ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԱՆՑՆԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Հարց. 30 տարեկան եմ, ունեմ կապիտանի զինվորական կոչում և զինվորական ծառայության 12 տարվա ստաժ: 2009-2010թթ. ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ եմ եղել: 2010թ. հուլիս ամսին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել եմ ազատազրկման 3 տարի ժամանակով: Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պաշտպանության նախարարի հրամանով զորացրվել և արձակվել եմ պահեստազոր: 2011թ. հուլիս ամսին պայմանական վաղաժամկետ ազատվել եմ պատժի հետագա կրումից: Ցանկանում եմ կրկին անցնել զինվորական ծառայության: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ:
Կ.Դ.
Պատասխան. Հարգելի պարոն կապիտան, պաշտպանության նախարարի հրամանով Դուք զորացրվել և արձակվել եք պահեստազոր «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 51-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերի հիմքով, ըստ որի` քաղաքացին զինծառայությունից արձակվում է, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ ազատության սահմանափակմամբ այլ պատժի կամ զրկվել է զինվորական կոչումից:
Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պայմանագիր չի կարող կնքվել պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած այն քաղաքացիների հետ, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն, նախաքննություն, դատական քննություն, ովքեր դատապարտվել են հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված է, որ դատվածությունը մարվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ` պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո: Նույն հոդվածի 5-րդ մասով ամրագրված է, որ եթե անձն օրենքով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը և լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու պահից:
Նկատի ունենալով, որ Դուք պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել եք 2011թ. հուլիս ամսին, Ձեր դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է նշված ժամանակից, հետևաբար, Ձեր դատվածությունը ամբողջովին մարված կհամարվի միայն 2014 թվականի հուլիս ամսին, ինչը ենթադրում է, որ Դուք մինչև 2014 թվականի հուլիս ամիսը չեք կարող անցնել զինվորական ծառայության:
Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Սոցիալ-իրավական