եւ իր ծառայությունն անցկացրել է Էջմիածնում, Նախիջեւանում, Վլադիկավկազում (Օրջոնիկիձե), Հեռավոր Արեւելքի Կամչատկայի եւ Սախալինի երկրամասերում։
1988թ. սկսած` ազգային-ազատագրական պայքարը Արցախում, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում տիրող պատերազմական վիճակը շատ էին անհանգստացնում Համլետին, եւ նա կնոջ եւ տղայի՝ Արսենի հետ կամավոր 1990թ. վերադառնում է Հայաստան։ Աշխատելով Երեւանի ամրանների գործարանում` զուգահեռաբար պարապմունքներ էր անցկացնում նոր կազմավորվող կամավորական ինքնապաշտպանական ջոկատներում (ԿԻՋ), պատրաստելով 80-ից ավելի ինժեներական հետախույզներ՝ ականազերծման եւ ականապատման մասնագետներ։
1991թ. հուլիսի 24-ին Համլետ Մինասյանը, համաձայն իր դիմումի, ընդունվում է ՀՀ կառավարությանն առընթեր Պաշտպանության կոմիտե եւ նշանակվում հետախուզության վարչություն ավագ մասնագետ՝ ամբողջությամբ նվիրվելով ԿԻՋ-երի ուսուցմանը դիրքերում։ Համլետը մեծ համբավ էր վայելում՝ ուսուցանում թե՛ ԽՍՀՄ եւ թե՛ արտասահմանյան արտադրության ականների կիրառությունը, օբյեկտների պայթեցման հաշվարկների կարգը, ականների հայտնաբերման, տեղադրման եւ ոչնչացման մասնագիտությունը։ Նրա ուսուցանած մասնագետ-ականորդները չեն տուժել կամ զոհվել ականներից։
1991թ. դեկտեմբերի 6-ին նա ետ է կանչվում գործուղումից եւ նույն օրը գործուղվում Շահումյանի շրջան՝ տեղի ԿԻՋ-ի հրամանատար Շահեն Մեղրյանի տրամադրության տակ։ Իրականացնելով նախապատրաստական աշխատանքներ Էրքեջ եւ Թոդան բնակավայրերի տարածքում, որպեսզի ԿԻՋ-երը անցնեն հարձակման եւ ազատագրեն Մանաշիդ, Բուզլուխ, Կամո եւ Ազատ գյուղերը, Համլետը երեք տղաների հետ ականազերծում է նշված ուղղությունները եւ մասնակցում է հարձակողական մարտին։ Հակառակորդը դիմադրելով տալիս է զգալի կորուստներ, սակայն թաքստոցից թշնամու վիրավոր ավտոմատավորը մահացու վիրավորում է Համլետին, Դավիթ Սրապյանին եւ Մերուժան Սարգսյանին, որոնք դեկտեմբերի 10-ին մահանում են շրջհիվանդանոցում։
Համլետն ընդամենը 33 տարեկան էր` անվախ, առողջ եւ կենսախինդ երիտասարդ։ Ծնողների ցանկությամբ նրա աճյունը հուղարկավորվեց Քանաքեռի գերեզմանոցում: Կիսանդրին դրվեց «Մայր Հայաստան» պատմամշակութային թանգարանում:
Համլետ Լալազարի Մինասյանը պարգեւատրվել է «Արիության» մեդալով։
ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
գնդապետ